«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2006-09-20 | #180, 2006-09-21 | #181, 2006-09-23


ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԿԱԽՎԱԾ Է ՄԵՐ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ունեցած մեծ ներուժը տարեցտարի հզորանալու փոխարեն կարող է թուլանալ, եթե պետական ու մասնավոր բավարար միջոցներ չհատկացվեն զանգվածաբար տեղեկատվական տեխնոլոգիաներ օգտագործող հասարակություն ունենալու համար: Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի տնօրեն Գարեգին Չուքասզյանը երեկ տեղին նկատեց, որ ասուլիսների ժամանակ 15-20 լրագրողներից միայն մեկն է աշխատում ձեռքի համակարգիչով, մյուսները զրկված են այդ հնարավորությունից, ինչը երկարաձգում է նյութը պատրաստելու ժամանակըՙ ավելորդ աշխատանք ստեղծելով ձայնագրիչ օգտագործող կամ գրիչով գրառումներ անող լրագրողների համար: «Լրջագույն փոփոխություններ են պետք մեր կրթության համակարգում, առանց մասսայական համակարգչայնացման անցնելու, այս ոլորտի զարգացման մասին մոռացեք», ասաց նա:

«Արմենպրեսի» մամուլի սրահում երեկ հրավիրած ասուլիսի ընթացքում տեղեկատվական ոլորտում առկա խնդիրների ու առաջիկա անելիքների մասին խոսեցին «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովհաննես Մուսայելյանը, «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի» տնօրեն Գարեգին Չուքասզյանը եւ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» տնօրեն Կարեն Վարդանյանը:

Ասուլիսի առիթը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հովանավորությամբ սեպտեմբերի 15-ից հոկտեմբերի 15-ը Հայաստանում անցկացվող տեղեկատվական տեխնոլոգիաների ամիսն է, որի նպատակն է ամփոփել ոլորտի ձեռքբերումները եւ ուրվագծել հետագա ծրագրերն ու քայլերը:

Հովհաննես Մուսայելյանը եւս փաստեց, որ կրթությունը ամենակարեւոր բնագավառն է նշյալ ոլորտում ակնառու հաջողություններ գրանցելու համար: Իբրեւ օրինակ նա նշեց «Սինոփսիսի» կրթական մոդելի ստեղծումը, որի շնորհիվ ընկերությունն այսօր ունի համալսարանական կրթությամբ 220 ուսանողներ, որոնք առաջիկայում մագիստրատուրական ծրագրեր կիրականացնեն Մոսկվայում:

Կարեն Վարդանյանը կարեւոր խնդիր համարեց նաեւ տեղեկատվական անվտանգության մասին մեր հասարակության ոչ բավարար գիտելիքները, ինչը հնարավոր է լրացնել միայն կրթական ծրագրերի միջոցով:

Եվ այսպես, տեղեկատվական տեխնոլոգիաների միամսյակի ընթացքում կանցկացվեն հետեւյալ միջոցառումներըՙ հայ մասնագետների ներուժը բացահայտելու նպատակով հայտարարվել է տեղեկատվական տեխնոլոգիաների բաց ծրագրավորման մրցույթ, սեպտեմբերի 26-ին նախագահ Քոչարյանը կպարգեւատրի ոլորտի լավագույն ուսանողներին ու աշակերտներին, հաջորդ օրը տեղի կունենա միկրոէլեկտրոնիկայի առաջին օլիմպիադան, սեպտեմբերի 29-ինՙ էլ-բովանդակության մրցույթի մրցանակաբաշխությունը: Ոլորտի համար բացառիկ նշանակություն կունենան հոկտեմբերին կայանալիք միջազգային 3 համաժողովներըՙ «ՏՀՏ զարգացման հնարավորությունները զարգացող ցամաքապատ երկրներում»ՙ հոկտեմբերի 3-6, «Մարդու իրավունքները տեղեկատվական հասարակությունում: Աջակցություն երեխաներին եւ երիտասարդներին»ՙ հոկտեմբերի 5-6, մշակութային բազմազանության ու բազմալեզու էլ-բովանդակությանը նվիրված Էլ-բովանդակության համաշխարհային գագաթաժողովՙ հոկտեմբերի 6-7:

Կանցկացվի նաեւ ՏՀՏ ցուցահանդես, որտեղ կներկայացվեն տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաներն ու դրանց կիրառումը: Միամսյակը կեզրափակվի 2 մրցույթովՙ հոկտեմբերի 8-ին կանցկացվի միջբուհական ծրագրավորման, իսկ հոկտեմբերի 14-ինՙ 24-ժամյա օնլայն բաց կոդով ծրագրավորման մրցույթ, որի արդյունքում կներկայացվի վերջնական ծրագրային արտադրանք:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4