«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2006-09-15 | #177, 2006-09-16 | #178, 2006-09-19


ՁՄՌԱՆԸ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՁՅՈՒՆ ՄԱՔՐՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ

Իսկ Նուբարաշենի աղբավայրից մեթան գազ կստանանք

Ներկայումս ճապոնական «Շինիձյու» ընկերության հետ համատեղ շարունակվում են Նուբարաշենի աղբավայրից մեթան օգտահանելու եւ էլեկտրաէներգիա ստանալու ուսումնասիրությունները: Դրանք կավարտվեն այս տարվա դեկտեմբերին: Այդ ժամանակ արդեն պարզ կդառնա, թե որքա՞ն գազ կարելի է ստանալ կուտակված աղբից եւ ի՞նչ հզորությամբ գեներատորներ պետք է տեղադրվեն: Այս մասին երեկ Երեւանի քաղաքապետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց քաղաքապետարանի շինարարության, բարեկարգման եւ կոմունալ տնտեսության վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը: Աղբահանության խնդրի առնչությամբ նա նաեւ նշեց, որ մշակվել է ծրագիր, համաձայն որի մայրաքաղաքում այդ գործը պետք է իրականացնի մասնավոր օպերատորը: Սակայն այդ ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ կատարել:

Վարչության պետը հայտնեց, որ այս տարի քաղաքապետարանին շինարարական աշխատանքների համար հատկացվել էր 5,7 մլրդ դրամ: Դրանից հետո լրացուցիչ հատկացվել է եւս 3,4 մլրդ դրամ: Այդ գումարն ուղղվել է Իսակովի պողոտայի, Տերյան փողոցի վերակառուցմանը, Մյասնիկյան-Աճառյան փողոցների հենապատերի ամրացմանը: Ասֆալտապատվել է 350 հազար քմ տարածք, որի համար ծախսվել է ամբողջ տարվա համար նախատեսված 2,4 մլրդ դրամից 1,4 մլրդ դրամը: Ավարտվել են ոռոգման ցանցի վերանորոգման եւ նոր ջրագծերի անցկացման այս տարի նախատեսված աշխատանքները: 13 փողոցներից 3-4-ում մինչեւ հոկտեմբեր կավարտվեն արտաքին լուսավորման աշխատանքները: Հրազդանի կիրճում ճանապարհների բարեկարգման աշխատանքները շարունակվում են եւ, ըստ Ֆրունզ Բասենցյանի, մինչ տարեվերջ այստեղ կունենանք 5500 մ բարեկարգված ճանապարհ: Այս տարվա առաջին 8 ամիսների ընթացքում ամրացվել է վթարային երկու շենք:

Քաղաքապետարանի պաշտոնյայի հավաստմամբ, սկսվել են 2006/2007 թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքներըՙ կարգի են բերվում մեքենա-մեխանիզմները, կուտակվում է ավազն ու աղը: Չի՞ կրկնվի անցյալ տարվա իրավիճակը, երբ ձյուն մաքրող մեքենաները չէին հասցնում մաքրել Երեւանը ձյունից: Այս մտահոգության կապակցությամբ Ֆրունզ Բասենցյանը պատասխանեց, որ եթե անցյալ տարի համայնքապետարաններն ունեին 157 ձյուն մաքրող մեքենաներ, ապա այժմ դրանց թիվը հասել է 218-ի: Այսինքն նրանց թիվն ավելացել է 61-ով:

Անկախության զորահանդեսի ժամանակ Հանրապետության հրապարակի քարե գորգը չի՞ վնասվի: Այս հարցին էլ պատասխանելով, շինարարության, բարեկարգման եւ կոմունալ տնտեսության վարչության պետը հավաստիացրեց, որ զրահատեխնիկա զորահանդեսի ժամանակ քարե գորգով չի անցնելու:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4