ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Արդեն 40 տարի ԹՄՄ «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակ է շնորհվում նախապես սփյուռքի, հետագայում արդեն հայաստանյան մշակույթի լավագույն գործիչներին:
Սփյուռքահայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀԲԸՄ, ՌԱԿ, ԹՄՄ հեղինակավոր ղեկավարներից ու հիմնադիրներից մեկըՙ Հայկաշեն Ուզունյանն այս սակավներից էր, որ դեռեւս 60-ականներից գնահատելով ստեղծագործ մտքի, արվեստի ու գրականության դերն ազգային հասարակական կյանքում, ստեղծեց գրական հիմնադրամ: Երեկ Թեքեյան մշակութային կենտրոնում առաջին մրցանակաբաշխությունն էր, որ անցավ առանց հիմնադրի ներկայության: ՀԹՄՄ նախագահ Ռուբեն Միրզախանյանը հայտնեց, որ լուսահոգի Հայկաշեն Ուզունյանի դուստրըՙ Թալին Ավագյանը հոր ավանդների կրողն է եւ շարունակելու է հիմնադրամի գործունեությունը: Ռ. Միրզախանյանը հայտնեց 2004-2005 թթ. մրցանակակիրների անունները. պատմաբանասիրության ոլորտում մրցանակը տրվեց Արման Կիրակոսյանինՙ «The Armenian Massacres. 1894-1896 US Media Testimony» աշխատության, թարգմանչական եւ հրապարակախոսության մեջՙ Արմեն Հովհաննիսյանին, գրականության ասպարեզում Լեւոն Խեչոյանինՙ «Հունիսի հինգը եւ վեցը» գրքի համար:
«Սփյուռքի ամենապայծառ իմացականներից մեկն էր Հայկաշեն Ուզունյանը, ոչ միայն մշակույթ գնահատող, այլեւ ստեղծագործող մտքի տեր անձնավորությունՙ այն սակավներից, որ հիմնադրամ ստեղծեց եւ իր գրպանից տրամադրեց գումարը: Այսօր ես խոնարհվում եմ իր հիշատակի առաջ», ասաց Երվանդ Ազատյանը:
Ապաՙ ըստ կարգի, Թալին Ավագյան-Ուզունյանը հանձնեց մրցանակները: Պատմաբան Արման Կիրակոսյանի գիրքը ներկայացրեց Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Գեւորգ Բարդաքչյանը, որ երեկ Երեւանի պետհամալսարանի պատվավոր դոկտորի կոչմանն էր արժանացել: Նա նկատեց, որ Արման Կիրակոսյանի գիտական աշխատանքները շարունակությունն են հորՙ Ջոն Կիրակոսյանի ազգանվեր գործունեության:
«Գիրքը ցույց է տալիս այն խոր վիհը, որ բաժանում է ամերիկյան ժողովրդին պաշտոնական քաղաքականությունից»: Գիրքը լույս է տեսել ԹՄՄ օժանդակությամբ, ԱՄՆ համալսարաններից մեկումՙ Երվանդ Ազատյանի աջակցությամբ. ընդգրկում է ամերիկյան ամսագրերում հրապարակված շուրջ 40 հոդվածների համապարփակ վերլուծություններ 1894-1896 թթ. հայկական ջարդերի վերաբերյալ: «1894-96 թթ. ջարդերը շատ ավելի նման են դասական ցեղասպանությանըՙ 300.000 հայ ոչնչացվեց պատերազմական իրավիճակների եւ բնակչության տեղահանության բացակայությամբ»: Ժողովածուն առավել է արժեւորվում սենատոր Բոգդոլի նախաբանով:
70-ականներին «22.30» Արմեն Հովհաննիսյանի հեղինակային երաժշտական հաղորդումը հասարակական լայն արձագանք ունեցավ: Խորհրդային մտածողության ստերեոտիպերից դուրս արվեստի նրա նոր մոտեցումներն ու ազատական միտքը, ապա եւ հրապարակախոսության մեջ բերած նորարարությունները, մանրապատումային ոճըՙ դրսեւորված «Հայաստան, երկիր դրախտավայր» եւ «Ուրբաթախոսություն» ժողովածուների մեջ, հանրային լայն ուշադրություն գրավեցին: Առավել եղավ նրա ավանդը հայ թարգմանչական արվեստում, որտեղ նրա տաղանդը ռուս դասականներին (Պուշկին, Դոստոեւսկի, Շուկշին, Սոլժենիցին) հայ մտածողական-գրական միջավայր ներմուծեց բնագրային համարժեքությամբ, թարգմանչիՙ բառի նուրբ զգացողության եւ լեզվական միջավայրին վարպետորեն տիրապետելու շնորհիվ: Հրապարակագիր-թարգմանչին ներկայացրեց Վահագն Սարգսյանը:
Հայ գրականության հետխորհրդային ընթացքը ծանր շնչառություն ունեցավ: Ժամանակի մարդկային հոգեբանական անսպասելի փոփոխությունների ու մետամորֆոզների գրական-գեղարվեստական դրսեւորումների համար գրողական տաղանդի առկայությունը թերեւս բավարար չէր: Կյանքի ջիղն ու իրական ապրումը կրող անհատականություն ու բարոյական շիտակ նկարագիր էր նաեւ պետք: Հայ ժամանակակից արձակում այդպիսի ազնիվ գրչի դիմագիծ դրսեւորեց Լեւոն Խեչոյանը, որին արժանվույնս ներկայացրեց գրականագետ Յուրի Խաչատրյանըՙ ժամանակն ու արվեստագետին գնահատելու իրեն տրված բնատուր առանձնաշնորհով:
XX դարավերջի պետական ու հասարակական կյանքի «տակնուվրայնությունը» տեղափոխվեց նաեւ մշակութային դաշտ: Գրողի ու ընթերցողի միջեւ գոյանում էր անջրպետ: Այդ տարիներին Լեւոն Խեչոյանի պատմվածքները մաքուր ու գեղեցիկ աշխարհ էին ուրվագծում, «ոչ գեղեցկանկար», այլ ժողովրդի հոգեբանական նկարագիր, առանց գունազարդումների, ճշմարիտ կյանքի գեղարվեստական արտացոլում: Նրա առաջին ժողովածուն հենց այդպիսին էրՙ «Խնկի ծառերը». պատերազմական իր մասնակցության խոր ըմբռնումների ու մեկնաբանությունների «Սեւ գիրք, ծանր բզեզ» գիրքն արժանացավ պետական մրցանակի: Լեւոն Խեչոյանը նաեւ մոսկովյան գրական շրջանակներում փնտրված սակավ հայ հեղինակներից է: «Գրողը, հոգու թարգմանը պետք է միշտ ժողովրդի հետ ապրի: Իմ ըմբռնմամբ, այդպիսի գրող է Լեւոն Խեչոյանը, նաեւ մարդկային, հոգեկան իր արժանիքներով, բարոյական նկարագրով մարդ: Ինձ համար ոչ պակաս կարեւոր հատկանիշներ»:
Այո, ժամանակներն են այնպիսին, երբ բարոյական նկարագիրը տաղանդ ու շնորհ է համարվում...