«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2006-09-15 | #177, 2006-09-16 | #178, 2006-09-19


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ԵԱՀԿ-ԻՑ ՄԱԿ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ ԿԱՐՈՂ Է ՓՈԽԵԼ ՀՀ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցիՙ ԵԱՀԿ ձեւաչափից ՄԱԿ տեղափոխելու միտումների ուժեղացման դեպքում հայկական կողմը կվերանայի իր ռազմավարությունը: «Ռեգնում» գործակալությանը նման հայտարարություն է արել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, նման դեպքում պետք է լսելի լինի Լեռնային Ղարաբաղի ձայնըՙ ընդ որում, դեպքերի նման զարգացումները կպարտադրեն Հայաստանին փոխել ռազմավարությունն ու մարտավարությունը: Մյուս կողմից, քանի դեռ չկա բանաձեւը, կարիք չկա խոսել դրա մասին: Հարցը մտել է ՄԱԿ-ի օրակարգ, սակայն այն դեռ բանաձեւ չէ, թեեւ վերտառված է «իրավիճակն Ադրբեջանի գրավյալ տարածքներում»:

Հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրդեհների առնչությամբ ՄԱԿ-ի օրակարգ մտած այս բանաձեւի նախագիծն իր վերտառության համար ընդունելի չէր Հայաստանի համար, թեեւ բովանդակությամբ էկոլոգիական իրավիճակը շտկելու լավ ցանկություններ էր պարունակում: Հետաքրքրական է, սակայն, որ Արմեն Մարտիրոսյանը չի պարզաբանել, թե իրերի նույն դրության եւ միտումների պահպանման դեպքում ի՞նչ ուղղությամբ եւ ինչպե՞ս կփոխվեն Հայաստանի մարտավարությունն ու ռազմավարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Եվ այն ժամանակ, երբ Հայաստանը դեռեւս խոսում է ՄԱԿ-ի օրակարգ մտած բանաձեւի մասին, Ադրբեջանը հայտարարում է թուրքական աշխարհն իր քաղաքական, տնտեսական, մշակութային ներուժով միավորելու մասին: Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերն էլ հայտարարում է, թե թույլ չեն տա «Ադրբեջանի տարածքում երկրորդ հայկական պետության ստեղծումը»:

Հետաքրքրական է, թերեւս սեփական հոր խմբագրած պատմության դասագրքերի՞ց է ծանոթացել Ադրբեջանի տարածքում հայկական առաջին պետության գոյության մասին, որ հիմա էլ մտահոգված է երկրորդի ստեղծմամբ: Գուցե թե վաղուց ժամանակն է խոսելու ոչ թե երկրորդ հայկական պետության, այլ ուղղակի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4