«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2006-09-15 | #177, 2006-09-16 | #178, 2006-09-19


ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ՎՆԱՍՈՒՄ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ

Հայաստանի Հանրապետության անկախության 15-րդ տարեդարձի առիթով նախատեսված է (դիրիժոր Արամ Ղարաբեկյանի ընտրությամբ) մեր ազգային արժեքներից ամենահրաշալի կոթողի` 7-րդ դարում կառուցված «Զվարթնոց» տաճարի շրջակայքում երկու օր համերգային ծրագիր անցկացնել, ինչը հրաշալի նախաձեռնություն է: Սակայն ցավալի է, որ պալատական կառույցի վրա, այո, հենց կառույցի, հնձանի վրա մետաղական կոնստրուկցիաներ են զոդել, իսկ որմնախարսխի որոշ բեկորներ ջարդել են արդեն ամփիթատրոնը տեղադրելիս: Դեռ հայտնի չէ, թե որքան արժեքավոր քարեր ու բեկորներ կվնասվեն ամֆիթատրոնը ապամոնտաժելիս: Համերգային բեմը տեղադրված է հենց «Զվարթնոցին» կից վանական կառույցի վրա: «Զվարթնոցի» տաճարը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում եւ շատ հնարավոր է, որ այս վարկածով մեծ բարդությունների առաջ կանգնենք: Ի դեպ, հուշարձան տաճարի տարածքում ամֆիթատրոնի թույլտվությունը տվել է «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, որը սակայն լիազոր մարմնի հետ չի համաձայնեցրել եւ ինքնուրույն է որոշում կայացրել` հակասելով բոլոր օրենքներին: Ինչ է ստացվում, մենք բազմիցս աղաղակում եւ ըմբոստանում ենք, երբ օտարն է քանդում ու ջարդում մեր հուշարձաններն ու խաչքարերը, իսկ այսօր, երկու համերգի համար խաթարում ենք հուշարձան-արգելոցի հիմքերը, պատերը, սյուները... Այդ բոլոր աշխատանքները իրականացնող շինարար Գագիկ Կիրակոսյանը պատճառաբանեց, որ իրեն հենց այս տեղանքն են ցույց տվել ամֆիթատրոնի ու բեմի համար, եւ թե իրենք միայն կատարող են: Այս եւ նման դեպքերում ներողամտությունը անթույլատրելի է:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4