ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային համալիրում երեկ հանրապետության նախագահի մասնակցությամբ բացվեց համահայկական երկրորդ «Panarmenian Expo» ցուցահանդեսը: Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը ներկայացնող ցուցահանդեսին մասնակցում էին 200-ից ավելի ընկերություններ ոչ միայն Հայաստանից, այլեւ Ռուսաստանից, Իրանից, Բելգիայից, Ինդոնեզիայից, Գերմանիայից, Հունաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից:
Մարզամշակութային համալիրի սրահներում ներկայացված էին կահույք, գորգեր, հյուրանոցային եւ ռեստորանային ապրանքներ, դռներ եւ պատուհաններ, անշարժ գույք, ճանապարհորդական գործակալություններ, բեռնափոխադրող կազմակերպություններ, իննովացիոն եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ, շինարարական արտադրանք, թեթեւ եւ ծանր արդյունաբերություն, սննդամթերք, բժշկական եւ ուսումնական ծառայություններ եւ այլ ապրանքներ: Առեւտրաարդյունաբերական հիշյալ խոշոր ցուցահանդեսը, որը կտեւի եւս երկու օր, հեռարձակվում էր օն-լայն ռեժիմով:
Ցուցահանդեսի պաշտոնական բացման ժամանակ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը կարեւորեց ցուցահանդեսին հանրապետության տնտեսության փոքր եւ միջին ձեռնարկությունների, ինչպես նաեւ նոր ճյուղերի ներկայությունը, ինչպիսին են, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաները: Իսկ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանն անդրադարձավ ցուցահանդեսի մեծությանն ու բովանդակությանը` նշելով, որ ներկայացված են մեր երկրի տնտեսության բոլոր ճյուղերը: Ցուցահանդեսի բացումից հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նախարարներ Կարեն Ճշմարիտյանն ու Դավիթ Լոքյանը շրջեցին ցուցահանդեսով:
Ցուցահանդեսում փոքր ձեռնարկությունների, ինչպես նշվել էր, մենք այնքան էլ չհանդիպեցինք, քանի որ ցուցահանդեսում գերակշռում էին միջին կամ խոշոր ընկերությունները, որոնց արտադրանքը հիմնականում լավ հայտնի է հանրությանը: Այնուամենայնիվ կային ընկերություններ, որոնց համար ցուցահանդեսին մասնակցելը անվան եւ գովազդի խնդիր էր: Բնակարանների եւ սեփական տների համար փայտյա դռներ արտադրող «Յուրալ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Արտակ Միքայելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց ակնկալիքը ցուցահանդեսից հիմնականում անուն ձեռք բերելն է. «Շուկայում մեծ պահանջարկ ունենք, պահանջարկի համար չենք մասնակցում ցուցահանդեսին, այլ ավելի շատ իմիջի համար»: Իսկ հայկական գորգագործության բարի ավանդույթները վերականգնելու ցանկություն ունեցող «Արմենկարպետ» ընկերությունը ցուցահանդեսին մասնակցում է, որ աշխարհին ցույց տա, թե հայկական գորգագործության հին ավանդույթները չեն կորել եւ այսօր էլ գործվում են լավագույն գորգեր:
«Պանարմենիան Էքսպո» ցուցահանդեսին մասնակից ընկերությունների մի մասն էլ գործարար կապեր ձեռք բերելու եւ համագործակցություն ստեղծելու ակնկալիքով էր մասնակցում ցուցահանդեսին: Վերջիններիս համար հատկապես կարեւոր էր համագործակցությունը Հայաստանի եւ արտերկրի ընկերությունների հետ: