ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի անկախության 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 17-ին «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց «Հայաստան. անկախության 15 տարի» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը: Այն կազմակերպել է «Արմենպրես» լրատվական գործակալությունը:
Ցուցահանդեսում ներկայացված են 18 լուսանկարիչների, այդ թվում Մարտին Շահբազյանի, Զավեն Սարգսյանի, Ֆելիքս Առուստամյանի, Հրայր Բազեի աշխատանքները: Լուսանկարներում ներկայացված են նորանկախ Հայաստանի կայացման բոլոր փուլերը:
«Արմենպրես»-ի տնօրեն Հրայր Զորյանի խոսքերով, ցուցահանդեսում ներկայացված են բաց մրցույթով ավելի քան 400 գործերից ընտրված 109 լուսանկարներ: Ըստ նրա, Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակում այս ցուցահանդեսը կազմակերպվել է նաեւ Մոսկվայում: Այն ընդգրկված է նաեւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումների ծրագրում:
Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց ներկայացված լուսանկարների եռալեզու` հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գունավոր ալբոմի շնորհանդեսը: Ալբոմի հրատարակության ֆինանսավորումը իրականացրել է ՀՀ կառավարությունը: