«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2006-09-15 | #177, 2006-09-16 | #178, 2006-09-19


ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՈՀ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՑ

Այս տարի կառավարության հատուկ որոշումով գումարներ է հատկացվել հանրապետության տարածքում գտնվող պատմական հուշարձանները մասնակի վերականգնելու, ամրակայելու եւ դրանց կից կառուցված տնամերձները քանդելու ու փոխհատուցելու համար: Այդ հուշարձանների թվում են նաեւ Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի 7-15-րդ դդ. Կամսարական իշխանների կառուցած ամրոցը իր աշտարակներով, դղյակներով (4,6 հեկտար, պարիսպով (29 հեկտար), Սուրբ Սարգիս մատուռով 7-րդ դարում (640-660 թթ.) կառուցված Իրինդի եկեղեցին, որը 7 խորանի եկեղեցի է ու գրեթե ավերակ է: Սակայն ուրախալին այն է, որ եկեղեցու թմբուկի ու 18 մետր բարձրության մեկ խորանի վրա պահպանվել են այնպիսի կարեւոր մասնիկներ, որոնք վերականգնող ճարտարապետին միանգամայն հնարավորություն են տալիս ամրակայել ու վերականգնել 99 տոկոսի ճշտությամբ: Վերջերս վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շրջեց վերը նշված տարածքներում, մանրամասն ծանոթացավ կատարված աշխատանքներին ու «Ազգի» այն հարցին, թե գո՞հ է կատարվող վերականգնողական ու ամրակայման աշխատանքներից, պատասխանեց. «Ես հաճախակի եմ այցելում եւ պետք է ասեմ, որ Դաշտադեմում աշխատանքները շուտ ենք սկսել ու հիմա էլ մեծ տեմպերով աշխատանքներն առաջ են գնում: Ասեմ, որ դժվարը աշխատանքային «ճակատի» բացելն էր, որը մեզ հաջողվեց բնակիչներին դրամական փոխհատուցումներ տալով: Իրինդի վերականգնողական աշխատանքները նոր ենք սկսել եւ կառավարությունը նախագծերի համար 5 միլիոն դրամ է տրամադրել, բայց դա շարունակական է լինելու»:

Նյութը եւ լուսանկարը ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4