«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2006-09-21 | #181, 2006-09-23 | #182, 2006-09-26


ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՃԸ ՓԱՍՏՈՐԵՆ ԴԱԴԱՐԵԼ Է

Տնտեսական բարձր աճը շարունակվում է պահպանվել շինարարության շնորհիվ

Այս տարվա հունվար օգոստոսին եւս Հայաստանում տնտեսական աճի բարձր տեմպը պահպանվել է` ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, կազմելով 11,3 տոկոս: Սակայն առաջին վեց կամ յոթ ամիսների համեմատ այն փոքր-ինչ նվազել է: Դա պայմանավորված է շինարարության ծավալների փոքր նվազմամբ, որն այս պահին մեր համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի մեջ դարձյալ վճռորոշ դեր ունի: Մասնավորապես, օգոստոսին հուլիսի նկատմամբ այստեղ ավելի քան 16 տոկոս անկում է արձանագրվել: Այդուհանդերձ, շինարարության ծավալների աճն ութ ամիսների տվյալներով կազմել է 40,2 տոկոս: Շահագործման հանձնված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը կազմել է 28,7 տոկոս: Դարձյալ բարձր տեմպ ութ ամսվա համար, բայց մոտ 13 տոկոս անկում նախորդ ամսվա համեմատ:

Արդյունաբերական արտադրանքի ծավալները, որ վիճակագրական ծառայությունը ներկայացնում է երեք տարբերակով, գրեթե մնացել են անփոփոխ: Այսպես, արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը նվազել է 0,9 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի ծավալն առանց էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի արտադրությանՙ 0,7 տոկոսով եւ արդյունաբերական արտադրանքի ծավալն առանց ադամանդի արտադրության աճել է 2,1 տոկոսով: Միակ փոքր-ինչ մխիթարականն այս վերջին ցուցանիշն է, որը վկայում է այն մասին, որ մեր տնտեսության դիվերսիֆիկացիան շարունակվում է եւ արդյունաբերական արտադրանքի կախումը մեկՙ ադամանդագործական ճյուղից նվազում: Սակայն արդյունաբերության մեջ աճի փաստորեն դադարելը պետք է մտահոգիչ լինի կառավարության համար:

Արտաքին ապրանքաշրջանառությունն այս տարվա առաջին ութ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11,5 տոկոսով: Արտահանումը նվազել է 3,4 տոկոսով` կազմելով 595 մլն դոլար, ներմուծումն ավելացել է 20 տոկոսով` կազմելով 1,3 մլրդ դոլար: Առանց ադամանդի արտահանումն ավելացել է 2,6 տոկոսով, ներմուծումըՙ 28,4 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը փաստորեն շարունակում է ավելանալ, գերազանցելով 700 մլն դոլարը:

Սպառողական գները նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճել են 2,7 տոկոսով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատՙ 1,5 տոկոսով: Միաժամանակ բնակչության դրամական եկամուտներն ավելացել են 18,7 տոկոսով, իսկ ծախսերըՙ 20,5 տոկոսով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4