«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2006-09-21 | #181, 2006-09-23 | #182, 2006-09-26


ԷՊԻԶՈԴԻԿ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Երեւանից պետք է գնալ դեպի համայնքները. ինչպե՞ս, առայժմ ոչ ոք չգիտի

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ինչպե՞ս պատահեց, որ տնտեսական երկնիշ աճի, բյուջեից սոցիալական ոլորտին ուղղված ամեն տարի կրկնապատկվող հատկացումների պայմաններում բնակչությունը շարունակում է դժգոհել կյանքից: Ստացվում է, որ մեր երկրում տնտեսական, քաղաքական բարեփոխումներն ընթանում են սոցիալականից անկախ, հակառակ դեպքում տնտեսությանը համարժեք ներդաշնակություն կլիներ նաեւ այս ոլորտում: Ինչպե՞ս անել, որ սոցիալական ուշացած գնացքը հասնի իշխանության հիշատակած ձեռքբերումներին: Երեկ այս խնդիրը սոցիալական ոլորտի մի հսկա ներկայացուցչական կազմի հրավիրած կլոր սեղանի քննարկման գլխավոր թեման էր: Քննարկումը մասնավորապես ձեռնարկել էին ՀՀ նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման հանձնաժողովը, «Հայաստանի համայնքների ասոցիացիան» եւ «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպությունը:

Նոր սահմանադրության համաձայն, համայնքներում իշխանության ապակենտրոնացում է նախատեսվում: Դա նշանակում է, որ զուտ տեղական բնույթի խնդիրների լուծումն այսուհետեւ լիազորվելու է համայնքներին: Օրինակ, խմելու ու ոռոգման ջրամատակարարման խնդիրներն իջեցվելու են համայնքային մակարդակի, որովհետեւ ամեն համայնք ինքն ավելի լավ գիտի, ջուրը որտեղից բերել, ինքնահոսով, թե պոմպերով է ձեռնտու եւ այլն: Սոցիոլոգիական հարցումների համաձայն (եւ առանց դրանց էլ պարզ է) համայնքների բնակչության 80-90 տոկոսը` կրթական, առողջապահական, կենսական բազմազան խնդիրների լուծման ակնկալիքով ամենից առաջ բախում է թաղապետարանների ու գյուղապետարանների դռները: Հենց նրանք եւ ոչ թե նախարարությունները, հրաշալի տիրապետում են այդ խնդիրների յուրահատկություններին: Բայց նրանք այդ պրոբլեմների 90 տոկոսի լուծման իրավասությունները չունեն եւ աղբահանության, ջեռուցման ոչ շահավետ ոլորտներից զատ գրեթե ոչնչով չեն զբաղվում:

Առ այսօր համայնքային, մարզային խնդիրների լուծման պատասխանատվությունը կրում է կենտրոնական իշխանությունը: Սակայն կառավարական կառույցները երբեք էլ չգիտեն, թե համայնքներից յուրաքանչյուրի պրոբլեմներն ի՞նչ առանձնահատկություններ ունեն, եւ քանի որ չգիտեն, ու ջանք էլ չեն գործադրում իմանալու (եւ երեւի թե հնարավոր էլ չէ տիրապետել 930 համայնքներից ամեն մեկի յուրօրինակ ցավ ու դարդին), բավարարվում են ընդհանրական հանձնարարականներով ու միջանցիկ լուծումներով: Ահա ինչու կառավարական հոգատարությունը սովորաբար ուշացած կամ բոլորովին չի հասնում գյուղական հեռավոր ընտանիքներին:

Անկախության այս 15 տարիների ընթացքում մեր համայնքները պետության խորթ զավակի կարգավիճակում են եղել ու են: 930 համայնքներ հանրային գումարների ընդամենը 7 տոկոսն են ստանում: Եթե հաշվի առնենք, որ այդ 7 տոկոսի 2 տոկոսն էլ Երեւանին է գնում, ապա անհեթեթ պատկերը լիարժեք կդառնա: Անցած տարի մեր փորձագետները եղել են Շվեդիայում` համայնքային տեղական մոդելների ուսումնասիրության նպատակով: Նրանք զարմանքով պարզել են, որ մեր Վանաձորի չափ բնակչություն ունեցող Օռեվլո քաղաքի բյուջեն 900 մլն դոլար է կազմում, Վանաձորի 3 մլն-ի դիմաց: Ընդ որում, այդ 900 մլն-ի 43 մլն-ը տրամադրվել է միայն մի ծերանոցի:

Սոցիալական քաղաքականության նոր մոդելը, որ պիտի կիրառվի նոր իրականության պայմաններում, ներկայացրեց փորձագետ Աշոտ Եսայանը: Նա մանրակրկիտ նկարագրեց նոր քաղաքականության հիմնակմախքը` կայուն զարգացման բոլոր բաղադրիչներով եւ իհարկե, անվրդով լավատեսությամբ լեցուն: Մոդելը նախատեսում է նույնիսկ միգրացիոն գործընթացների կառավարում, որ միգրացիայի գործակալությունը տասնամյակից ավելի չի կարողանում իրականացնել: Նոր մոդելի կողմնակիցները գյուղական բնույթի խնդիրների մեջ օրենսդրորեն եւ գործնականում ուզում են ներքաշել նաեւ հասարակական կազմակերպություններին: Հայաստանում գրանցված 3 հազարից ավելի կազմակերպությունների մեջ «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը թերեւս միակն է, որ կարողացել է օրենքների բացակայությունից անկախ արդյունավետ համագործակցություն ստեղծել համայնքների տեղական իշխանությունների հետ եւ իսկապես գործնական օգնություն ցույց տալ նրանց: «Առաքելություն Հայաստան»-ի ղեկավար Հռիփսիկ Կիրակոսյանը պատմեց, որ հանրապետության 9 մարզերում իրենք 100 կառույցներ են ստեղծել ու նորոգել գյուղապետարանների ու թաղապետարանների օգնությամբ:

Բայց սոցիալական այս նոր մոդելն էլ կարելի է դիտարկել լոկ ցանկությունների չափման մեջ: Հենց մասնակիցների խոստովանությամբ, իրենք ընդամենը առաջին քայլն են անում ապակենտրոնացման նոր պայմաններում հարցերը տարբերակելու համար: Խճճված հարյուրավոր խնդիրներ կան, որոնց լուծման հաջորդականությունը պիտի դեռ լուծվի նոր հայեցակարգի մշակումով: Մեր փոքրիկ երկրի համար այսքան շատՙ 930 համայնքները կրճատելու համար սահմանադրությունը 2 ճանապարհ է առաջարկում` խոշորացում եւ միջհամայնքային միավորումների ստեղծում: Մինչեւ դրանք չստեղծվեն, ապակենտրոնացում չի լինի: Իսկ միջհամայնքային միավորումներ ստեղծելու կամ խոշորացնելու հայեցակարգեր չկան: Եվ բացի այդ, առանց համայնքի աշխատունակ բնակչի հնարավոր չէ լուծել տնտեսական խնդիրները, իսկ առանց տնտեսականիՙ հնարավոր չէ լուծել սոցիալականը:

Գյուղի աշխատունակ բնակիչները հեռուներում են, իսկ կլոր սեղանների շուրջը նրանց ընտանիքների սոցիալական կարիքները լուծելու հերթական ինքնախաբեությունն է լուրջ-լուրջ քննարկվում: Ինչպե՞ս, կոնկրետ ո՞ր ճանապարհով, ոչ ոք չգիտի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4