Այսօր կկայանա Աբրահամ-Միրանդա մենամարտը
Այսօր Գերմանիայում IBF-ի վարկածով միջին քաշում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հերթական անգամ ռինգ դուրս կգա` պաշտպանելու իր տիտղոսը կոլումբիացի Էդիսոն Միրանդայի հետ մենամարտում: Երկու բռնցքամարտիկների մենամարտը հսկայական հետաքրքրություն է առաջացրել նախեւառաջ մրցակիցների` միմյանց հասցեին արված բարձրագոչ եւ ոչ այնքան կոռեկտ հայտարարությունների պատճառով: Իհարկե, դրանց նախաձեռնողը Միրանդան է, որն ամեն անգամ, պատեհ առիթը բաց չի թողնում Աբրահամի հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ տալու: Դե, իսկ Արթուրն էլ արժանի պատասխան է տալիս: Այժմ եկել է ժամանակը բոլոր հարցերը անմիջականորեն լուծելու, ռինգում:
Ինչպես ընդունված է, մինչեւ մենամարտի մեկնարկը, կայացավ մրցակիցների մամուլի ասուլիսը, որում կրկին սպառնալիքներ հնչեցին: Ընդհանրապես ասուլիսում մթնոլորտը լարված էր: Ըստ Allboxing.ru ինտերնետային կայքի, երբ մրցակիցների հայացքներն իրար հանդիպեցին, անմիջապես կրքերը բորբոքվեցին: Միրանդան ափով բռնեց կոկորդը` ցանկանալով հասկացնել, որ կխեղդի մրցակցին: Աբրահամն էլ պարտքի տակ չմնաց եւ Միրանդային իր երկու միջնամատները ցույց տվեց: Կրքերը մի փոքր հանդարտվելուց հետո միայն սկսվեց ասուլիսը: Առաջինը մենամարտի մասին իր կարծիքը հայտնեց Միրանդան. «Վստահ եղեք, ես կշահեմ մենամարտը: Քեզ ընդամենը մի քանի օր է մնացել չեմպիոնական գոտին պահելու համար, իսկ հետո դու ինձ նախանձով կնայես, քանի որ գոտին կգտնի իսկական չեմպիոնին: Այնպես որ ժամանակ գտիր եւ հիշատակի համար լուսանկարվիր: Այդ գոտին մեր հանդիպումից հետո այլեւս չես տեսնի: Նախկինում խոստացել էի հաղթել նոկաուտով, սակայն այժմ որոշել եմ նրան պարզապես ոչնչացնել: Եվ ինձ դրանում, ի տարբերություն մրցակցիս, ոչ մի հիվանդություն չի կարող խանգարել»:
Բնականաբար, Արթուր Աբրահամն էլ արժանի պատասխան տվեց ինքնավստահ կոլումբիացուն. «Դու ոչ թե բռնցքամարտիկ, այլ ուսուցիչ պիտի դառնայիր: Նա շատ է սիրում խոսել, ինչ-որ բաներ պատմել, որոնք կհետաքրքրեն երեխաներին: Դա գոնե օգտակար գործ կլիներ: Անկեղծ ասած, նա ինձ արդեն բավական զզվեցրել է: Բարեբախտաբար, ինձ ընդամենը երեք անգամ հարկ կլինի տեսնել նրան` կշռվելու, մենամարտի ժամանակ եւ հիվանդանոցում, ուր անպայման կայցելեմ տեսակցելու»:
Դե ինչ, քիչ ժամանակ է մնացել այնքան սպասված մենամարտին: Կարծում ենք, որ հայ բռնցքամարտիկը հանդուգն մրցակցին արժանի հակահարված կհասցնի նաեւ ռինգում: