Սեպտեմբերի 23-ին Արցախում հերթական անգամ անցկացվեց Արվեստի մուրացանյան օրը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի գրողների միության պատվիրակությունըՙ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի գլխավորությամբ: Միջոցառման գլխավոր վայրը, ինչպես նախորդ տարիներին, Մուրացանի ծննդավայր Շուշիում էր, ավելի կոնկրետՙ մեծ գրողի անունը կրող դպրոցում: Նախ ծաղիկներ դրվեցին մեծ դասականի հուշարձանին, այնուհետեւ դպրոցի մեծ դահլիճում տեղի ունեցավ գիտաժողով նվիրված Մուրացանին:
Ինչպես բացման խոսքում նշեց ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, ավանդական այս տոնակատարությունը նպատակ ունի ոչ միայն վերարժեւորել Մուրացանի գրական հարուստ ժառանգությունը, այլեւ վերստին շեշտել հայրենասիրության գաղափարի մշտարթունության անհրաժեշտությունը: Գրողի ստեղծած կերպարները գործում են հենց այս առաքելությամբՙ իրենց կենսակերպով ցուցանելով, որ հայրենիքին անմնացորդ նվիրվելը պետք է լինի յուրաքանչյուր հայ մարդու գերխնդիրը:
Ի լրումն գործընկերոջ ասածիՙ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն ավելացրեց, որ Մուրացանի արվեստի առանցքը ճշմարիտ հայրենասիրությունն է, եւ նրա դավանած գաղափարաբանությունը այժմեական է նաեւ այսօր: Մտահոգություն հայտնելով ազգային ընկալումների մեջ խորթ արժեքների թափանցման հետեւանքների կապակցությամբ, Լ. Անանյանը կարեւոր համարեց Մուրացանի գաղափարներին հավատարիմ մնալը հիմա եւ այսուհետեւ:
Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը կանգ առավ Մուրացան-գրողի ինքնության խնդրինՙ ընդգծելով նրա հոգեկան աշխարհի առանձնահատուկ դրսեւորումը գրական եւ իրական կերպերի հարաբերություններում: Մյուս ելույթ ունեցողների, մասնավորապես բանաստեղծ Արտեմ Հարությունյանի, բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանի եւ այլոց խոսքը խարսխված էր Մուրացանի մեծ արվեստի հանդեպ պատկառանքի վրա:
Ազգային արժեքների կրումը գրական երկում սոսկ գեղարվեստականի բարձր նշաձողով չի կայանում, այլեւ դաստիարակչական նշանակության դիպուկությամբ: Այս առումով Մուրացանը միշտ ուսանելի է նաեւ հայ հասարակության մեջ աղանդավորական մտքի սաղմնավորումը կասեցնելու տեսանկյունից:
Գրքի ու գրականության հանդեպ հանրության սառնության ներկա պայմաններում դժվար է տաք պահել դասական արժեքների կենսական թրթիռը, եւ նմանօրինակ միջոցառումների դերը պետք է գնահատել ոչ միայն դրա գրական նշանակությամբ: Հատկանշական է, որ Արվեստի մուրացանյան օրվա շրջանակում, նույն օրվա երեկոյան, Ստեփանակերտի մշակույթի պալատում տեղի ունեցավ եւս մեկ ուշագրավ միջոցառումՙ գրական երեկո նվիրված գրող-պատմաբան Բագրատ Ուլուբաբյանի ծննդյան 80-ամյակին:
Արցախյան շարժման առաջատարի, որին Համո Սահյանը իրավամբ բնութագրել է իբրեւ հայ պատմության աչալուրջ սահմանապահի, կենսագրությունը դժվար ընթացք է ունեցել: Գրչի անխոնջ մշակն իր ազգասիրական գործունեության պատճառով վտարվելով հայրենի Արցախիցՙ սկզբնական շրջանում արժանվույն չի գնահատվել նաեւ մայր Հայաստանում, եւ այս մասին նույնպես նշվեց նրան նվիրված հոբելյանական երեկոյի ժամանակ: Միայն համբերատարության, համառ աշխատանքի ու անսպառ տաղանդի շնորհիվ Բագրատ Ուլուբաբյանը կարողացավ մնայուն տեղ հաստատել հայ գրական ու գիտական անդաստանում:
Հնչեցվեց նաեւ նրա ստեփանակերտյան տունը, որը երբեւէ իրավիճակի թելադրանքով վաճառվել է, պետության կողմից գնվելու եւ այն տուն-թանգարան դարձնելու անհրաժեշտությունը: Այս մտադրությունն, ի դեպ, արդեն քանի տարի շրջանառվում է տարբեր առիթներով, սակայն այդպես էլ իրականություն չի դառնում, եւ գուցե թե պահն է արդեն գաղափարն իրագործելու: Դա կլինի արժանի տուրք ժողովրդի արժանավոր զավակի հիշատակին:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