«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2006-09-21 | #181, 2006-09-23 | #182, 2006-09-26


ՊԱՐԱԴՈՔՍԱԼ ՎԻՃԱԿ ՍԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ. ԱՅԼ ԵԼՔ ՉԿԱ, ԼԻՃԸ ՊԻՏԻ ԲԱՐՁՐԱՆԱ, ԱՓԵՐԸ ՊԻՏԻ ՄԱՔՐՎԵՆ

Առափնյա Սեւանը շարունակում է ջրածածկվել

Բնապահպանության նախարարությունը լրագրողների մի խմբի շրջայցի էր տարել առափնյա Սեւանի այն հատվածներով, որոնք այսօր լճի մակարդակի բարձրացման հետեւանքով սուզվում են ջրի մեջ: Բնությունը հերթական անգամ խառնեց մարդկային խղճուկ հաշվարկները` պարտադրելով հաշվի նստել իր հետ: Վերջին մի քանի տարիներին Սեւանը բարձրանում է կրկնակի արագությամբ, քան նախատեսվել էր պետական ծրագրերով: Անտառածածկ այն բոլոր տարածքները, որոնք այսօր հայտնվել են ջրասուզման սպառնալիքի տակ կամ արդեն ջրածածկվել են, տասնամյակներ առաջ լճի տիրույթում էին: Ջրի մակարդակի անկումից ավազուտներ դարձան: Մերկացած ափերի կանաչապատումն սկսվել է դեռ 50-ական թվականներին, եւ այն ժամանակ մոտ 17 հզ. հա անտառ տնկվեց: Այժմ դրանք կործանվում են` ընկղմվելով նախկին ափերը նվաճող լճի մեջ: Առափնյա Սեւանի թիվ 22 հատվածի 3 հա-ն արդեն ամբողջությամբ ջրի տակ է հայտնվել: Փորձագետների կարծիքով, լճի էկոհամակարգը կառողջանա միայն այն դեպքում, եթե վերադառնա 60-ական թվականների մակարդակին, այսինքն 1908,5 մ-ի, երբ անկման գործընթացները դեռ չէին սկսվել, եւ լիճը բնական, հավասարակշիռ վիճակում էր: «Սեւան» ազգային պարկի գլխավոր անտառապետ Սուրեն Աղաջանյանն ասում է, որ եթե ջրի մակարդակը հասնի 1908 մ նիշի սահմանին, այս տեղամասին մերձակա ճանապարհը եւս կհայտնվի ջրի տակ: Իսկապես ցավալի կլինի այդ կորուստը: Ճանապարհի 2 եզրերը շրջափակված են սոճիների հոծ խմբերով, որոնք խոնարհվել են նրա վրա` ստեղծելով կանաչի բնական կամար ու անկրկնելի գեղատեսիլ պատկեր: Առափնյա Սեւանի ամբողջ երկայնքով չիչխանի ծառաթփերը խիտ անտառներ են կազմել, կարծես թե այս բացառիկ բարձրարժեք պտուղն ստեղծելիս արարիչը հենց Սեւանն է նկատի ունեցել դրա հայրենիքը: Արդեն ծրագրվում է ճանապարհ անցկացնել մերձակա գյուղի վերին հատվածով:

Կառավարական որոշման համաձայն, նախատեսված է ամեն տարի ջրի մակարդակը բարձրացնել 22 սմ-ից ոչ ավելի: 2001 թվականին ջրի մակարդակը գտնվում էր 1896,32 սմ նիշի վրա, 2005 թվականին առավելագույն նիշը եղել է 1998, 27սմ, 2006-ին բացարձակ նիշը հասավ1898,58 սմ-ի, այսինքնՙ 4-5 տարվա ընթացքում ջրի մակարդակը բարձրացել է 2 մ-ով: Միայն անցած տարվա համեմատ լիճը բարձրացել է 31 սմ-ով: Այս պահին արդեն 450 հա մնացել է ջրի տակ, որից 215-ը անտառածածկ տարածք է: Լճի մակարդակը, համաձայն Սեւանի մասին օրենքի, 30 տարվա մեջ պիտի բարձրանար 6 մ-ով, այժմ արդեն 2 տարվա մեջ ջուրը 2 մ-ով բարձրացել է: Եվ անորոշության անելանելի վիճակ է ստեղծվել` պե՞տք է արդյոք Սեւանը բարձրացնել 6 մ-ով, թե սահմանափակել լճի փրկության գործընթացը: Ըստ Սուրեն Աղաջանյանի, հանրապետական բնապահպանական տեսչության եւ Ազգային պարկի ներկայացուցիչների մասնակցությամբ առայժմ միայն փորձ է արվում վերահսկելու ջրի անկանխատեսելի բարձրացումները: Առափնյա Սեւանի մաքրումն իրականացնում է «Վայթ գեյթ» ՍՊԸ-ն: Լճաշենի հատվածում կազմակերպությունը 5 հա արդեն մաքրել է ծառ ու թփից: Վարդենիսի հատվածում անցած տարի մաքրվել է 37 հա, այս տարի` 25, եւ դեռ 27 հա էլ պիտի մաքրվի: ՍՊԸ-ի տնօրեն Գառնիկ Հարությունյանն ասում է, որ 15-20 ծառեր տեղ-տեղ 2-3 մետրով խորացել էին լճի մեջ, եւ տրակտորները մեծագույն դժվարությամբ են արմատախիլ արել դրանք: Մաքրված ծառ ու թուփը հանձնվում է Ազգային պարկին, վերջինս այն տալիս է համայնքներին, որոնք ըստ ցուցակների անվճար բաժանում են անապահով ընտանիքներին: Սակայն մաքրման աշխատանքներից հետո էլ տարածքները լիովին չեն ազատվում բուսածածկույթից: Ինքնավերականգնման հրաշալի ունակությամբ խոտն ու թուփը դարձյալ գլուխ են բարձրացրել, տեղ-տեղ առաջացրել ղամիշների հոծ խմբեր: Եղեգնուտները ձկների ձվադրման համար նպաստավոր են, բայց մյուս կողմից դարձյալ սպառնում են լճի ճահճացմանը:

Ջուրն առաջ ներխուժելով` մերկացած տարածքներում մեծ ու փոքր ճահիճներ է առաջացրել: Անցած տարի այս ժամանակ Լճաշենի առափնյա հատվածում չոր ու խաղաղ էր, այս տարվա շոգերին կենսազանգվածի փտումից առաջացած գարշահոտը ողողել էր շրջակայքը: Ջրածածկումն արագացնում են նաեւ ժամանակին անձրեւաջրերի հոսքը Սեւան ուղղելու համար կառուցված ստորգետնյա խողովակները: Ալիքները բարձրանալու դեպքում դրանց միջով ջուրը լցվում է ծառերի մեջ: Կարելի է փակել խողովակները, բայց միեւնույն է, անձրեւների ժամանակ ջրերը դարձյալ կուտակումներ կառաջացնեն: Նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արծրուն Պեպանյանը տեղեկացնում է, որ որեւէ այլ տեղից անձրեւաջրերի հոսքը Սեւան ուղղող ճանապարհ փորելու առաջարկ է քննարկվում:

Լճի` Նորադուսի առափնյա հատվածում արդեն 30 հա մաքրվել է ծառ ու թփից, աշխատանքներն այստեղ հիմնականում ավարտվել են: Մերկացած հատվածները հիմա լցվել են պոլիէթիլենի ու ապակե շշերի կույտերով` զբոսախնջույքի սիրահարների վայրենի կենցաղավարության ապացույցներից մեկը: Ընդհանուր առմամբ անցած տարի մաքրվել է 96 հա տարածք, այս տարի` 123 հա, դեռ 300-400 հա էլ մաքրման ենթակա ջրածածկ տարածք կա, որը ձգձգելու դեպքում ջրի տակ հայտնված կոճղերն արմատախիլ անելն անհնար կդառնա: Մաքրման աշխատանքների համար օգտագործվում են թրթուրավոր ծանր տրակտորներ, արմատախիլ անող տեխնիկա չկա: Պրոբլեմը չխորացնելու համար նախարարությունն այժմ զբաղվում է նորագույն տեխնիկա հայթայթելու հարցով, արդեն 63 մլն դրամ է հատկացվել այդ նպատակին:

Իհարկե, կանաչից ազատվող հատվածների փոխարեն 1908 մ նիշից բարձր հողակտորներում նաեւ վերականգնման աշխատանքներ են իրականացվում: Այս տարի 50 հա-ի վրա անտառվերականգնման փորձեր են արվել` Սեւան քաղաքի տարածքում` 5 հա, Նորադուսի` 15, 25 հա` Մարտունու եւ 5 հա` Մարտունու տարածքում: Սակայն գլխավոր անտառապետի խոստովանությամբ տնկարանային տնտեսության բացակայության, բարձրարժեք տնկիներ չունենալու պատճառով ծառատունկը կատարվում է վերաճ տված բարդու շիվերով, դեղին ակացիայի, չիչխանի թփերով, որոնք անտառ կազմելու տեսանկյունից այնքան էլ նախընտրելի չեն:

Լճի մակարդակի բարձրացումը պարադոքսալ իրավիճակ է ստեղծել` մի կողմից լճի էկոհամակարգի վերակենդանացման համար ջրի մակարդակի բարձրացումն անվիճելի է, մյուս կողմից` ջրասուզվող ծառերն ու բուսականությունը ոչնչացման նույն գործընթացն են իրականացնում, ինչ արձանագրվում էր մակարդակի անկման շրջանում: Փտող կենսազանգվածը խորացնում է լճի ծաղկումը, ջուրը հագեցնում թունավոր նյութերով: Ամեն դեպքում փրկություն կդառնա միայն ջրի մակարդակի բարձրացումը, որի շնորհիվ կմեծանա թթվածնի պարունակությունը եւ կընդհատվեն նեխման գործընթացները: Եթե Սեւանը բարձրանա կեղտոտ ջրով, միեւնույնն է, դատապարտված է: Կառավարության պահուստային ֆոնդից 52 մլն 251 հազար դրամ հատկացվել է ջրածածկ անտառտարածքների մաքրման համար, պետբյուջեից` եւս 68 մլն 400 հազար դրամ: Ջրածածկվող 300-400 հա-ի ֆինանսավորման ճակատագիրն առայժմ անհայտ է:

Առափնյա անտառների լիակատար մաքրման համար հսկայական միջոցներ են պետք, որ հանրապետության աղքատիկ բյուջեն ի վիճակի չէ ապահովել: Հաշվարկվել է, որ ջրի մակարդակի 6 մ բարձրացման դեպքում ջրասուզվող անտառածածկ մակերեսը կկազմի 3130 հա: Մի տարի առաջ «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը Սեւանի ֆոնդ հիմնելու առաջարկ արեց, որ ինչպես Արցախի պարագայում «Հայաստան» հիմնադրամը, փրկության ելք կարող է դառնալ: Առաջարկը մնացել է միայն ցանկության շրջանակում: Բոլորը կարծում են, որ խելամիտ կլիներ հենց այսպիսի նախաձեռնությունը, սակայն առայժմ ոչինչ չի ձեռնարկվում:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4