«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2006-09-15 | #177, 2006-09-16 | #178, 2006-09-19


ՈՐՈՇ ՀԱՅԵՐ ՍՈՉԻԻ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԿԵՏՈՒՄ ՀԱՅՏՆՎՈՒՄ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ

Վարդան Ասոյանը Ռուսաստանի դաշնությունում ՀՀ դեսպանության խորհրդականն է, որ գլխավորում է հյուպատոսական կետը Սոչի քաղաքում, իսկ հյուպատոսական շրջանը Կրասնոդարի երկրամասն է եւ Ադիգեայի հանրապետությունը:

- Ինչպիսի՞ խնդիրների հետ է բախվում հյուպատոսական կետը Սոչիում:

- Խնդիրները բավականին շատ են: Հայաստանից բավականին մեծ զանգված ժամանակին տեղափոխվել է այստեղ, եւ Ռուսաստանում բնակության համապատասխան փաստաթղթերի բացակայությամբ շատ խնդիրներ են առաջանում: Դա առաջին հերթին կապված է օրենսդրական պահանջների հետ: Մեր քաղաքացիները ժամանակին հնարավորություն չեն ունեցել կարգավորելու իրենց փաստաթղթային հարցերը մի քանի պատճառներով: Նախ, դեսպանատունը եղել է Մոսկվայում, իսկ ֆինանսական միջոցների սղության պայմաններում Մոսկվա մեկնելն այստեղից հնարավոր չի եղել: Պատկերը փոխվել է, երբ 2001թ.-ից սկսել է գործել հյուպատոսական կետը Սոչիում, ներկայումս այստեղ ստանում են մեր օժանդակությունը, համապատասխան փաստաթղթեր, տեղեկանքներ, մարդիկ կարող են օրինանան գտնվել Ռուսաստանում:

Գուցեեւ տարօրինակ թվա, բայց կան դեռ մարդիկ, որ այստեղ են գտնվում խորհրդային կարմիր անձնագրերով, որոնք անվավեր են դեռեւս 2000 թ.-ից: Նաեւ Սոչին լինելով Ռուսաստանիամենահարավային կետը, շատ հայեր, չիմանալով սահմանը հատելու փոփոխված պայմանների մասին, այդ անձնագրերով գալիս են մինչեւ այստեղ ու խնդիրներ ունենում: Հյուպատոսարանն համապատասխան աշխատանք է տանում, գոյություն ունի վերադարձի վկայական, որը մարդուն հնարավորություն է տալիս վերադառնալ Հայաստան:

- Ի՞նչ միտումներ են նկատվում, ինչպիսի՞տեղաշարժեր են լինում ռուսաստանի հարավում:

- Կան շատ այլ խնդիրներ. անձնագիր է կորչում, գողանում են, փաստաթուղթ չեն ունենում, անձնագրերը անվավեր կամ խորհրդային կարմիր է լինում, երեխա է ծնվում, մարդ է մահանում: Այս ամենը պետք է բերել իրավական դաշտ: Կան միտումներ. վերջին մեկ տարում, ինչ ես այստեղ եմ, ըստ իս, միտում կա վերադառնալ Հայաստան, ինչն ուրախալի է: Որոշ դեպքերում մարդիկ վերադառնում են, քանի որ Հայաստանում որոշակի բարելավում է նկատվում, որոշ դեպքերում էլ մարդիկ չեն կարողանում ապրել Ռուսաստանում:

- Ի՞նչ թվաքանակի մասին կարելի է խոսել ձեր հյուպատոսական շրջանում եւ ի՞նչ կարգավիճակ ունեն հայերը: Բացի փաստաթղթերի խնդիրներից, այլ ի՞նչ հարցեր են ծագում:

- Կրասնոդարի երկրամասում եւ Ադիգեայի հանրապետությունում մոտ 200 հզ հայ է ապրում: Ուղղակի այս թիվը մոտ մեկ երրորդի մոտավորություն ունի, քանի որ այստեղ կան ՀՀ, ՌԴ քաղաքացիներ, գրանցում ունեցողներ ու չունեցողներ, ոչ լեգալ բնակվողներ: Ադիգեայում խնդիրներն ավելի շատ են, քանի որ, ավելի պարզ ասած, ՀՀ քաղաքացիների փաստաթղթերն այնտեղ այնքան հաճախ չեն ստուգվել, ինչպես Կրասնոդարի երկրամասում: Դրա համար էլ Ադիգեայում շատերն ունեն փաստաթղթային խնդիրներ:

Այս տարածաշրջանում կա մի յուրահատկություն: Այստեղ Հայաստանին, սահմանին մոտ է, եւ այստեղ ապրող հայերն ավելի հաճախ իրենց սփյուռք, համայնք չեն զգում, քանի որ Հայաստանի հետ կապը սերտ ու հաճախակի է: Որոշակի առումով, այս ամենով հանդերձ, կա տեղեկատվական վակուում, մարդիկ տեղյակ չեն մշակութային իրավիճակից, այստեղ գործարարների մի զգալի մասը տեղյակ չէ Հայաստանում հարկային եւ ինվեստիցիոն օրենսդրությանը: Մենք այդ ամենում եւս փորձում ենք մեր մասնակցությունն ունենալ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4