«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2006-09-15 | #177, 2006-09-16 | #178, 2006-09-19


ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ 3-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ

Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյան,

Տիկնայք եւ պարոնայք,

Սիրելի հայրենակիցներ

Շատ նշանակալից է, որ այսպիսի համաժողովները դառնում են հայության կյանքի բնականոն երեւույթ: Դրանք հնարավորություն են տալիս առանձնապես սուր կերպով զգալու մեր պատկանելությունը աշխարհասփյուռ, բայց միասնական մեր ժողովրդին:

Նշանակալից է նաեւ այն, որ ընդհանուր խոսակցություններից` նույնիսկ այս համաժողովների մակարդակում, մենք արդեն անցնում ենք կոնկրետ խնդիրների ձեւակերպմանը եւ, հուսով եմ, դրանց լուծմանը: Դրանով է բացատրվում ներկա համաժողովի գործնական տրամադրվածությունը, որը նպատակաուղղված է հայոց պետության եւ մեր ժողովրդի համար խիստ կարեւոր` Հայաստանի գյուղական համայնքների եւ առաջին հերթին սահմանամերձ ու բարձրլեռնային գյուղերի համակողմանի զարգացմանը, հանրապետության գյուղական շրջաններում աղքատության հաղթահարման խնդրի լուծմանը:

Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը որոշակի պարտավորություններ են ստանձնել այդ համազգային ծրագրի իրագործման ուղղությամբ: Անձամբ ես պարտավորվում եմ սեփական ներդրմամբ մասնակցել այս կարեւոր ազգային ծրագրին:

Նայելով հետ, մենք պետք է ասենք, որ Հայաստանի եւ Արցախի հարաբերությունների էվոլյուցիոն զարգացման մեջ նկատվում են մի շարք ձեռքբերումներ: Այսպես, ղարաբաղյան շարժման սկզբում եւ Հայաստանի անկախության վերականգնումից հետո Սփյուռքը ամենատարբեր ձեւերով օգնություն է ցուցաբերել պատմական հայրենիքին եւ Ղարաբաղին:

Առաջին եւ երկրորդ համաժողովները նպաստեցին Հայաստանի եւ Սփյուռքի հարաբերությունների զարգացմանը Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած կարեւորագույն խնդիրների լուծման համատեքստում, այն է` Հայաստանի սոցիալ-տնտեսական մակարդակի բարձրացումը, աղետի գոտու վերականգնումը, դպրոցների համակարգչավորումը, միջազգային ընկերակցության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դրա հետեւանքների վերացման, ինչպես նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական լուծման համար պայքարի ակտիվացումը:

Համաշխարհային հայկական կոնգրեսը եւ Ռուսաստանի հայերի միությունը, ինչպես նաեւ հայկական շատ համայնքներ, Սփյուռքի հասարակական կազմակերպություններ, քաղաքական կուսակցություններ ակտիվորեն մասնակցել են այդ հիմնախնդիրների լուծմանը: Կարելի է թվարկել ականավոր հայերի անուններ, ովքեր անձնապես մասնակցել են Հայաստանի Հանրապետության ենթակառուցվածքների զարգացման մասշտաբային ծրագրերի իրագործմանը, դպրոցների, բժշկական հիմնարկների ստեղծմանը, կուլտուր-լուսավորչական հաստատությունների զարգացմանը:

Ըստ արժանվույն գնահատելով կատարվածը, այնուամենայնիվ այս համաժողովում մենք պետք է պատասխանենք մի շատ կարեւոր հարցի. համապատասխանո՞ւմ են արդյոք Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները այն մարտահրավերներին, որոնք այսօր սպառնում են հայոց պետականության եւ մեր ժողովրդի ապագային: Այդ հարցին, ցավոք, միանշանակ կարելի է պատասխանելՙ ո՛չ, չե՛ն համապատասխանում: Համաշխարհային հայության, հայկական համայնքների ներուժը նշանակալի է, սակայն այդ ներուժն արդյունավետ չի օգտագործվում:

Դա առաջին հերթին կապված է այն բանի հետ, որ չնայած առանձին անհատների, կուսակցությունների եւ կազմակերպությունների ազնվաբարո եւ ծավալուն գործունեությանը, այնուամենայնիվ որակական տեղաշարժ չկա: Այսօր հայերը բախվում են առավել լուրջ մարտահրավերների, քան Հայաստանի անկախության վերականգնման եւ ղարաբաղյան պատերազմի տարիներին: Այսօր խնդիրն այն է, որ ձեռքբերված անկախությունը պետք է պահպանել, իսկ ռազմական հաղթանակի արդյունքներն ամրապնդել քաղաքականապես եւ դիվանագիտորեն:

