Կրասնոդարում գործող ռուսալեզու «Երկրամաս» թերթի խմբագիր Տիգրան Թավադյանը Ռուսաստանում տիրող իրավիճակի իր գնահատականն ունի: «Ընդհանրապես իրավիճակը Կուբանում եւ ողջ Ռուսաստանում ընդհանուր է` քսենոֆոբիական, ազգայնամոլական տրամադրություններ, սափրագլուխների շարժում, պաշտոնյաների վերաբերմունք», «Ազգի» հետ զրույցում նշեց պրն Թավադյանը: «Կուբանում հարաբերությունները լարված էին դեռեւս 1988թ. ղարաբաղյան իրադարձությունների եւ երկրաշարժից հետո, բայց այդ ամբողջ ժամանակ այդ ողջ լարվածությունը հրահրվում էր նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից: Կուբանը այնպիսի մի տարածաշրջան է, որ գտնվում է Թուրքիայի հատուկ ծառայությունների ուշադրության ներքո: Կուբանը, Ղրիմը, Ռոստովը, Ստավրոպոլը այն տարածաշրջաններն են, որտեղ կա իսլամական տարր»: Ինչ վերաբերում է հենց Կուբանում կազակների հետ հարաբերություններին, ապա, Տիգրան Թավադյանի մատուցմամբ. «...Երբ կազակների հետ լարվածությունը սկիզբ էր առնում, տարածվեցին թռուցիկներ, որոնցում գրված էր, թե Հայաստանը նկրտումներ ունի Կուբանի, Ռոստովի, մինչեւ Վորոնեժ հողերի հանդեպ Մեծ Հայաստան ստեղծելու համար: Հետո հանկարծ թռուցիկների խմբաքանակ հայտնաբերվեց Բաքու Մոսկվա գնացքում, այսինքն` Բաքվում էին տպվում»: Թավադյանի ներկայացմամբ, Կուբանում նկատելի են թուրք գործարարների եւ տեղի ղեկավարության, կազակների հետ հանդիպումները: «Նովոռոսիյսկում թուրքական հյուպատոսության բացումից մի որոշ ժամանակ անց հակահայկական իրադարձություններ տեղի ունեցան Նովոռոսիյսկում: Սա է Կուբանի առանձնահատկությունը: Ռոստովում, ասենք, կազակների հետ հարաբերություններն ավելի չեզոք են, կան որոշ խնդիրներ կապված միգրացիայի հետ, բայց հարաբերությունները բավականին լավ են»:
Կուբանում հայության առնչությամբ «Երկրամաս» թերթի խմբագիրն առանձնացնում է մի քանի փուլ: «Նախ, կար ժամանակ, երբ իշխանությունները հստակ ունեին հակահայկական դիրքորոշում, դա Կոնդրատենկոյի, նաեւ Տկաչովի նահանգապետության առաջին տարիներն էին: Հետո իրավիճակը մի փոքր փոխվեց Քոչարյանի այցելությունից, գերեզմանների ավերումներից հետո, երբ դա լուրջ արձագանք ստացավ ամբողջ աշխարհում: Եվ մեր ղեկավարների շուրթերից այսօր բաց հակահայկական կոչեր չեն հնչում, բայց տեղերում` դպրոցում, ԲՇՏ-ներում, անձնագրային ծառայություններում, անգամ տրամվայի հսկիչների դեպքում դրանք դեռ լսելի են: Անգամ այն կառույցներում, որտեղ առանց կաշառքի հարց չես լուծի, տարբեր է կաշառքի չափը` ռուսի եւ հայի համար»:
Սափրագլուխները Կուբանում առանձնակի ի հայտ չեն գալիս, բայց Տիգրան Թավադյանի խոսքերով, կան Ռուսաստանում որոշ արգելված կուսակցությունների ներկայացուցչություններ, ասենք, Ռուսաստանի ազգային կայսերական կուսակցությունը, որոնք էլի ազգայնամոլական դիրքորոշումներ ունեն: «Կուբանը մի տարածաշրջան է, որտեղ ակտիվ է միգրացիոն քաղաքականությունը, դեպորտացիան, կան ճամբարներ: Նման իրավիճակը ընդհանուր է Ռուսաստանի համար` մի տեղ ավելի ուժեղ, մեկ այլ տեղում ավելի թույլ արտահայտված: Եվ այս ամենը հայ համայնքի անկազմակերպվածության ֆոնին, որ չի կարողանում իրեն պաշտպանել, իրավաբանորեն գրագետ հարցադրումներ անել իշխանությունների առաջ»: Երկրամասի օրենսդիր մարմնում երեք հայ ներկայացուցիչներն էլ ինչ-որ բաներ փորձում են անել, մեկը եկեղեցի է կառուցում, մյուսը օգնում է հայ համայնքին, որտեղից ինքն է: Բայց ավելին չի արվում: Ինչ-որ երկրամասային մակարդակով խնդիրներ չեն լուծվում, հարցեր չեն բարձրացվում:
Այս տարի «Երկրամասը» տասը տարեկան է դառնում: «Մենք, կարելի է ասել, տեղեկատվական հասարակական հրատարակություն ենք, նաեւ հասարակական հարցերով ենք զբաղվում: Կան մանկական, երիտասարդական փոքր կազմակերպություններ, որոնց մենք աջակցում ենք: Նաեւ տարածում ենք տեղեկությունները, փորձում ենք հետեւել Թուրքիայի ազդեցությանն ու գործունեությանն այստեղ, տարածել այդ տեղեկությունները: Մենք աշխատում ենք Ռուսաստանում ապրող հայերին ցույց տալ, որ իրենք ոչ միայն Պետրոսյաններ ու Պողոսյաններ են, որ ապրում են այստեղ, այլ մի ընդհանուրի մաս` հայ ժողովրդի մի հատվածն են, անկախ բնակության վայրից: Բացի այդ, մեր թերթի համար Հայ դատի հարցը ամենակարեւորներից մեկն է: Այստեղ բնակվող հայերի մեծամասնությունը այստեղ է հայտնվել հենց այդ ողբերգությունից հետո: Երիտասարդները պատմությունից ու ցեղասպանության իրականությունից հեռացել են, եւ ես խնդիր եմ տեսնում նրանց այդ մասին ասելու»:
Թերթի խմբագրի դիտարկմամբ, Կուբանում ապրող հայերի մեջ տարբերություններ կան: «Հայերը, որ այստեղ ապրում են վաղուց, բավականին նորմալ ու լավ են ապրում, ըստ էության, ամենաանհրաժեշտի մասին չեն մտածում: Իսկ ովքեր ավելի ուշ են եկել, եւ հատկապես ոչ Երեւանից, այլ շրջաններից ու Արցախից, նրանք մեծ դժվարություններ ունեն»:
Խնդիրներ կան նաեւ ազգային ինքնության պահպանության առումով: «Սոչիի Տուափսեի շրջանում դա լուրջ խնդիր չէ, համշենահայերը պարփակ են ապրում, եւ ազգային ինքնության պահպանության հարցը այնքան էլ լուրջ չէ, թեեւ պատմությունն այնքան էլ իմացված չէ: Խնդիրն այն է, որ գոյություն ունեցող հայկական դպրոց ու հայկական սեկտորներ գնում են այն երեխաները, որոնք ավելի ուշ են եկել Ռուսաստան: Համշենահայերը նախընտրում են իրենց երեխաներին տանել ռուսական դպրոցներ, գտնելով, թե միայն հայերենով խոսելն արդեն բավարար է»: Ընդհանուր առմամբ, ցածր է նաեւ մանկավարժների մակարդակը: «Հայերեն լավ իմանալու դեպքում անգամ շատերն ուղղակի չեն տիրապետում ռուսերենին, ինչը երեխաների մոտ նախ ծիծաղ է առաջացնում: Ծնողներն էլ առանձնակի հետաքրքրված չեն հայերեն սովորելու հարցում»:
Մեկ այլ խնդիր է հայ մշակույթի հարցը: «Ամենատարածված եւ հայտնի հայ երգիչը Բոկան է, համերգների գնում են Արամ Ասատրյանին լսելու: Ավելի բարձր մակարդակի դեպքում, անգամ Թաթայի, մարդիկ չեն գնում համերգների»: