Բայց հայ չմնալով մարդիկ հեռանում են նաեւ եկեղեցուց
Կրասնոդարի միակ հայկական եկեղեցին Սուրբ Հովհաննես Ավետարանիչի եկեղեցին է, արդեն երրորդ սերունդը Ռուսաստանում ապրող հայր Դանիելը երկրորդ քահանան: Նա նաեւ Հարավային թեմի քարտուղարն է: Արտաքնապես բնավ էլ հայի եւ, հատկապես քահանայի չհիշեցնող հայր Դանիելը պատմական գիտությունների թեկնածու է, դասավանդում է Կրասնոդարի համալսարանում: «Ես թերեւս միակ քահանան եմ, որ ձեռնադրվել եմ Ռուսաստանում, ծնվել եմ Ռուսաստանում, Կրասնոդարում, այստեղ էլ ձեռնադրվել եմ: Ի դեպ, ձեռնադրվել եմ քառասունինը տարեկանում: Ես Հայաստանում չեմ սովորել, միայն պատանեկության տարիներին ամառները անց եմ կացրել Հայաստանում», քահանա դառնալու իր պատմությունն է ներկայացնում Սուրբ Հովհաննես Ավետարանիչի եկեղեցու սպասավորը:
Թե ինչպիսին է եկեղեցու իրականությունն ու առօրյան, հայր Դանիելը մատուցում է յուրօվի: «Մենք այսօր կարող ենք ասել, որ ունենք ծուխ, մարդիկ գալիս են ամեն կիրակի, հաղորդություն են ստանում, եկեղեցու համար դա ամենակարեւորն է: Շատերը գալիս են, մոմ վառում ու փախչում են, դա այլ հարց է, բայց արդեն մի խումբ կա, որ գալիս է ամեն կիրակի, հաղորդություն ստանում, նրանց մենք համարում ենք մեր եկեղեցական համայնքը: Երկու-երեք տարի առաջվա համեմատությամբ արդեն ավելի շատ մարդիկ են եկեղեցի գալիս»:
Ինչ վերաբերում է իսկապես եկեղեցու հետ կապին ու միայն մոմ վառելով քրիստոնյա չլինելուն, ապա հայր Դանիելը կարծում է, որ ով անցել է խորհրդային կրթությունը, հիվանդ մարդ է: «Ես ինձ էլ, մեր կաթողիկոսին էլ, ռուս պատրիարքին, նախագահին էլ համարում եմ հիվանդ, մեր երեխաներն էլ, մեր թոռներն էլ երեւի դեռ հիվանդ կլինեն: Դժվար հարց է, քանի որ շատերը սրտում մի հավատք ունեն, բայց չեն հասկանում` դա ինչ է»: Աղանդներն էլ անմասն չեն կրասնոդարյան իրականությունից: Ըստ հայր Դանիելի, «Մեծամասնությունը գալիս է միայն մոմ վառելու, շատերը գնում են Եհովայի վկաների մոտ, իբրեւ տարբեր քրիստոնյա ճյուղերի անդամ դառնում: Կրասնոդարի տեղացի հայերից շատերը կան, որ գնում են ռուսական եկեղեցի, մոռացել են հայերենը: Պատճառները տարբեր են: Մարդ պետք է գոնե տարին հինգ անգամ ամենաքիչը հաղորդություն ստանա, երբ մենք ուտում ենք աստծո մարմինը, խմում նրա արյունը, դա մեզ տալիս է ուժՙ լինելու քրիստոնյա»:
