Հայաստան-Սփյուռք 3-րդ խորհրդաժողովի ավարտից անմիջապես հետո զրուցեցի տարբեր երկրներից ժամանած պատվիրակների հետ: Ի՞նչ տվեց այս խորհրդաժողովը եւ եթե համեմատելու լինենք նախորդ երկուսի հետ, այս մեկը առաջընթա՞ց էր:
Հակոբ Ամիրյան, գործարար (Կանադա, Մոնրեալ)- Այս համաժողովի ընթացքում շատ հարցերից խոսեցին, որը շատ կարեւոր էր: Սակայն մեկ ավելի կարեւոր հարցից չխոսվեց, որից էլ կախված է Հայաստանի տնտեսական աճը այսօր եւ առաջիկայում: Ինչո՞ւ արդեն քանի ամիս ԱՄՆ դոլարի լողացող կուրսի առաջը մեր իշխանությունները չեն առնում, որպեսզի ներդրողները իրենց գումարներից զգալի մաս չկորցնեն: Ես արդեն 8-9 տարի է Հայաստանում իմ համեստ գործն եմ դրել, որը տարեկան 1,5 միլիոն դոլարի է հասնում, ու ես այս 6-7 ամիսների ընթացքում ամսական 30 տոկոսի կորուստ եմ ունենում միայն դրամ-դոլար տատանվող կուրսի պատճառով: Երբ Հայաստանի իմ ֆաբրիկային պատվեր եմ բերում ամերիկյան դրամով, որի կուրսը շատ է իջել այստեղ, ես հայտնվում եմ շատ դժվարին կացության մեջ... Ես ոչ մի այլ երկիր չգնացի իմ գործը հիմնադրելու, այլ եկա Հայաստան: Բայց արի ու տես, որ այստեղ ապահովություն չկա եւ ամեն պահ կարող է գործս փակվի: Ո՞վ պիտի հսկի, կարգավորի լողացող այդ կուրսը: Եթե այդպես շարունակվի շատ քիչ մարդ կգա Հայաստան թե՛ գործ դնելու, եւ թե՛ զբոսնելու, եւ անոնք կգերադասեն նույն չափ դրամ ծախսելով եվրոպաները գնալ, քան Հայաստան գալ այսօրվա թանկության պայմաններում: Այս հարցն էր, որի մասին չխոսվեցավ:
Գեւորգ Բարդակչյան, Միչիգանի համալսարանի հայագիտական ծրագրերի տնօրեն, Մ. Մանուկյանի անվ. հայոց լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ (ԱՄՆ)- Ավելի լավ կլիներ, որ գործնական քայլեր նշվեին, առաջարկներ արվեին: Իհարկե որոշ առաջարկներ եղան, սակայն դրանք ինձ չբավարարեցին: Ես ավելին էի ակնկալում: Եթե համեմատելու լինեմ նախորդ երկու համաժողովների հետ, ապա այս մեկը մի քայլ առաջ էր, բայց ավելի լավ կլինի, եթե ելույթ ունեցողները նկատի ունենային կոնկրետ միջոցառումներ ու գործեր եւ կենտրոնանային դրա վրա, այնինչ տեսական մասը նորից շատ էր` կոնցեպցիաները, Ի՞նչ է սփյուռքը եւ այլն, որոնք շատ ենք լսել եւ միտք չուներ նորից կրկնել: Կարեւոր էր մեծ գաղթօջախներից մի քանի ներկայացուցիչ լիներ ու ներկայացնեին տարբեր տեսակետներ ու մտածելակերպեր, բարձրացնելով կոնկրետ հարցեր ու դեղամիջոցներ առաջարկեին:
Պերճ Թերզյան, Եգիպտոսի թեմի գործադիր իշխանության նախագահ, Եգիպտոսի ՀԲԸՄ նախագահ-Երեք խորհրդաժողովներին մասնակցել եմ ու պետք է ասեմ, որ 1-ի եւ 2-ի ժամանակ առաջադրություններ եղան եւ դրանց մասին որեւէ տեղեկություն չտրվեց, թե ինչ է արվել: Հուսով ենք, որ այս անգամ արված առաջարկները կիրագործվեն եւ կստեղծվի հատուկ մի համահայկական խորհուրդ, որը կհետեւի բոլոր բարձրացված ու առաջադրված հարցերին եւ կաշխատի դրանց շուրջ լուծումներ գտնել առաջիկայում: Ամենակարեւոր հարցն այն է, որ երբ ինքնության մասին խոսեցին, կենթադրեինք, որ լեզվի մասին էլ խոսվեր, որը ինքնության հիմքն է: Լեզվի մասին որեւէ բան չխոսվեց, իսկ ինքնության նիստի վարողը, զարմանալիորեն հայտարարեց, որ Հայաստանի վրա պետք չէ հույս դնել դասագրքերի համար, իսկ մյուս ելույթ ունեցողն էլ երբ հայտարարեց հայոց լեզվի դասավանդման մասին, վարողը ընդմիջեց ու հայտարարեց, որ այս ժողովը գլխավորապես գյուղատնտեսությանն է վերաբերում: Մինչդեռ մնացյալ հարցերն էլ գյուղատնտեսության չափ կարեւոր են, որովհետեւ սփյուռքում հայերեն լեզվի ուսուցիչներ գոյություն չունին այլեւս, եւ այդ ուղղությամբ Հայաստանը պիտի զբաղվի` արեւմտահայերեն դասավանդող ուսուցիչներ պատրաստի, թե չէ արեւմտահայերենը սփյուռքում ամբողջովին կկորցնենք առաջիկա տասնամյակում: Այսուհանդերձ պետք է նշեմ, որ սա մի քայլ առաջ է նախորդներից ու մաղթում ենք, որ նույն թափով շարունակվի:
Նուբար Աֆեյան, Հայաստան-2020 տնօրենների խորհրդի անդամ (ԱՄՆ, Բոստոն)- Ես միայն այս համաժողովին եմ մասնակցել եւ կարծում եմ այն տարբեր արդյունքներ տվեց: Ասեմ, որ նոր նյութեր ու տեսակետներ են երեւան եկել Հայաստանի ապագայի, թե՛ իր եւ թե՛ սփյուռքի նպատակների համագործակցության մասին` հատկապես այն միջոցները, որոնցով կարելի կլինի միասին աշխատել: Իսկ երկրորդ կարեւոր գործոնը, որ շատ նոր մարդկանց հետ ծանոթացա, որոնք արդեն իսկ այս խնդիրներով աշխատում են, ու կարող ենք մի ցանց պատրաստել, որով միասնաբար կկարողանանք աշխատել: Երրորդ կարեւոր բանը` հետաքրքրական էր տեսնել այն բարձրացված նյութերի մասին կառավարության տեսակետը, որը շատ կարեւոր էր: Ես հաջողված եմ համարում մեր այս հավաքը, որի արդյունքները շատ շուտ կնկատվի:
Սարգիս Հայցպանյան (Ֆրանսիա)- Իմ կարծիքով այս համաժողովը նախորդներից մի քանի քայլ հետ էր: Ինչպես Հայաստանն է հետ գնում, այնպես էլ զուգահեռ` համաժողովը: Շատ վատ էր կազմակերպված... Շատ մարդ կար, որ չկարողացավ հարց տալ եւ տրված հարցերին էլ պատասխան չտրվեց... 15 տարվա մեջ մարդկանց ասում ենք տնտեսական աճ ունենք, չգիտեմ ինչ թռիչքներ... եւ այսօր Հայաստանում աղքատությունը ծայրաստիճան է: Նշանակում է իշխանությունները չունեն աղքատության վերացման ծրագիր: Այսքան մի բան:
Եղիկ Ջերեջյան, Լիբանանի խորհրդարանի անդամ, Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ-Առաջին համաժողովը շատ ավելի խանդավառություն ստեղծեց հենց 1-ինը լինելով: Կազմակերպչական առումով գնալով աճ է նկատվում մասնակիցների կողմից: Համաժողովից համաժողով մեծանում են ակնկալիքները, որը շատ բնական է, պահանջկոտ պիտի լինենք: Չորրորդը պետք է ավելի լուրջ կազմակերպված լինի:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