Մեր այս համաժողովը տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի շուրջը լարվածության ուժգնացման պայմաններում: Վերջին ժամանակներս Ադրբեջանում ուժեղացել է «մրցակցությունը» պաշտոնական իշխանության եւ ընդդիմության գործիչների միջեւ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներխուժելու առաջնության դափնիների համար: Լեռնային Ղարաբաղը ուժով կուլ տալու պահանջը հռչակվում է ազգի միավորման հիմք: Իշխանության եւ ընդդիմության հավանությամբ ավելանում են բանակի սպառազինության ծախսերը, այլ երկրներից հավաքագրվում են զինվորական մասնագետներ, բանակցություններ են տարվում թուրքական բանակի գլխավոր շտաբի հետ համատեղ գործողությունների վերաբերյալ:

Սահմանամերձ գյուղերում տարբեր զորատեսակների լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացվում նշանառության թիրախ վերցնելով Լեռնային Ղարաբաղը: Երկրի նախագահը հայտարարում է, թե Հայաստանին մի վերջին հնարավորություն է տրվում Ադրբեջանի վերջնագրային պայմանները կամավոր ընդունելու: Այդ ռազմատենչ հիստերիայի բորբոքման գագաթնակետը դարձավ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշյուքուր Փաշազադեի հայտնի հայտարարությունը Հայաստանի դեմ ջիհադի մասին:

Ակնհայտ է դառնում, որ զենք շաչեցնող Ադրբեջանի գործիչները եւ դրանց արտասահմանյան հովանավորները գտնվում են միջպետական հիմնախնդիրների լուծման նախնադարյան պատկերացումների գերության մեջ: Ըստ էության, նրանք ժխտում են արդարության եւ իրավունքի հիմքի վրա այդ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հնարավորությունը:

Եկել է ագրեսիվ հարեւանից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար համաշխարհային ահազանգ հնչեցնելու ժամանակը: Ադրբեջանի գործիչների ցուցադրական ռազմատենչության եւ հակամարտության կարգավորման հանրաճանաչ իրավական հիմքերի ժխտման պայմաններում Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը կանգնած է Լեռնային Ղարաբաղի մեր եղբայրների անվտանգության ապահովման գործուն միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության առջեւ:

Կցանկանայի ընդգծել եւ այն, թե մեր կարծիքով ինչպիսի քայլեր են անհրաժեշտ ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման հիմնախնդրի լուծման համար: Այն միջոցներով եւ տեմպերով, որոնցով այսօր փորձ է արվում լուծելու այդ հարցը, հնարավոր չէ ասել, թե երբ դրանք կհանգեցնեն եւ կամ երբեւէ կհանգեցնե՞ն արդյոք ցանկալի արդյունքի: Չնսեմացնելով ցեղասպանության փաստի ճանաչման առանձին ակտերի նշանակությունը, այդ գործընթացը չի կարող ավարտվել այդ հանցագործության համար պատասխանատվության միջազգային-իրավական եզրակացությամբ: Ակնհայտ է, որ դրա համար միակ հնարավորությունը կա՛մ իրավասու միջազգային համաժողովի որոշումն է, կա՛մ միջազգային դատարանի վճիռը: Այդ հարցի լուծումը մինչ անսահմանություն ձգելը չի բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ այն մեծ տերությունների շահերից, որոնք հայտնվել են երկակի վիճակում:

Համաշխարհային հայկական կոնգրեսին կից ստեղծված փորձագիտական խումբը երաշխավորել է Հայաստանի կառավարությանը, ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժի մասին կոնվենցիայի 9-րդ հոդվածի հիմքով դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան:

Միջազգային դատարան դիմելը չի կարող դիտվել որպես թշնամական գործողություն եւ Հայաստանի համար առաջ բերել բացասական քաղաքական հետեւանքներ: Ընդհակառակը, դա կօգնի գտնելու, վերացնելու այն հարցը, որը տասնամյակներով մթագնել է Թուրքիայի հետ հարաբերությունները:

Այդ առաջարկությունը արժանանում է մի շարք հայ եւ արտասահմանյան մասնագետների հավանությանը: Նրանք սպասում են պատասխանի, որպեսզի ձեռնամուխ լինեն հիմնական աշխատանքի` դատարանին գրագետ դիմումի տեքստի շարադրմանը:

Ցավոք, մեր առաջարկության պատասխանը առ այսօր չենք ստացել: Հարցը, ըստ երեւույթին, դեռեւս քննարկվում է արտաքին գործերի նախարարությունում:

Հայաստանում ստեղծված իրավիճակը, Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ միջազգային իրադրությունն ամբողջությամբ վստահության հիմք չեն տալիս, որ ազգի համար այնպիսի հարցեր, ինչպիսիք են հայոց պետականության պահպանումն ու ամրապնդումը, ղարաբաղյան հիմնահարցի դիվանագիտական ու քաղաքական լուծումը, համաշխարհային ընկերակցության կողմից ցեղասպանության ճանաչումը եւ դրա հետեւանքների հաղթահարումը, Հայաստանի վերածումը տարածաշրջանի կայուն զարգացման գործոնի եւ մի շարք այլ` ոչ պակաս կարեւոր խնդիրներ կարող են հեշտությամբ ինքնըստինքյան լուծվել:

Մերձավորարեւելյան անկայուն գոտուն հարող տարածաշրջանում ստեղծվել է արտակարգ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ: Այստեղ բախվում են հզոր արտաքին ուժեր, որոնք սպառնում են այդ տարածաշրջանը վերածել անկայունության գոտու:

Դա տեղի է ունենում այնպիսի պայմաններում, երբ Թուրքիան նախկինի պես Հայաստանի հետ գտնվում է «սառը պատերազմի» վիճակում: Նա, Ադրբեջանի հետ, շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, իրականացնում է մեր հանրապետության շրջափակումը: Ադրբեջանը անսպասելիորեն կարող է խախտել զինադադարը եւ վերսկսել ռազմական գործողությունները:

Հայաստանի հարավային հարեւանը` Իրանը, գտնվում է Միացյալ Նահանգների հզոր ճնշման տակ, որը հեռանկարում կարող է ապակայունացնել այդ երկիրը, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով Հայաստանի եւ ողջ աշխարհի համար: Վրաստանում եւ Ադրբեջանում ուժգնանում է մրցակցությունը եւ դիմակայությունը Վաշինգտոնի եւ Բրյուսելի միջեւ` մի կողմից, եւ Մոսկվայի` մյուս կողմից: Այդ ամենն իր ամբողջության մեջ հանգեցնում է այն բանին, որ ըստ երեւույթին Հայաստանը դեռեւս երկար ժամանակ չի կարող արտասահմանյան ներդրումների համար լինել գրավիչ երկիր:

Հայոց պետությունը եւ հայ ժողովուրդը չեն կարող հաշվի չնստել այդ մարտահրավերների հետ: Միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը միայնակ ի վիճակի չէ հաղթահարել այդ հիմնախնդիրները, անկախ այն բանից, թե ինչ կուսակցություն եւ ինչ լիդեր է այսօր գլխավորում հանրապետությունը: Ոչ ոք ի վիճակի չէ միայն ներքին ուժերով եւ ռեսուրսներով գլուխ հանել, հաղթահարել մեր Մայր հայրենիքի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերները:

Այդ պատճառով էլ անհրաժեշտ է դառնում հաստատագրել, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր ռեսուրսներից մեկը Սփյուռքն է: Այդ մասին ասել են անկախ Հայաստանի բոլոր ղեկավարները: Սփյուռքի ներուժը, ցավոք, օգտագործվում է անարդյունավետ: Եվ գլխավոր պատճառն այն է, որ վերջին 14 տարիներին, անկախության ձեռքբերման պահից ի վեր, այդպես էլ չստեղծվեցին արդյունավետ կազմակերպական կառույցներ, որոնք կկապեին ինչպես առանձին համայնքներ միմյանց հետ, այնպես էլ Հայաստանը Սփյուռքի հետ ամբողջությամբ: Առանց այդպիսի կառույցների անհնար է արդյունավետ մեկտեղել ազգի քաղաքական, ֆինանսական, տեղեկատվական եւ մյուս ռեսուրսները: Ո՛չ Հայաստանի իշխանությունները, ո՛չ Սփյուռքի կազմակերպությունները նույնիսկ լուրջ փորձ չեն ձեռնարկել ստեղծելու ազգի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ համակարգող կառույցներ:

