«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2006-09-20 | #180, 2006-09-21 | #181, 2006-09-23


ՉԱՅԿԱՆ ԵԿԱՎ ՈՒ ԳՆԱՑ, ԻՍԿ Ա-320-Ի ԿՈՐԾԱՆՄԱՆ ԴԵՌԵՎՍ ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ԵՆ ՃՇՏՎԱԾ

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկան, որը երեկ իր գործընկեր Աղվան Հովսեփյանի հետ վավերական էր դարձնում Հայաստանի եւ Ռուսաստանի դատախազությունների համագործակցության համաձայնագիրը, պատասխանելով Ա-320 ինքնաթիռի կործանման առիթով հարուցված քրեական գործի ընթացքի մասին հարցին, ասաց, որ քննությունը դեռ ավարտված չէ, իրականացվում են մեծ թվով քննչական գործողություններ ու փորձաքննություններ, ճշտված են դեռեւս դեպքի նախնական պատճառները. «Այժմ ավիատեխնիկական դատական փորձաքննություն է տարվում, ակնկալվում է ստանալ մի շարք հարցերի պատասխանները` ավիացիոն տեխնիկայի հնարավոր խափանո՞ւմ է եղել, անձնակազմի կողմից խախտվե՞լ են թռիչքի կանոնները, արդյոք ճշգրի՞տ են եղել Սոչիի օդանավակայանի դիսպետչերների գործողությունները. հիմա մենք սպասում ենք այդ փորձաքննությունների եզրակացությանը, որից հետո ողջը համադրելով կորոշենք այս կամ այն անձանց մեղավորությունը: Քանի դեռ հետաքննություն է ընթանում, բարդ է խոսել որեւէ բանի մասին կոնկրետ», նկատեց Յ. Չայկան:

Աղվան Հովսեփյանն էլ լրացրեց, որ ավիավթարի առիթով հարուցված քրեական գործը երկու երկրների դատախազությունների համագործակցության վառ օրինակ է, որովհետեւ քրեական գործի հարուցումից հետո հենց առաջին օրվանից հայ քննիչները եղել են դեպքի վայրում` հնարավորություն ունենալով ռուս փորձագետների հետ մասնակցելու աղետի պատճառների հետաքննության աշխատանքին, բոլոր քննչական գործողություններին:

Հանդիպման բուն պատճառ Հայաստանի եւ Ռուսաստանի գլխավոր դատախազությունների ստորագրած համագործակցության համաձայնագիրը թույլ կտա երկու երկրներում էլ ավելի ուժեղացնել հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը, այդպիսի համոզմունք ունեն ե՛ւ Աղվան Հովսեփյանը, ե՛ւ Յուրի Չայկան: Վերջինիս կարծիքով, համաձայնագրի իրագործման համար բարենպաստ մթնոլորտ են ստեղծում երկու երկրների բարեկամական կապերը, միմյանց համար փոխըմբռնելի մշակույթն եւ ավանդույթները:

Վերջին շրջանում Ռուսաստանում հայերի դեմ ազգային հողի վրա ծավալված բռնությունների եւ սպանությունների թեմայով լրագրողի հարցին պատասխանելով Յ. Չայկան նշեց, որ դրանք ազգային դրդապատճառներ չունեն, քանի որ հանցագործներն ընդհանրապես ազգություն չեն ճանաչում, հանցագործը տվյալ պահին չի նայում, թե ինչ ազգի ներկայացուցչի է սպանում: Բայց ցավ հայտնեց, որ նման դեպքեր նույնպես եղել են, երբ հանցագործություն է կատարվել ազգային պատկանելության շարժառիթով. միայն վերջին 1 տարում Ռուսաստանի գլխավոր դատախազությունում հարուցվել է 5 քրեական գործ, որոնց հիմքում ազգային անհանդուրժողականությունն է եղել, նրանց մեջ եղել են գործեր, որ որակվել են որպես ազգամիջյան թշնամանք հրահրող, որոնք իրականացնողները դատապարտվել են:

ՌԴ գլխավոր դատախազությունում նորերս ստեղծվել է հատուկ վարչություն, որը զբաղվելու է նման գործերով, վերահսկելու է դաշնային անվտանգության եւ միջազգային հարաբերություններին վերաբերող օրենսդրության կիրառումը, հանգստացրեց ռուս գլխավոր դատախազը Ռուսաստանում սկիզբ առած ազգային անհանդուրժողականության ալիքից անհանգստացած լրագրողին: Մենք էլ հույս հայտնենք, որ այդ բաժինը դեկորացիայի ու ֆասադի դեր չի կատարի միայն, այլ իսկապես կզբաղվի ազգային անհանդուրժողականության դեպքերը բացահայտելով:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4