«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2006-09-19 | #179, 2006-09-20 | #180, 2006-09-21


ԴԱՐՁՅԱԼ ՇՏԱՊՈՒՄ ԵՆՔ, Ո՞ՒՐ...

Հայկական առաջին անկախ հանրապետության ստեղծումն անակնկալ էր, եւ մեր քաղաքական ու մշակութային գործիչները փաստի առաջ կանգնեցին. պետությունը պետք է ունենա պետականությունը բնորոշող խորհրդանիշներ` զինանշան, դրոշ եւ փառաբանում: Քանի որ Հայաստանի անկախ հանրապետության հռչակումը քաղաքական ներքին գործընթացների արդյունք չէր, հետեւաբար քաղաքական «վերնախավը» նախօրոք չէր ստեղծել պետականության վերը նշված խորհրդանիշները եւ, ինչպես ժողովուրդն է ասում, «ոտի վրա, ձեռի հետ» «հարմարեցրինք» դրանք մեր պատմական անցյալին եւ ներկային` մոռանալով կամ անտեսելով ապագան եւ ապագան այդպես էլ չկայացավ...

Դրոշի եռագույնը ընտրելիս, որքան ինձ հայտնի է, ընդունել են կարմիրը` մեր թափած արյան առհավատչյան, կապույտը` որպես խաղաղ երկնքի խորհրդանիշ եւ ոսկեդեղինը` որպես հասուն արտերի ակաղձուն ծփանք (գութան չլիներ, աշխարհն ի՞նչ էր): Բայց, ինչպես հայտնի է, այդ օրերին Երեւանի խանութներում չի ճարվում ոսկեդեղին կտոր` առաջին հայոց պետականության դրոշը կարելու, եւ ստիպված կարում են եղածը` նարնջագույնը, որն, ըստ էության, նարնջի գույնը լինելով, ո՛չ իրական, ո՛չ բնաբուսական որեւէ աղերս չունի Հայաստանի հետ, հետեւաբար չի կարող նաեւ խորհրդանիշ լինել հայոց համար: Սակայն պետական դրոշը պաշտոնապես նկարագրելիս ոչ ոք չի մտածել պահպանել դրոշի օրենքի մեջ ընդունված «ոսկեդեղին» գույնը` դրոշի հարկադրված գունային խախտման ուղղումը թողնելով լավագույն ժամանակներին:

Ինչ վերաբերում է զինանշանին, նույնպես շտապողականության արդյունք է. Հակոբ Կոջոյանը կարծեմ մի գիշերում է նկարել` վավերացնելով հայոց թագավորական չորս հարստությունների խորհրդանիշները, նոյյան տապանը` Արարատից մի քանի անգամ մեծ, եւ մնացածը գիտենք...

Առաջին հանրապետության պարագայում շտապողականությունը եւ անշրջահայացությունը, պետական մտածողության թույլ դրսեւորումը թերեւս կարելի է բացատրել:

Նույնը, ցավոք, կրկնվեց 15 տարի առաջ. դարձյալ մեր քաղաքական գործիչներն ու պետական այրերը պատրաստ չէին նոր խորհրդանիշների ընտրությունը կատարելուն: Փոխանակ նշեին, որ առաջին հանրապետության պետական խորհրդանիշները ընդունում են ժամանակավորապես` ելնելով քաղաքական իրավիճակից, եւ անմիջապես հայտարարեին մրցույթ նոր պետության նոր խորհրդանիշներ ստեղծելու համար: Այդ ժամանակ էլ, ցավոք, մեր պետական այրերը շրջահայաց չեղան...

Իսկ հիմա ինչպե՞ս կարող են բացատրել ներկա քաղաքական եւ մշակութային «վերնախավի» պատասխանատուները Հայաստանի Հանրապետության նոր օրհներգ-փառաբանումի ստեղծման այս «շըփթըփությունը» եւ դարձյալ «ոտի վրա, ձեռի հետ»-ը: Վերջապես սա ի՞նչ հիվանդություն է. մեռած երեխայի շապիկը հագցնել նորածնին: Ժողովուրդը խուսափում է մեռածի անգամ անունը նորածնին դնելուց` նրան նույն ճակատագրին չարժանացնելու համար: Ի՞նչ է պատահել, ցամաքել է հայ բանաստեղծական մի՞տքը, կոմպոզիտորները հոգեզմայլ մեղեդի չե՞ն կարող ստեղծել, թե՞ նկարիչները չեն կարող գույների եւ գաղափարների ներդաշնակությամբ ազգային բովանդակությամբ եւ ոգով պետական խորհրդանիշներ նկարել...

