«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2006-09-15 | #177, 2006-09-16 | #178, 2006-09-19


«ՍԻՄ-Ի ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԿՐԻՄԻՆԱԼԻՑ ՉԵՆ ՀԱՅԹԱՅԹՎԵԼ, ԲԱՅՑ ԵՂԵԼ ԵՆ ԿՈՄՊՐՈՄԻՍՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԻ ԻՄԱՍՏՈՎ»

Ինչո՞ւ են փոթորկվել ՍԻՄ կուսակցության շարքերը

Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը կայացել է «Սահմանադրական իրավունք միություն» (ՍԻՄ) կուսակցության 17-րդ համաժողովը, որի ժամանակ 184 ձայնով կուսակցության նախագահ է վերընտրվել Հրանտ Խաչատրյանը, իսկ 204 ձայնով կուսակցության փոխնախագահի պաշտոնը բաժին է ընկել Հայկ Բաբուխանյանին: Այս իրողությանը խիստ դեմ է կուսակցության նախագահ Հրանտ Խաչատրյանը, որն էլ համաժողովի օրը լքել էր դահլիճը` հայտարարելով. «Ես չեմ ժխտում Բաբուխանյանի ոչ կազմակերպչական ունակությունները, ոչ լրագրողական տաղանդը, ոչ քաղաքական ձիրքը: Ես չեմ ժխտում, ես ասում եմ` Բաբուխանյանն ուզում է միանձնյա ղեկավարել կուսակցությունը: Եթե դուք կորոշեք, որ միանձնյա ղեկավարի, թող ղեկավարի, ես այստեղ գործ չունեմ»: Նա իր կուսակիցներին որպես այլընտրանք առաջարկել էր 3 ամսով կասեցնել Բաբուխանյանի անդամությունը կուսակցությանը:

Երեկ արդեն «Ազդակ» ակումբում ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը մանրամասնում էր իր դիրքորոշումն ու ապագա անելիքները: ՍԻՄ ղեկավարի խոսքով, իր եւ իր 18 տարվա ընկեր Հայկ Բաբուխանյանի միջեւ հակասությունների առաջացման պատճառներ շատ կան: Օրինակ, ՍԻՄ նախագահը հայտնաբերել է, որ մոտ 3 մլն դրամի անհամապատասխանություն կա ֆինանսական մի փաստաթղթում, որը Բաբուխանյանը չի կարողացել հայտնաբերել երկար ժամանակ: Բացի այդ, ՍԻՄ ղեկավարի վստահեցմամբ, հակասություններ կան նաեւ մյուս հարցերում. «Կուսակցությունում եղել են հովանավորչական, ահաբեկման» քայլեր, դա էլ եղել է Բաբուխանյանի թեկնածության կասեցման պատճառ»: Եղել են նաեւ խառնակչություններ. «Ամբողջ կուսակցությունը վստահում է ինձ, եթե չլինեն մի քանի խառնակիչներ»:

Հրանտ Խաչատրյանն ասաց, որ ինքը պատրաստվել էր համաժողովում ասել, որ եթե Բաբուխանյանը դուրս չգա կուսակցությունից, ապա ինքը դուրս կգա քաղաքականությունից, քանի որ չի ցանկանում կապանքների մեջ լինել, այլեւս չի զբաղվի քաղաքականությամբ, ոչ էլ անգամ հասարակական աշխատանքով: Սակայն ներկայացված նախագահության կազմն անակնկալի է բերել նրան, եւ նա լքել է դահլիճը:

Թե ինչու է կուսակցությունը դառնում ոչ ինքնուրույն Բաբուխանյանի ներկայության դեպքում եւ ի՞նչ կողմնորոշում է ստանում հիշյալ քաղաքական ուժը, դժվար եղավ պարզել: Խաչատրյանը միայն նշեց. «Կուսակցության գումարները երբեք կրիմինալից չեն հայթայթվել, բայց եղել են կոմպրոմիսներ քաղաքական գովազդի իմաստով»: Քաղաքական գովազդի փոխհամաձայնություններ եղել են նաեւ «Իրավունք» թերթի դեպքում, որոնք, Խաչատրյանի համոզմամբ, լուրջ կամ վտանգավոր ազդեցություն չեն ունեցել թերթի վրա:

ՍԻՄ ղեկավարը կուսակցության մթնոլորտի առողջացման, ռեսուրսները վերագնահատելու, կուսակցությունում երկիշխանությունը բացառելու համար կարեւորեց Բաբուխանյանի մեկուսացումը կուսակցությունից, որի համար էլ երեկ պահանջեց կուսակցության փոխնախագահի հրաժարականը: Հրանտ Խաչատրյանը հայտարարեց, որ ինքը չի ճանաչում համաժողովում անցկացված ընտրությունների արդյունքները` այդ թվում եւ իր նախագահ ընտրվելը, եւ հաստատում է իր կուսակցության մեծամասնության բացարձակ վստահությունը իր անձ հանդեպ: Նա ընդգծեց, որ եթե մինչեւ չորեքշաբթի Հայկ Բաբուխանյանը չհեռանա կուսակցությունից, ինքը կհեռանա ՍԻՄ-ի նախագահի պաշտոնից. «Ոչ թե վճռականության կամ համարձակության պակասի համար, այլ որովհետեւ ես ինձ կզգամ առանց հենարանի իմ անկախ, ինքնուրույն գործունեությունը ծավալելու համար»: Պրն Խաչատրյանը ասաց, որ ինքը կհեռանա նաեւ քաղաքականությունից, անգամ վայր կդնի պատգամավորական մանդատը, քանի որ քաղաքականությունից հեռանալու մտադրություն վաղուց ուներ: «Եթե մնա Հայկ Բաբուխանյանը, ես դուրս կգամ, կփոխվի կուսակցության անունը», հավելեց Խաչատրյանը:

«Արդյոք իշխանության մատը խա՞ռն է կատարվածում» հարցին Հրանտ Խաչատրյանն արձագանքեց. «Այս հարցում իշխանությունների մատը խառն է, ուղղակի թե անուղղակի»:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4