Շախմատի աղջիկների եւ պատանիների Եվրոպայի առաջնության 6-րդ տուրը բավական հաջող էր հայ շախմատիստների համար: Նրանք տոնեցին 9 հաղթանակ, 4 պարտիա ավարտեցին ոչ-ոքի, նույնքան էլ պարտություն կրեցին:
Պատանիների մրցաշարում մեր պատվիրակներից բոլորից հաջող են հանդես գալիս Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը: Մինչեւ 14 տարեկանների մրցավեճում Սամվելը 6-րդ տուրում պարտության մատնեց Օգուլդան Կանմազալպին եւ վաստակեց 4,5 միավոր: Նա այժմ մեկ միավորով է հետ մնում հունգարացի Պետեր Պրոխազկայից ու Վասիֆ Դուրաբեյլիից: Տարիքային այս խմբում հանդես եկող Հայկ Թամազյանն ու Վահե Բաղդասարյանը վաստակել են 3-ական միավոր: Հայկը հաղթեց Ալեքսանդր Օրավային, իսկ Վահեն պարտվեց Ալբերտո Պոմարոյին:
Ռոբերտ Հովհաննիսյանը մինչեւ 16 տարեկանների մրցաշարում ոչ-ոքի խաղաց Ֆալկո Բինդրիխի հետ: Ռոբերտը 4,5 միավորով առաջատարների շարքում է: Մրցաշարային աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է Ֆրանսիան ներկայացնող Ռոման Էդուարդոն: Մեր մյուս մասնակիցը` Աղասի Ինանցը պարտվեց: Նա ունի 3 միավոր:
Մինչեւ 18 տարեկանների մրցաշարում իր անդրանիկ պարտությունը կրեց Ավետիք Գրիգորյանը, որը 4 միավորով առաջատարների խմբում էր: Իսկ ահա Զավեն Անդրեասյանը հաղթելով մրցակցին, եւս վաստակեց չորս միավոր: Այստեղ եռիշխանություն է: Աղյուսակը 5-ական միավորով գլխավորում են ուկրաինացի Ադամ Տուկաեւը, իտալացի Դանիել Վոկատուրոն եւ ավստրիացի Մարկուս Ռագերը:
10 տարեկանների մրցավեճում վերջին երկու տուրերում անհաջողության մատնված Տիգրան Հարությունյանը կրկին վերագտավ իր խաղը եւ 6-րդ տուրում հաղթելով Ռոջեր Մենգին, վաստակեց 4 միավոր: Այս խմբում առաջատարի դերը պահպանում է ուկրաինացի Իլյա Նիզնուկը, որն ունի 5,5 միավոր:
4 միավոր են վաստակել մինչեւ 12 տարեկանների մրցաշարի մասնակիցներ Ռոբերտ Աղասարյանը եւ Զոհրակ Ապրեսյանը, իսկ Խաչատուր Երանյանն ունի 2,5 միավոր:
Աղջիկների մրցաշարի մեր վեց մասնակիցներից միակ պարտությունը կրեց Մարիա Գեւորգյանը (12 տ.)` զիջելով Սաբինա Իբրահիմովային: Դա Մարիայի 2-րդ պարտությունն էր: Նա առայժմ 3,5 միավոր ունի եւ 2-ով զիջում է առաջատարի դերը ստանձնած Անդրեա Վինցեին (Սերբիա):
Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքի է հասել Սուսաննա Գաբոյանը (4 միավոր): Ամենակրտսեր տարիքային խմբում հանդես եկող Սուսաննան նոր հաղթանակ տարավ` առավելության հասնելով Ելիզավետա Պապատանասիոյի նկատմամբ: Տարիքային այս խմբում հանդես եկող Արփի Ազիզբեկյանն էլ իր պարտիան հաղթանակով ավարտեց եւ ունի 3,5 միավոր: Առաջատարը վրաց շախմատիստուհի Մարիամ Սամուրկասովին է (5,5 միավոր):
Շուշան Սարգսյանը (14 տ.) եւ Դիանա Մնացականյանը (16 տ.) վաստակել են 3-ական միավոր, իսկ Աննա Հայրապետյանի (18 տ.) օգտին գրանցված է 2 միավոր: Առաջին երկուսը պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, իսկ Աննան հաղթեց մրցակցին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