«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2006-09-15 | #177, 2006-09-16 | #178, 2006-09-19


ԲԵՄՈՒՄ ԺԵՆՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ Է

Սակավ դերասան-դերասանուհիների է ի վերուստ տրված առաջին իսկ բեմելից հավասարաչափ հանդես գալ եւ դերակատարումներով, եւ ասմունքով: Այդ քչերից է ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանը: Հազիվ տասը տարեկան էր, երբ մասնակցեց դպրոցական ասմունքողների հանրապետական օլիմպիադային եւ շահեց առաջին տեղը: Նրա ճակատագիրն արդեն պարզ էր. թատրոնների ու համերգային դահլիճների բեմեր...

Դպրոցն ավարտելուց հետո, առանց վարանելու, ընդունվեց Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի մեծանուն ռեժիսոր եւ մանկավարժ Արմեն Գուլակյանի կուրսը: Այնուհետեւ հրավիրվեց Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, ուր խաղընկեր եղավ հայ բեմի մեծերին` Ա. Ավետիսյան, Ա. Ասրյան, Դ. Մալյան, Բ. Ներսիսյան, Գ. Հարությունյան, Մ. Կոստանյան, Հ. Ավագյան, Մ. Մկրտչյան, Խ. Աբրահամյան, Մ. Սիմոնյան, Վ. Վարդերեսյան, Ս. Սարգսյան, Ս. Ալավերդյան, Մ. Պարոնիկյան եւ ուրիշներ: Եվ եթե սրան ավելացնենք բոլոր ժամանակների մեր ամենամեծ ռեժիսորի` Վարդան Աճեմյանի բեմադրություններում դերասանուհու աչքի ընկնող դերակատարումներով հանդես գալը, արդեն պարզ կդառնա Ժ. Ավետիսյանի ստեղծագործական անառարկելի հասունությունը: Մայր թատրոնում դերասանուհին խաղաց անթվելի ու բազմաբնույթ շատ դերեր. Վալյա («Հարսնացու հյուսիսից»), Որմիզդուխտ («Ավերված քաղաքի առասպելը», Նատալիա («Խաթաբալա»), Սալոմե («Քանդած օջախ»), Հայաստան («Ղազարը գնում է պատերազմ»), Վարդուհի («Աշխարհն, այո, շուռ է եկել»), Անուշ («Հացավան»), Նադինկա («Կտակը») եւ այլն: Նշենք, որ տարիներ շարունակ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գ. Ջանիբեկյանի` Մաթիաս Կլաուզենի (Գ. Հաուպտման «Մայրամուտից առաջ») կողքին դերասանուհին խաղաց Ինկեն Պետերս, մի դեր, որը գոհացրեց մեծանուն արտիստին: Գ. Ջանիբեկյանը հիացմունքով խոսեց երիտասարդ դերասանուհու մասին եւ նրա կարծիքը հավաստեց, որ Ժ. Ավետիսյանը կարող է խաղալ բարդ ու հոգեբանորեն դժվարին դերեր:

Ժ. Ավետիսյանի ստեղծագործական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ ունեն կինոդերերը: Նա խաղաց մի քանի դերեր, բայց ուշագրավը եղավ Նատոյի դերակատարումը Ս. Իսրայելյանի «Գիքորը» ֆիլմում, որի գեղարվեստական ղեկավարն էր հայասեր եւ ազգանվեր կինոգործիչ, մեծանուն ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հ. Մալյանը, մի կինոռեժիսոր, որի գերխնդիրն էր նկարահանել ազգային գործերը եւ դարձնել եկող սերունդների համար մնայուն արժեք ունեցող սեփականություն: «Գիքորը» կինոնկարում Ժ. Ավետիսյանը խաղաց ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Ս. Սարգսյանի, Ա. Ջիգարխանյանի եւ անվանի այլ դերասանների հետ եւ աչքի ընկավ իր բարձրարվեստ խաղով:

Ավետիսյան-արվեստագետի բեմական հարուստ կենսագրությանը հավելում է նրա ինքնատիպ ասմունքը, որտեղ հիմնականում հայ հեղինակներ են` իրենց բազմաբնույթ ստեղծագործություններով: Տարիներ շարունակ արտիստուհուն հանգիստ չէին տալիս Իսահակյանի խորիմաստ, փիլիսոփայական ու սիրային բանաստեղծությունները, եւ նա «հավաքեց» ու կազմեց համաշխարհային մեծության բանաստեղծի գործերի ընտրանին եւ սկսվեց բազմաթիվ ելույթների հաղթարշավը: «Երկու ժամ Իսահակյանի հետ». այսպես կարելի է վերնագրել Իսահակյանին նվիրված համերգային երեկոները:

Դերասանուհու ասմունքացանկի առանձնահատուկ գործերից է Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարին»: Պոեմը ոչ միայն հայ, այլեւ համաշխարհային գրականության գլուխգործոցներից է, այս գիտակցումով է մոտենում Ժ. Ավետիսյանը անմահ երկը կարդալիս` ունկնդրի վրա թողնելով հաճելի տպավորություն:

Սայաթ-Նովան հոգեհարազատ է դերասանուհուն, ամուսինը` տաղանդաշատ դերասան եւ ասմունքող Յուրի Ամիրյանը, վրացահայ էր եւ Թիֆլիսի համով-հոտով բարբառը ունեցավ իր ազդեցությունը: Ամուսիններով կարդում էին մեծ բանաստեղծ-գուսանի ստեղծագործությունները: Ցավոք, Յու. Ամիրյանը վաղաժամ հեռացավ կյանքից` թողնելով իր բարի ու նվիրական անունը թատերասերների շրջանում:

Դերասանուհին ունկնդրին է հաղորդում Սայաթ-Նովայի սիրային տաղերը, Հովհ. Թումանյանի եւ Ա. Իսահակյանի խորիմաստ փիլիսոփայությունը, Պ. Սեւակի մարդասիրական ոգին, Հ. Սահյանի քնքուշ ու նկարչական նրբությամբ քնարերգությունը, Ս. Կապուտիկյանի բանաստեղծության մաքրամաքուր սիրո ձայնը, Հ. Շիրազի մասիսաշունչ պաթոսը, Չարենցի, Սիամանթոյի եւ Վ. Դավթյանի հայրենասիրությունը...Եվ այսպես, ժողովրդական արտիստուհու ասմունքը, իր բարձրարվեստ կատարումներով, հարստացնում է նրա ստեղծագործական կենսագրությունը:

Հ. Սահյանի բանաստեղծությունները կարդալիս դերասանուհու հաճելի ձայնը իջնում է, մեղմանում ու մեծն Թումանյանի քնարերգության շարունակող Հ. Սահյանը ունկնդրին ներկայանում է Ավետիսյան-ասմունքողի հոգու միջով:

Վ. Դավթյանի Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմը» ժ. Ավետիսյանը կարդում է ինքնամոռաց, դերասանուհին կերպարանափոխվում եւ դառնում է անճանաչելի, հուզվում եւ հուզում է դահլիճը` ունկնդրին հաղորդելով հայրենասիրական շունչ եւ հայի հպարտություն: Այն ասմունքողի մոտ հասնում է կատարելության, արվեստի բարձրակետի:

Ժ. Ավետիսյանը ասմունքելիս հանդես է գալիս միայնակ` դառնալով այդ երեկոյի ե՛ւ դերասանը, ե՛ւ ռեժիսորը: Բեմում ինքն է` իր կատարողական արվեստի հետ: Եվ որպեսզի երեկոն ավելի հետաքրքրական եւ անմիջական անցնի, դերասանուհին մերթընդմերթ հանդես է գալիս նաեւ ժամանակին խաղացած գլխավոր դերակատարումների մենախոսություններով, որտեղ միաժամանակ դրսեւորվում է ե՛ւ ասմունքողի, ե՛ւ դերասանուհու իր վարպետությունը: Նա կատարում է Նուարդի («Արա Գեղեցիկ»), Շուշանի («Մեծապատիվ մուրացկաններ»), Հայաստանի («Ղազարը գնում է պատերազմ»), Լեդի Աննայի («Ռիչարդ Երրորդ») էլի շատ դերերի մենախոսություններ: Դերասանուհին նկատի է ունենում հանդիսատեսի նախասիրությունները, թե ո՞ր դերակատարումից կարելի է մենախոսել` չհեռանալով օրվա թեմայից: Ու բեմը կրկին հարստանում ու լցվում է ավետիսյանական արվեստով, ունկնդիրը դառնում է պրկված` ըմբոշխնելով ճանաչված ու սիրված արտիստուհու մեծ արվեստը եւ բեմական անզուգական հմայքը:

Բեմը լցնող դերասանուհի է Ժենյա Ավետիսյանը: Երբ նա բեմ է մտնում, զգում ես, որ ունի ասելիք եւ դերասանուհու արվեստը դառնում է համոզիչ, հավաստի ու անմիջական, որն արտահայտվում է կատարողական բարձր արվեստով:

Հմայիչ դերասանուհու հարուստ ասմունքացանկը ունկնդրել են ոչ միայն Հայաստանի, այլեւ ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Հունգարիայի, Սիրիայի, Լիբանանի եւ այլ երկրների հայ եւ օտարազգի արվեստասերներ: Նրա ասմունքը սեր է արթնացնում պոեզիայի հանդեպ, լսողին «տանում» մեր մեծերի աշխարհը: Արտասահմանյան բեմերում դերասանուհին առաջնությունը տալիս է հայրենասիրական թեմաներին, որոնք ավելի հուզիչ են եւ հոգեհարազատ օտար հողում գտնվող մեր հայրենակիցներին:

Սիրված արտիստուհին այսօր էլ իր յուրահատուկ ստեղծագործական գործունեությամբ հաճելի բազում պահեր է պարգեւում արվեստասերներին:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բազմավաստակ դերասանուհի, ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանին մաղթենք քաջառողջություն եւ ստեղծագործական հաջողություններ:

ՅԱՇԱ ՉԱԽՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4