Փարիզը եւ շրջակայքն ընդգրկող Իլ դը Ֆրանս պատմական մարզում ամեն տարի փառատոն է անցկացվում երեք տասնյակ զանազան համերգներով: Այս տարի փառատոնի թեման Մետաքսի մեծ ճանապարհն է: Դա ֆրանսիացիներին հնարավորություն է տալիս բացահայտելու մի շարք երկրների մշակույթներ:
Իլ դը Ֆրանսի փառատոնի մասնակիցներից մեկը Հայաստանն է, որի տարածքով անցնում էր Մետաքսի մեծ ճանապարհի մի հատվածը: Ֆրանսիայում անցկացվող Հայաստանի տարվա միջոցառումների շրջանակում Իլ դը Ֆրանսի տարբեր մասերում շուտով տեղի կունենան հայկական երաժշտության համերգներ:
Փառատոնի կազմակերպիչները տեղեկացնում են, որ համերգներից մեկը տեղի կունենա Մյոդոն քաղաքի (Օ դը Սենի նահանգ) «Օրանժըրի» համերգասրահում սեպտեմբերի 30-ին: Նոյյան տապանի հանգրվան աստվածաշնչյան Արարատից ոգեշնչված հայ երաժիշտները համերգի առաջին մասում կկատարեն գուսանական եւ աշուղական երգեր, ժողովրդական տոնախմբությունների մեղեդիներ, հոգեւոր երգեր եւ վիպերգեր: Համերգի երկրորդ մասում Հայաստանի երաժշտության վարպետներին կմիանան Արկ դը Սենի կոնսերվատորիայի նվագախումբն Ալեքսանդր Սիրանոսյանի ղեկավարությամբ:
Ավելի վաղՙ սեպտեմբերի 24-ին եւ 26-ին, Փարիզի հարավային արվարձան Իսի լե Մուլինոյի կոնսերվատորիայի դահլիճում հայկական ժողովրդական երգարվեստը հանդիսականներին կներկայացնի երգչուհի Աննա Մայիլյանը: Դասական երաժշտական կրթություն ստացած սոպրանո Աննա Մայիլյանը նվիրվել է հայկական ավանդական երաժշտությանը, հիմնելով Հայաստանի երաժշտության վարպետների համույթը, որտեղ երգում է ինքը:
Հիշյալ երկու համերգներում նա հանդիսականներին հայ երգարվեստի մոնոդիային եւ բազմաձայնությանը կծանոթացնի հոգեւոր եւ աշխարհիկ 4 երգերի ուսուցման միջոցով:
Իսկ հոկտեմբերի 8-ին Էսոնի նահանգի Էտամպ բնակավայրում հայկական երգարվեստը կներկայացնի Երեւանի կամերային երգչախումբը:
Պ. Ք.