«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#179, 2006-09-20 | #180, 2006-09-21 | #181, 2006-09-23


ԿԱԼԿԱԹԱՅԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆԸ

Տիկին Սոնյա Ջոնը վրեժ է լուծում

«Ի՞նչ է կատարվում Կալկաթայում: Բռնատիրություն հայկական քոլեջում» խորագրի ներքո «Ազգը» 2004 թ. հուլիսի 28-ի համարում թարգմանաբար տպագրել էր «Կրթասեր» հասարակական կազմակերպության «Պրոէդուկացիո» բաժանմունքի ահազանգող հաղորդագրությունը Կալկաթայում 1820-ից գործող հայկական մարդասիրական ճեմարանում տիրող անմխիթար վիճակի մասին: Դրան անդրադարձել էր, նաեւ Գլենդեյլից Անդրանիկ Սարյանը, որն իր «Անլոյս քառուղիներում» հուշավեպում մանրամասն նկարագրել էր վարժարանում գոյություն ունեցող անառողջ մթնոլորտը: Նրա հոդվածը լույս էր տեսել «Ազգի» 2004 թվի սեպտեմբերի 9-ի համարում: Բարձրացված աղմուկի եւ տեղում կատարված բազմակի ստուգումների հետեւանքով, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կարգադրությամբ պաշտոնից ազատվել էր քոլեջի տնօրեն տիկին Սոնյա Ջոնը:

Ներկայում այդ տիկինը, հավանաբար չմարսելով իրեն հասցված «հարվածը», խաչակրաց թունոտ արշավանք է սկսել մասնավորապես քոլեջի նոր ղեկավարության` վերապատվելի հայր Օշական Գյուլգյուլյանի, սարկավագ Տիգրան Բաղումյանի, տնօրեն Ջեյմս Դիասի եւ ընդհանրապես Մայր աթոռ Սբ. Էջմիածնի դեմ:

Ըստ խմբագրությանը հասցեագրված զեկուցագրի (ստորագրված ճեմարանի ճակատագրով մտահոգված ազգայիններ Ասատուր Կյուզելյանի, Հերոս Ավետումի եւ Ժանեթ Դավիթի կողմից), օգտագործելով վարժարանի «ACPA Old Boy» կայքէջը, տիկին Սոնյա Ջոնը օգոստոսի 13 եւ 16 թվագրյալ նամակներով փորձել է անվստահություն եւ անհնազանդություն սերմանել ուսանողների շրջանում ազգային այդ զույգ կառույցների (ճեմարանի եւ Էջմիածնի) նկատմամբ:

Նա մեղադրել է քոլեջի նոր ղեկավարներին եւ ադմինիստրատորին «մանկական հոգեբանությունից» զուրկ լինելու, տարբեր բաժինների վարիչների հետ չխորհրդակցելու, անհաջող դասագրքեր օգտագործելու, անցողիկ նիշը 61 տոկոսի բարձրացնելու, ճաշարանի կեղտոտ վիճակի եւ այլ արատավոր երեւույթների մեջ:

Իրականում, ըստ զեկուցագրի, տիկին Սոնյա Ջոնը ինքն էր մղոններով հեռու մանկական հոգեբանությունից: Նա վարժարանում սովորող աղջիկներին անպատվում էր ամեն տեսակի ստորացուցիչ ածականներով ու մականուններով (տե՛ս «Ազգի» 2004 թվի հուլիսի 28-ի համարը): Այժմ կրթության հետ կապված բոլոր հարցերը լուծում են գտնում միայն համընդհանուր քննարկումներից հետո: Իսկ հայոց լեզվի, գրականության, պատմության եւ երաժշտության դասավանդման նյութերը նորոգված են Հայաստանից բերված դասագրքերով: Օգտագործվում են նաեւ օժանդակ նյութեր` ֆիլմեր, քարտեզներ եւ լուսանկարներ: Տարիներ շարունակ բարձիթողի վիճակում գտնված գրադարանն այժմ համալրվել է արժեքավոր հատորներով: Ուսանողները նաեւ կանոնավոր կերպով զբաղվում են սպորտով: Խաղում են ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, կրիկետ, սեղանի թենիս, շախմատ, որոնցից մի քանիսը տիկին Սոնյա Ջոնի ժամանակ արգելված էին, համարվելով «բարբարոսական խաղեր»:

Ի տարբերություն նախկին ժամանակների` երեխաները նաեւ այժմ կարող են օգտվել հեռախոսից եւ նամակագրական կապ հաստատել իրենց հարազատների հետ, մի բան, որ դարձյալ արգելված էր:

Ճաշարանում տիրող իրավիճակի մասին տիկին Ջոնի պնդումները եւս իրականությանը չեն համապատասխանում: Ըստ զեկուցագրի, անհամեմատ բարելավված են ինչպես ճաշարանի շենքային պայմանները, այնպես էլ մատուցված ճաշերի տեսականին:

Ավելին, ամբողջ քոլեջի շենքն է վերանորոգվել եւ այդ բոլորը շնորհիվ Կալկաթայի հայկական եկեղեցու առատաձեռն ֆինանսական օժանդակության: Եվ ամենակարեւորը, անճանաչելիորեն փոխվել է հիգիենիկ վիճակը ամբողջ կրթական օջախում: Եթե տիկին Ջոնի օրոք աղջիկները զրկված էին շենքում լոգանք ընդունելու հնարավորությունից, այժմ նրանց տրամադրության տակ են լողասենյակները, ամենալավ որակի օճառներն ու բուրավետ քսուքները: Նրանց նաեւ բժշկական խորհուրդներով օգնում է երիտասարդ բժիշկ-հոգեբանը, որին աշխատանքի են ընդունել ճեմարանի նոր ղեկավարները: Ուսանողներին տրամադրվել են նոր համազգեստներ, որոնց գույնի եւ կտորի ընտրությանը մասնակցել են նաեւ իրենք` ուսանողները: Անցողիկ նիշի 61 տոկոսի բարձրացնելը նպաստել է, որ ուսանողներն ավելի լուրջ ուշադրություն դարձնեն դասերին: Հաջողություններն ակներեւ են:

Վերջում զեկուցագիրը ստորագրողները հավաստիացնում են, որ քոլեջի դռները բաց են բոլորի առաջ եւ հաշիվները` թափանցիկ: Նրանք կոչ են անում կայքէջի պատասխանատուներին առանց փաստերը ստուգելու հետագայում զրպարտչական եւ թունոտ տեղեկություններ չտպագրել: Դրանք ոչ մի նպատակի չեն ծառայում:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4