Խորհրդաժողով Երեւանում
Հայ օգնության միություն (ՀՕՄ) կազմակերպության գործունեությունը հայրենիքում հնարավոր է դարձել Հայաստանի Հանրապետության գոյության հետ մեկտեղ: Արդեն տասնհինգ տարի 1910-ին Նյու Յորքում հիմնադրված կանանց անկախ, ոչ կառավարական կազմակերպությունը ի թիվս 24 երկրների Հայաստանում եւս տարբեր բարեգործական ծրագրեր է իրականացնում սոցիալական, կրթական, առողջապահական ոլորտներում: 18 հազար ներկայացուցիչ ունեցող ՀՕՄ-ն այսօր իր կենսագրությանը գումարում է նոր ծրագրեր եւ նախանշում նոր նպատակներ: Դրանց ներկայացման ու քննարկման նպատակով երեկ Երեւանում գումարվել էր «Հայ օգնության միությունը ի սպաս հայության եւ հայրենիքի» խորհրդաժողովը: Փաստվեց, որ Հայաստանի 56 բնակավայրերում ներկայացուցչություն ունենալով, կազմակերպությունը կարողանում է անմիջականորեն տեղեկանալ խնդիրներին ու առաջնահերթություններին ողջ երկրում եւ իրականացնել ուղղորդված ծրագրեր: 1992-ից մինչ օրս 7418 ծնողազուրկ երեխայի խնամք է ստանձնել ՀՕՄ-ըՙ 30 երկրների հայ եւ այլազգի հովանավորների աջակցությամբ: Նախատեսվում է ի լրումն արվածի իրականացնել նաեւ ուսանողական ծրագիր, որը ծնողազուրկ չափահասների հոգսերը թեթեւացնելու հնարավորություն կընձեռի: Արցախի տարբեր բնակավայրերում մանկապարտեզների կառուցման ծրագիրն էլ ՀՕՄ-ինն է եւ արդեն 14 մանկապարտեզ է կառուցվել: Հայտնի է ՀՕՄ օպտիկի գործունեությունը, որ տարիներ շարունակ սոցիալապես անապահով անձանց անվճար ակնոցներ է տրամադրում:
Բազմաթիվ են ՀՕՄ-ի ծրագրերը: ԱԺ պատգամավոր, ՀՕՄ շրջանային վարչության ատենապետուհի Ալվարդ Պետրոսյանի գնահատականով կազմակերպությունը տոհմիկ է, գործունեությունը հայանպաստ ու համահունչ համահայկական մարտահրավերներին: Իսկ դրանցից կարեւորագույնն ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի կարծիքով, Հայաստանի անվտանգ տեղն ու դերը գլոբալիզացման ուղին բռնած աշխարհում ապահովելն էՙ համամարդկային արժեքների ինտեգրումը ազգային պրիզմայով անցկացնելով: Վերջինի լավագույն օրինակ է ցուցադրել ՀՕՄ-ը, ըստ Ռուստամյանի, իր 96-ամյա գոյության ընթացքում: Ողջույնի խոսքում ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն էլ կարեւորեց ՀՕՄ-ի գործունեությունն ու դրա շարունակականությունը:
Ն. Պ.