Հիմա էլ օրհներգ-փառաբանումի մրցույթ հայտարարվեց կուլիսներում. դարձյալ գործի դրվեց վերեւից իջած հրահանգի եւ «հեղինակությունների» գործոնը. մի քանի հայտնի բանաստեղծներ բանաստեղծական խոսքեր են հրամցնում Արամ Խաչատրյանի գրած ՀԽՍՀ-ի հիմնի երաժշտությանը: Մեկ ուրիշը, որ բանասեր է, բայց ո՛չ բանաստեղծ, նախկին հիմնի` Սարմենի գրած խոսքերը հարմարեցնում է այսօրվա Հայաստանին: Որպես օրհներգ-փառաբանումի բանաստեղծական հենք ընտրվել է Ե. Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Այս բանաստեղծությունը իրավամբ հանճարեղ գործ է. այստեղ խտացված է մեր ողջ պատմությունը, մեր անցյալը: Բայց գրված չէ որպես ազգի եւ նրա պետության փառաբանում: Մի րոպե պատկերացնենք պաշտոնական, հանդիսավոր եւ հաղթական արարողության ժամանակ մենք ազգովին երգում ենք.

Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում:

Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սեւ...

Մեզ ոգի տվող խոսքեր են պետք, որ ամեն հայ արտասանելիս հուզվի, փշաքաղվի, ոգի առնի, հպարտանա եւ իր առջեւ ծրագիր դնի` ապագայում կատարելու...

Այս օրերին զրուցել եմ մի քանի կոմպոզիտորների հետ, որոնք իրենց ներքին մղումով եւ ստեղծագործական կարողություններով շատ են ցանկանում եւ կարող են ստեղծել մեր ժողովրդին արժանի եւ արժանավայել երաժշտություն, բայց համոզված են, որ «օրհներգն» արդեն ընտրված է, եւ իրենք բնավ չեն ուզում ավելորդ անգամ բարոյահոգեբանական հարվածի ենթարկվել:

Հիմա դառնանք մրցույթի անցկացման սկզբունքին: Ըստ մրցույթի կանոնակարգի` առաջին փուլում ընտրվելու են հինգ լավագույն ստեղծագործությունները, իսկ երկրորդ փուլում մրցույթը լինելու է այդ հինգի միջեւ: Ասեմ, որ ընտրվածներից մեկի երաժշտությունը կարող է լինել հզոր եւ գեղեցիկ, մինչդեռ բանաստեղծական խոսքը չունենա համարժեք ներգործությունը, իսկ մյուսի բառերը կարող են ոգեշնչել, հուզիչ ու հզոր լինել: Ի՞նչ անել այդ դեպքում. նոր մրցո՞ւյթ հայտարարել, թե՞ դարձյալ հարմարեցնել մեկը մյուսին...

Իմ կարծիքով, եւ դրան շատերն են համամիտ, մրցույթի առաջին փուլում պիտի ընտրվեին հինգ լավագույն բանաստեղծությունները, որից հետո միայն այդ հինգ լավագույն բանաստեղծությունները սրտի թելադրանքով կընտրեին երգահանները, եւ երկրորդ փուլի մրցույթն արդեն կլիներ օրհներգ-փառաբանումներից լավագույնը ընտրելու համար: (Ի դեպ, ե՛ւ բանաստեղծական խոսքի, ե՛ւ երաժշտության հեղինակները հանձնաժողովի անդամներին հայտնի չպետք է լինեն. այսինքն` դրանք ներկայացվելու են առանց ստորագրության): Եվ մրցույթին ներկայացված ստեղծագործությունների թիվը չէր լինի երկու հարյուր, ինչպես կանխատեսում էին նախարարության աշխատակիցները, որն իրականացավ: (Ասացինք ստեղծագործ ազգ ենք, հո չասացինք` ամեն երկրորդը օրհներգ-փառաբանում կարող է գրել):

Կարծում եմ, ուշ չէ դեռեւս (թե ո՞ւր ենք շտապում, չգիտեմ), մրցույթի սկզբունքը վերանայել, փոփոխություններ կատարել. տասը-տասնհինգ տարին մեկ ո՛չ դրոշ են փոխում, ո՛չ զինանշան, ո՛չ փառաբանում:

Թող ժողովուրդը փառաբանումի բանաստեղծական խոսքերն անձամբ կարդալու եւ լսելու հնարավորություն ունենա եւ «Ձայն բազմաց, ձայն Աստծո»-ն, որ հազարամյակներով գործել է Հայաստանում, վերականգնի իր իրավունքը:

ՄԱՐԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4