Հայաստան-Սփյուռք երկրորդ համաժողովից հետո Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ ստեղծվեց Համաշխարհային հայկական կոնգրեսը, որն իր առջեւ նպատակ է դրել նպաստել ազգային շահերի շուրջը հայության համախմբման գործընթացի արագացմանը: Կազմակերպությունը կայացման լայն ճանապարհ է դուրս եկել եւ մի շարք բնագավառներում հասել է լուրջ հաջողությունների: Իհարկե, մեր հաջողությունները կրկնապատիկ կլինեին, եթե Հայաստանի իշխանությունները, Սփյուռքի կազմակերպություններն իրենց հնարավորությունների սահմաններում աջակցեին այդ կառույցի կայացմանը:

Փորձը ցույց է տալիս, որ ինչքան էլ ուժեղ լինեն համայնքային կամ վերհամայնքային կազմակերպությունները, այնուամենայնիվ հայության համախմբման գործում գերագույն պատասխանատվությունն ու դերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Ուստի Հայաստանի եւ Սփյուռքի բազմակողմանի փոխհարաբերությունները համակարգող համապատասխան պետական կառույցի ստեղծման գործում եւս որպես գլխավոր դերակատար պետք է հանդես գա Հայաստանի Հանրապետությունը: Մի բան, որը դեռեւս չի արվում:

Ես չէի ցանկանա հանդես գալ դատավորի դերում, կշտամբել այստեղ ներկա Սփյուռքի քաղաքական կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին կամ քննադատել Հայաստանի իշխանություններին: Ես դա նշում եմ որպես ափսոսանքի արժանի փաստ: Ակնհայտ է, որ այդպես երկար չի կարող շարունակվել: Մենք կորցնում ենք մեր դիրքերը տարածաշրջանում, մենք չենք լուծում մեր հիմնախնդիրները միջազգային ասպարեզում, մենք չենք ապահովում մեր երիտասարդության ապագան, նրա համար չենք ստեղծում բարենպաստ հեռանկարներ, թեեւ մեր պետության եւ ժողովրդի համար կենսականորեն կարեւոր է, որպեսզի երիտասարդությունը մնա մեր հայրենիքում, ապահովված լինի աշխատանքով, ունենա բարեկեցության եւ ապահովվածության երաշխիքներ:

Վաղուց հասունացել է մի այնպիսի կազմակերպչական կառույցի ստեղծման անհրաժեշտությունը, որը կարողանար համակարգել Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի համատեղ գործողությունները, որոշել համազգային նպատակները եւ խթանել ռեսուրսների հավաքագրումն ու համախմբումը: Վաղուց արդեն հասունացել է նաեւ հայոց պետության եւ Սփյուռքի ընդհանուր ջանքերով համազգային ծրագրի մշակման հրատապ անհրաժեշտությունը, որը կորոշեր Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության, զարգացման գլխավոր գերակայությունները եւ աշխարհասփյուռ հայկական համայնքների զարգացման գլխավոր ուղղությունները:

Թեեւ խիստ կարեւոր է այն, ինչը մենք այժմ անում ենք անջատ-անջատ, սակայն մենք չենք կարող գլուխ հանել համաշխարհային խնդիրներից առանց մեր ջանքերի միավորման: Ես կցանկանայի այս համաժողովում առաջարկել ինչպես հայկական իշխանություններին, այնպես էլ Սփյուռքի ներկայացուցիչներին ստեղծել անհրաժեշտ կազմակերպական կառույցներ եւ սկսել համազգային ծրագրի մշակումը Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի փորձագետների մասնակցությամբ` անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաեւ համապատասխան միջազգային կառույցների փորձագետների:

Դրա հետ մեկտեղ մենք կարող էինք ձեռնամուխ լինել այդ համազգային ծրագրի իրագործման ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծմանը:

Համոզված եմ, որ միայն այդ կերպ յուրաքանչյուր համայնք, յուրաքանչյուր հայ, որտեղ էլ ապրի, կկարողանա մասնակցել այն խնդիրների լուծմանը, որոնց այսօր բախվում են մեր Մայր հայրենիքը եւ հայկական համայնքներն աշխարհում ամենուր:

