Ըստ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի, գոնե երեք հարցում կարող ենք միավորվել բոլորս
Յուրաքանչյուր հայկական կազմակերպության եւ յուրաքանչյուր հայի համար կան մի քանի հարցեր, որ կարող են հայությանը միավորել: Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կարծիքով, դրանք են` Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացումը, ղարաբաղյան հարցի միջազգայնորեն ընդունված նորմերի համաձայն կարգավորումը, Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դրա հետեւանքների վերացման խնդիրները:
Շաբաթ օրը` սեպտեմբերի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսի եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի ու Ռուսաստանի հայերի միության կատարած աշխատանքները ներկայացնող «Հայաստան - Սփյուռք խորհրդաժողովից խորհրդաժողով» հրատարակության շնորհանդեսի ժամանակ Արա Աբրահամյանը նշեց, որ այս երկու կազմակերպություններն, ուժերի համեմատ, բավականին աշխատանք են կատարել: «Ամենակարեւոր հարցը, որ դրված է ՀՀԿ առջեւ, ցեղասպանության հարցն է: Մոսկվայի Միջազգային իրավունքի եւ քաղաքագիտության հայկական ինստիտուտը հրատարակել է ցեղասպանությանը նվիրված եռահատոր աշխատություն, որում առաջին անգամ իրավաբանորեն ձեւակերպված է, թե ո՞ւր պիտի գնանք եւ ի՞նչ ճանապարհով»:
Աշխատությունն իր բնույթով եզակի է, քանի որ, Արա Աբրահամյանի խոսքերով, միասին աշխատել են ոչ միայն ինստիտուտի աշխատողները, այլեւ մոտ երկու տասնյակ երկրների ավելի քան 20 փորձագետներ, եւ աշխատությունում ընդգրկված են 15 միջազգային իրավաբանների եզրակացություններ: Դրա հիման վրա Հայաստանի իշխանություններին է ներկայացվել հարցի լուծման որոշակի մեխանիզմ` միջազգային դատարան դիմելու տարբերակով: Հատկանշական է, որ հիշատակված եռահատորյակում կան առաջին անգամ հրապարակված նյութեր տարբեր պետությունների մինչ օրերս փակ արխիվներից:
ՀՀԿ-ն եւ ՌՀՄ-ն շարունակել են նաեւ «Հայաստանի եւ Արցախի դպրոցների համակարգչայնացմանը` համազգային հոգածություն» նախաձեռնության իրականացումը` ինստիտուտներին, դպրոցներին, բանակին նվիրելով հազարավոր համակարգիչներ: Մոտ 50 դպրոցներում «Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության օրեր Հայաստանում եւ Արցախում» այս տարվա ծրագրի ընթացքում կբացվեն համակարգչային դասարաններ: Այս անգամ բերվել է 500 համակարգիչ: Մոտ 130 բնակարան որպես սեփականություն նվիրվել է փախստականների ընտանիքներին, եւ այլ շատ ծրագրեր: «Բայց մեր արդյունքները կլինեին ավելին, եթե մենք կարողանայինք միասին աշխատել, ամրապնդել Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերը: Սփյուռքի ուժն օգտագործվում է 1-2 տոկոսով: Սփյուռքն էլ իր հերթին կարող է հզոր լինել, եթե սերտ աշխատանքային կապերի մեջ լինի Հայաստանի կառավարության հետ»:
Արա Աբրահամյանի մոտեցմամբ, այսօր ժամանակն է միավորվելու: «Տասը տարի առաջ Հայաստանի քաղաքական վիճակը տարածաշրջանում ավելի լավ էր, քան այսօր: Չվերցնենք սոցիալական հարցերը: Շատ բարեփոխումներ կան, շատ արած գործեր կան, որ տեսանելի են: Բայց այսօրվա մեր դրությունը պահանջում է միավորում», նշեց պրն Աբրահամյանը: «Եկել է ժամանակը միմյանց ներելու, հասկանալու եւ միասին մի ծրագիր կազմելու, որով եւ առաջ կշարժվենք: Պիտի լինի ազգային ծրագիր: Միավորվելու հարցում դեռ հաջողության չենք հասել, բայց կարծում եմ, որ Հայաստան - Սփյուռք երրորդ խորհրդաժողովում կգտնենք համախոհներ»:
Մինչեւ ասուլիսը Հայաստանի նախագահի հետ կայացած հանդիպման առնչությամբ Արա Աբրահամյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին հայտնել է իր մտահոգությունները սպասվող ընտրությունների առնչությամբ հնարավոր անկայունության վտանգի, նաեւ Ռուսաստանում ՌՀՄ դերի, ՀՀԿ խնդիրների մասին: Առաջարկել է ստեղծել ինչ-որ կառույց սփյուռքի հետ կապերի համակարգման համար, որ անձնական դիրքորոշումները դեր չունենան, այլ սփյուռքն իմանա, ինչ են ուզում ՀՀ իշխանությունները եւ հակառակը:
«Ազգի» հարցին, թե ինչպիսի գնահատական է տրվում Ռուսաստանում վերջերս տեղի ունեցած ծեծկռտուքներին ու սպանություններին, Արա Աբրահամյանը պատասխանեց, որ Ռուսաստանի հայերի միությունը մեծ ուշադրություն է դարձնում այդ հարցերին: «Երեք-հինգ րոպե հետո ինձ տեղեկացնում են նման միջադեպերի մասին», նշեց Արա Աբրահամյանը, ավելացնելով, որ ՌՀՄ փաստաբանները զբաղվում են հայերի սպանությունների եւ միջադեպերի գործերով: Բացի այդ, ռուսաստանյան իշխանությունների հետ հանդիպումներում հարց է դրվում, որ Ռուսաստանի ազգությամբ հայ օրինավոր քաղաքացիները չեն կարող լռել, պիտի այդ հարցերը քննարկել: Մի քանի գործերի առնչությամբ արդեն բացահայտվել են հանցագործները: «Մեծ աշխատանքի արդյունք է, որ այսօր ռուսաստանյան մամուլը դրան վերաբերվում է որպես ազգային հարցի: Մտավորականությունը դպրոցներում եւ բուհերում դասախոսություններ է կարդում հայ ժողովրդի պատմության ու Ռուսաստանի հետ կապերի մասին: Կան մեր եւ ռուսների հարաբերություններում խնդիրների լինելիությամբ շահագրգռված դրսի ուժեր: Բայց աշխատանք տարվում է, եւ առաջին անգամ է, որ մեր աշխատանքի շնորհիվ ռուսաստանյան իշխանությունները իրադարձությունները որակում են որպես ազգային: Մենք նաեւ ադրբեջանցիների, տաջիկների, վրացիների սպանությունների առնչությամբ ենք հայտարարություններ անում, ելույթ ունենում ի պաշտպանություն: Ավելի շատ լինում են այլ ազգի ներկայացուցիչների սպանություններ, բայց նրանք չունեն այնպիսի կառույց, ինչպես հայերը, որ ներկայացված է ՌԴ 350 քաղաքներում: Վերջերս ռուսական եւ ֆրանսիական ակադեմիաների մասնակցությամբ «Քաղաքացիական հասարակության հարաբերությունները եւ ազգային խնդիրները» կոնֆերանսում էլ մենք ելույթ ունեցանք: Դա եւս մեր իրականացրած աշխատանքի մի մասն է, ուղղակի դրա մասին չի ասվում», պարզաբանեց Ռուսաստանի հայերի միության նախագահը:
Ամեն դեպքում, այսօր, ըստ Արա Աբրահամյանի, իրավիճակը վատացել է: «Բարոյական նորմերը չեն արժեւորվում: Որեւէ դպրոցում կարելի է հարցնել, թե ում են ուզում նմանվել, 90 տոկոսը չգիտի, ում նմանվի, չունենք հերոսներ, պիտի ունենանք մտավորականություն, որի խոսքն ամենաազդեցիկը լինի: Շատ կարեւոր է աշխատել միասին, օգնենք միմյանց: Եվ աշխատենք այնպես, որ մեզ բարեգործական ճաշարաններ պետք չլինեն: Պետք է աշխատել միասին ու ծրագրով»:
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