«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2006-09-21 | #181, 2006-09-23 | #182, 2006-09-26


«ԱՎՐՈՐԱՆ» ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ Է ԻՐ ՎԱՃԱՌԱԾ ՀԵՌԱԽՈՍԱՔԱՐՏԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ

Սեպտեմբերի 12-ի համարում «Ազգ»-ը գրել էր, որ «Արմենտել»-ի եւ ինտերնետային հեռախոսակապ մատուցող ընկերությունների հակասության պատճառով հեռախոսակապ մատակարարող ընկերությունները զրկվել էին իրենց գործունեությունը շարունակելու հնարավորությունից: «Արմենտել»-ը, պատճառաբանելով, որ ինտերնետ հեռախոսակապ մատուցելու արտոնագիրը պատկանում է իրենց, հիշյալ ընկերություններին զրկել էր այդ ծառայությունը մատուցելու հնարավորությունից:

Այս իրավիճակն անմիջապես հարվածել էր քաղաքացիների գրպանին, ովքեր բավական գումարներ էին վատնել հեռախոսաքարտերի վրա եւ մնացել էին առանց այդ ծառայությունից օգտվելու հնարավորության: Խմբագրություն դիմած քաղաքացիների բողոքին արձագանքել էր «Ազգ»-ը` մտահոգություն հայտնելով քաղաքացիների վատնած գումարների վերադարձման կապակցությամբ: Այդ օրերին մեզ չէր հաջողվել գտնել հիշյալ ընկերություններից որեւէ մեկին` հարցը ճշտելու համար, քանի որ նրանց բոլորի հեռախոսներն անջատված էին: Օրերս մեզ հաջողվեց պարզել, որ ինտերնետ հեռախոսակապի քարտեր վաճառած ընկերություններից մեկը` «Ավրորան» վերադարձնում է գնված քարտերի գումարները: Մեզ հետ զրույցում ընկերության մենեջերը վստահեցրեց, որ բազմաթիվ մարդիկ արդեն դիմել են իրենց, իրենք ստուգել են քարտում եղած չխոսված գումարի պարունակությունը եւ վերադարձրել: Մենեջերը հայտնեց, որ քարտերը վերադարձնել ցանկացողները կարող են դիմել իրենց Ազատության 26 հասցեում (վայրը ճշտորեն իմանալու համար կարող եք զանգահարել 28-83-34 հեռախոսահամարով):

Իսկ թե արդյոք կշարունակե՞ն իրենց աշխատանքը ինտերնետային հեռախոսակապ մատուցող ընկերությունները, ապա հարցը քննարկվում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում: Այս մասին «Ազգ»-ի հետ զրույցում ասաց «Արտ քոլեքշըն» ընկերության նախագահ Մուշեղ Միլիտոնյանը: Նա հայտնեց, որ հանձնաժողովում արդեն կողմերը հանդիպել են, քննարկել խնդիրը եւ այժմ սպասում են հանձնաժողովի կարծիքին, որն էլ կորոշի «Արմենտել»-ի քայլերի օրինականությունը:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4