Մեր ժողովրդի ապագայի համար այդ քայլերի հրատապությունը հաստատվում է այն ամենով, ինչ տեղի է ունենում մեր աչքերի առաջ: Մենք եղել ենք ականատեսները Իսրայելի կողմից Լիբանանի տարածքի կործանարար ռմբակոծությունների: Մեզ հուզում է մեր հայրենակիցների վիճակը, ովքեր դարձել են այդ իրադարձություններից տուժողներ: Դրա համար էլ ժամանակին պետք է մտածենք, թե ինչ կարող է տեղի ունենալ այս կամ այն տարածաշրջանում, ինչպիսին կարող են լինել Հայոց պետության, համաշխարհային հայկական ընկերակցության քայլերը: Այդ հարցերը պետք է քննարկվեին վաղօրոք, դրանց վերաբերյալ պետք է ընդունվեին որոշումներ, այդպիսի իրադարձությունները պետք էր կանխատեսել, որպեսզի դրանք հանկարծակիի չբերեին մեզ: Մենք այնքան շատ չենք, որպեսզի թույլ տանք, որ զոհվեն անմեղ հայերը, վնասվեն մեր ազգի տնտեսական եւ քաղաքական հնարավորությունները:

Կամ, օրինակ, Իրանի շուրջը տեղի ունեցող իրադարձությունները, մի երկիր, որի կայունությունը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար:

Այնտեղ շատ վաղուց ապրում է մեծ հայկական համայնք: Նշանակալի չափով այդ երկրով է անցնում մեր «կյանքի ճանապարհը» դեպի արտաքին աշխարհ: Մեզ պետք է վաղօրոք նախապատրաստվել այդ տարածաշրջանում իրադարձությունների ամեն տեսակի զարգացմանը: Եթե այդ երկրում տեղի ունենա իրադրության ապակայունացում, Աստված մի արասցե, ապա Հայաստանի համար հետեւանքները կլինեն աղետալի, քանի որ արմատապես կփոխվի տարածաշրջանի ողջ աշխարհաքաղաքականությունը:

Օրինակները կարելի է շարունակել: Անկայուն է իրավիճակը նաեւ Վրաստանում, նույնպես մի երկիր, որն ապահովում է Հայաստանի համար «կյանքի ճանապարհ»: Մենք գիտենք այդ երկրի եւ Ռուսաստանի բարդ հարաբերությունների, այստեղ մեծ տերությունների դիմակայության բնույթի մասին: Եվ դա էլ Հայոց պետությունից, ողջ հայությունից պահանջում է համահայկական դիրքորոշումներ այն հաշվով, որպեսզի օգտագործվեն ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ ողջ հայ ժողովրդի ներուժը, որպեսզի համարժեք արձագանքենք իրական եւ հնարավոր մարտահրավերներին:

Ցավոք, մենք չենք տեսնում, որ Հայաստանի պետական կառույցները, նրա քաղաքական առաջնորդներն իրականացնեին նպատակաուղղված, հետեւողական աշխատանք Սփյուռքի ռեսուրսների կազմակերպման, համակարգման եւ համախմբման ուղղությամբ, ծագած մարտահրավերները դիմագրավելու ուղիների համատեղ որոնման համար: Ավելին, մենք հաճախ բախվում ենք համայնքային կազմակերպությունների նկատմամբ հայկական իշխանությունների քամահրանքի ցուցադրական դրսեւորումներին: Դա վնաս է հասցնում կազմակերպությունների հեղինակությանը, որոնք գործում են Սփյուռքում: Սակայն դրանից առաջին հերթին տուժում է ինքը` Հայաստանի Հանրապետությունը:

Կարծում եմ, որ Հայաստանում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների նախօրեին համաշխարհային հայությունը պետք է գիտակցի պահի լրջությունը, մարտահրավերների մասշտաբները եւ համարժեք քայլեր ձեռնարկի ինչպես ազգային գերակայությունների մշակման, այնպես էլ անհրաժեշտ կազմակերպական կառույցների ստեղծման առումով:

Ավարտելով ելույթս, շնորհակալություն եմ հայտնում Հայաստան-Սփյուռք III համաժողովի կազմակերպիչներին, ցանկանալով նրանց եւ ներկա համաժողովի բոլոր մասնակիցներին նորանոր հաջողություններ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4