«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2006-09-19 | #179, 2006-09-20 | #180, 2006-09-21


«ԲԵՍԱՄԵ ՄՈՒՉՈ»-Ն ԵՎ «ԿՌՈՒՆԿՆԵՐԸ» ՄԵԿ ԽՏԱՍԱԼԻԿՈՒՄ

Երգչուհի Սարինե Բալյանն առաջին անգամ է Հայաստանում: Նարեկացի արվեստի միության կենտրոնի հիմնադիր տնօրեն Նարեկ Հարությունյանի հորդորով նա եկել է տեսնելու հայրենիքը, որի մասին մինչեւ հիմա միայն լսել է ու խոսել: Այժմ վայելում է այն սեփական զգայարաններով: «Մեկ շաբաթ է այստեղ եմ, ամեն օր նոր բաներ եմ սովորում, նոր դեմքեր եմ տեսնում: Չէի եղել երբեւէ մի տեղ, ուր ամեն տեղ հայերեն է գրված, բոլորը հայերեն են խոսում եւ այս ամենը խիստ հուզիչ է, ասում է նա: Մենքՙ սփյուռքահայերս ու հայաստանցիներս նույն բաներն ենք անում եւ զգում, նույն բնույթն ու բնավորությունն ունենք, բայց հաճախ չենք անդրադառնում այդ երեւույթին», ասում է նա, որ «թարմ» աչքով է դիտում «հայաստանցի-սփյուռքահայ» հարաբերությունները:

Սարինեն ձեռնունայն չի եկել: Նա իր հայրենակիցներին է բերել իր երգըՙ ուղղակի եւ առաջին ձայնասկավառակը, որ կոչվում է "Juxtaposed"(«Համեմատում») եւ լույս է տեսել բոլորովին վերջերս: Նրա կենդանի կատարումները սեպտեմբերի 12-ին հնչեցին Նարեկացի արվեստի միության կամարների տակ:

Ծնունդով լիբանանահայ, ամերիկաբնակ այս աղջիկը հանդես է գալիս ջազային կատարումներով: Երաժշտական այս ոճի ազատականությունը Սարինեին գրավել է դեռ ուսանողական տարիներից, երբ սովորելով Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանի երաժշտական ֆակուլտետում, ընտրեց վոկալ եւ ջազ երաժշտության բաժինը: «Ջազն ինձ համար հայտնությունների այն դուռն է, որ առաջընթաց եւ կերպարանափոխությունների լայն հնարավորություն է տալիս: Օրինակ հայկական երգերի ջազային տարբերակները ինձ շատ հարազատ են», ասում է Սարինեն, որ բազմաթիվ համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում:

Նա նաեւ դասավանդում եւ համարում է, որ իր աշակերտների հետ շփումն օգնում է կատարելագործելու եւ առավել բյուրեղացնելու իր արվեստը: «Երեխաները նախընտրում են ուրախ եւ ռիթմիկ երգերը: Անկախ երգի կամ պարի ազգային պատկանելությունից, նախընտրելին ուրախ տրամադրությունն է», ասում է ուսուցչուհին:

Իսկ ինչ վերաբերում է Juxta-posed"-ին, հարկ է նշել, որ այն տարբեր լեզուների ու ազգերի ընտիր երգերի մի հավաքածու է, ուր Սարինեն մեղմ երաժշտական ձայնով եւս մեկ անգամ հաստատում է, որ սերը, մարդկային տխրությունը եւ հույզը նույնն են բոլոր մարդկանց համարՙ անկախ ազգային, լեզվական մշակութային պատկանելություններից:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4