Սիրելի հայորդիներ
Համաշխարհային հայկական կոնգրեսը մեկնարկ է վերցրելՙ համախմբելու համայն հայությանն իր ազգային խնդիրների շուրջը, գերակա համարելով ազգային շահերը, որի հետապնդումը բոլորիս պարտականությունն է: Պատվաբեր գործունեություն, որի մայրուղին նոր է բացվել մեր առջեւ: Իսկ կոնգրեսի երիտասարդական ասոցիացիայի ստեղծման նպատակը ազգային խնդիրների լուծման այս բարդ ժամանակաընթացքում հայոց հավաքական միասնության ստեղծմանը գործնական աջակցություն ցուցաբերելն է: Այս գործում հատկապես կարեւոր է երիտասարդների համախմբվածությունը, որը հրամայական պահանջ է բոլորիս համար:
Երկրագունդը մեր տունն է, Հայաստանըՙ համայն հայության հայրենիքը: Նրա հանդեպ մեր պատասխանատվությունը պարտավորեցնում է համախմբել մեր ուժերը: Դրա համար անհրաժեշտ է, որ հասարակության յուրաքանչյուր անդամ ունենա քաղաքացիական ակտիվ դիրքորոշում եւ ապագա սերունդների նկատմամբ պատասխանատվության զգացում: Իսկ մենք աշխարհին դեռեւս խոսք ունենք ասելու, ծանրակշիռ խոսք, որի ունկնդիրը լինելու կարիքը դեռեւս շատերն ունեն:
Հայոց ցեղասպանությունն ու ղարաբաղյան հիմնախնդիրը արդարացի լուծում են պահանջում, եւ մենք եւս պարտավոր ենք հետամուտ լինել հատուկ կարեւորություն ունեցող այդ հարցերին:
Հայոց ցեղասպանության հարցը դուրս է եկել լռության թմբիրից: Գնալով ավելանում է այն պետությունների թիվը, որոնք ընդունում են անառարկելի այդ պատմական փաստը, մեծանում է միջազգային այն կազմակերպությունների թիվը, որոնք ներգրավված են այդ գործընթացում: Ավելի ու ավելի հասկանալի է դառնում Ղարաբաղի հարցի լուծման անհրաժեշտությունը` պետությունների ու միջազգային կազմակերպությունների կողմից:
Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստելը` որպես պետականության ամրապնդման ամենակարեւոր բաղադրիչներից մեկը, ցեղասպանության ճանաչումը` որպես ազգային անվտանգության կարեւորագույն գործոն, ղարաբաղյան խնդրի լուծումը` որպես պատմական ճշմարտության վերականգնման ապացույց եւ հայապահպանությունը սփյուռքում` որպես ազգային լեզվի, մշակույթի, սովորույթների, հայեցի մտածողության, կենցաղավարության եւ այլնի պահպանում, մեր գործունեության հիմքն են կազմում:
Հայ երիտասարդությունը շարժիչ ուժ է, պոտենցիալ ունեցող առաջադեմ բանակ եւ հատուկ կարեւորություն ունեցող ազգային խնդիրների լուծմանը նրա մասնակցությունը` Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական ասոցիացիայի կազմում, հեռանկարային կարեւոր շատ հարցեր է վճռելու:
Արդի ժամանակաշրջանի մարտահրավերները, հատկապես համաշխարհայնացման ներկայիս պայմաններում, բարդ են եւ բազմաբնույթ, նրանց դիմակայելը` դժվարին գործընթաց: Բայց մեր ազգային հիշյալ խնդիրները, որոնք բարոյահոգեբանական մեծ նշանակություն ունեն, մեզ ստիպում են հիշել մեր անցյալը եւ հետեւություն անել այդ ամենից:
Սահմանադրական փոփոխությունները թույլ են տալիս իրականացնել բոլորիս ցանկությունը, եւ շուտով երկքաղաքացիության մեր օրենքը կբացի դռները` իրականացնելու սփյուռքահայ մեր եղբայրների ու քույրերի վաղեմի երազանքը:
Այսօր առավելապես կարեւորվում է համախմբումը Համաշխարհային հայկական կոնգրեսի շուրջը` հանուն մեր ազգային պետության զարգացման եւ ամրապնդման, որով էլ կնպաստենք.
մեր ազգային խնդիրների լուծմանը,
հայրենիքի հզորացմանը, որն ապավեն է համայն հայությանը:
Մտածենք յուրաքանչյուր հայի համար, որի բարգավաճումը մեր բոլորիս հարստությունն է, գնահատենք մեր գենոֆոնդը, որը մեր հույսի ապավեն ապագան է:
Այս ամենը, հարգելի հայրենակիցներ, նպատակաուղղված է Հայաստան երկրի ու համայն հայության զարգացման ու բարգավաճման վեհ գործին: Միասնաբար կերտենք մեր ապագան, ձեռք-ձեռքի տված լուծենք մեր ազգային բոլոր հարցերը:
Ասոցիացիան լիազորված է հայտարարելու, որ մեր դռները բաց են աշխարհի բոլոր երիտասարդական կազմակերպությունների առջեւ, անկախ ազգությունից, ռասայից, դավանանքից: Մենք բոլորին հրավիրում ենք համագործակցության` հանուն արժանապատիվ ապագայի, հանուն միջազգային հանրության բարօրության եւ խաղաղ գոյակցության:
Երեւան, 17 սեպտեմբեր, 2006 թ.