Ընդհանրապես հավատի առնչությամբ Կրասնոդարի հայկական եկեղեցու ներկայացուցիչը սեփական դիտարկումներն ունի: «Սովետի ժամանակ գնում էի Հայաստան ու հասկանում, որ այստեղ ոչինչ չի արվում, Հայաստանում գոնե եկեղեցի չի քանդվում: Երեւանում տասը օր ու գիշեր զգեստով էի, միայն մեկ մարդ մոտեցավ, ասաց` օրհնյա տեր: Էջմիածնում տաճարից դուրս էի գալիս` վրաս նայում են ինչպես այլմոլորակայինի: Հասկացա, որ Հայաստանում էլ ամեն ինչ կարգին չէ»: Իսկ ելքն, ըստ պատմության դասախոս հայր Դանիելի, վերադարձն է դեպի հավատք. «Մենք պետք է վերադառնանք դեպի հավատ: Շատ հպարտանում ենք, որ քրիստոնեությունը առաջին պետական կրոն ընդունող ազգն ենք, բայց դա հպարտության հարց չէ միայն, իսկապես հավատ է պետք ունենալ, եկեղեցուն հավատարիմ լինել»:
Հետաքրքրական տարբերություն է նկատում հայր Դանիելը Կրասնոդարում վաղուց բնակվող հայերի եւ վերջերս այնտեղ հայտնվածների միջեւ: «Վերջերս եկած հայերը կամաց-կամաց սկսում են նմանվել տեղացի հայերին: Սահմանը նրանումն է, որ տեղացի հայերը, մի կողմից, բավական ռուսացել են, բայց մյուս կողմից` ավելի հզոր են պահում իրենց հայությունը, աշխատում են պատմությունը իմանալ: Իսկ նորեկների առնչությամբ ասեմ, որ որակով հայությունը գնում է Մոսկվա, Պետերբուրգ: Կրասնոդարն էլ ինքը ցածր մակարդակի քաղաք է, կան մշակութային մարդիկ, բայց նրանք շատ քիչ են: Իմ կարծիքով, նոր եկողներն էլ իրենց մեջ տարբերություններ ունեն, իրար չեն հասկանում, որովհետեւ միայն Հայաստանից չեն: Գալիս են Բաքվից, Հայաստանից, Թիֆլիսից, Սամարղանդից: Ասեմ, որ ըստ իս, Կուբանն էլ Ռուսաստանի, այսպես կոչված, Ամերիկան է, որտեղ շատերն են ուզում ապրել, եւ այստեղ կա սպիտակ ժողովուրդ` ռուսները, կան տեղաբնիկներ` ադիգեյցիները, կան սեւեր` հայերը»:
Հայապահպանության կապակցությամբ հայր Դանիելն իր եկեղեցու դերակատարությունը մեծապես կարեւորում է, միեւնույն ժամանակ ընդգծելով, որ «մինչեւ հայությունը չհոգեւորվի, ասենք` մեկ տասներորդ մասը իրոք քրիստոնյա չդառնա, մեր գործերը առաջ չեն գնա»: «Ոչ մի հարց չենք լուծի, դժվար կպահենք Ղարաբաղը, Տաճկահայաստանի մասին էլ կարող ենք չխոսել: Այսօր մենք ասում ենք, որ թուրքերը պետք է ցեղասպանությունը ճանաչեն, բայց ոչ մեկը հարց չի բարձրացնում, եթե թուրքերը մեր հողերը վերադարձնեն, մենք արդյոք կարո՞ղ ենք պահել այդ հողերը: Իմ կարծիքով, չենք կարող, իմ համոզմամբ, ամենաուժեղ հայերը` լիբանանցիները, Սիրիայի հայերն էլ չեն կարող: Հայաստանի հայերն ընդհանրապես չեն կարող, Ռուսաստանի հայերի մասին էլ չեմ խոսում», համոզված է հայր Դանիելը:
Եվ նման խոսքերի հիմքն, ըստ հայր Դանիելի, մեկն է. «Մենք չենք կարող ոչինչ պահել, որովհետեւ ոգին մեռած է, մնացել է քաղաքների ասֆալտի տակ: Իհարկե, դա միայն հայերին չի վերաբերում, բայց մեր ցավն, ամեն դեպքում, հայն է: Օրինակ, շատերը Հայաստանից գալիս են, ռուսերեն չսովորած` արդեն հայերեն չեն խոսում: Մոռանում են միանգամից, ու անցնում «զդրավստվույտե», «յա պաշոլ», «դետօչկա», «տիշե-տիշե»... Ի՞նչ «տիշե-տիշե», մի՞թե դժվար է կամ անպատիվ հայերեն ասել` սուս մնա: Երեւի դժվար է...»: