ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԻՆՖՈ: Այսօր լրանում է Երեւանում դրամատիկ իրադարձությունների 10 տարին, երբ ձայների վերահաշվում պահանջող ընդդիմության կողմնակիցները ներխուժեցին ՀՀ Ազգային ժողովի շենքը:
Հիշեցնենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել 1996 թվականի սեպտեմբերի 22-ին: Կառավարող Հայոց համազգային շարժմանը ենթակա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է առաջին փուլում պետության գործող ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի վերընտրման մասին: Նախագահական ընտրությունների ընթացքում խախտումներից վրդովված ընդդիմության տասնյակ հազարավոր կողմնակիցներ դուրս էին եկել Երեւանի փողոցներ ու պահանջել ձայների վերահաշվում:
«1996 թվականի սեպտեմբերի իրադարձությունները մեծ հարված էին մեր պետականությանը, որից Հայաստանը մինչ այսօր չի կարողանում ուշքի գալ: Եթե այդ օրերին հաղթեր ժողովրդավարությունը, մենք այսօր այլ երկրում կապրեինք», մեկնաբանելով տասնամյա վաղեմության իրադարձությունները`հայտարարեց Ազգային-ժողովրդավարական միության առաջնորդ Վազգեն Մանուկյանը, որը 1996 թ. նախագահական ընտրություններում ընդդիմության միակ թեկնածուն էր: Նրա խոսքով, ներկայիս Հայաստանում չեն պահպանվում ժողովրդավարության հիմնական սկզբունքները: «1996 թվականից հետո Հայաստանում ընտրություններն անցկացվում են ավելի մեծ խախտումներով եւ ավելի քիչ արտահայտում ժողովրդի կամքը: Քվեարկության եւ ձայները հաշվելու ընթացքում կեղծարարությունների եւ խախտումների վառ օրինակ էր 2005թ. նոյեմբերի 27-ին իշխանությունների կողմից անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: Հայաստանը խիստ հեռու է նաեւ քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունից, ինչի մասին նույնիսկ չի կարելի խոսել երկրում գոյություն ունեցող դատական համակարգի առկայության պայմաններում», պարզաբանեց Վազգեն Մանուկյանը: