ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, Երեւանի մամուլի ակումբի եւ հանրային հեռուստառադիոընկերության նախաձեռնությամբ եւ Միավորված ազգերի կրթության, գիտության ու մշակույթի կազմակերպության մոսկովյան գրասենյակի աջակցությամբ, սեպտեմբերի 23-24-ը «Կոնգրես» հյուրանոցում անցկացվեց «Ինքնակարգավորման մեխանիզմների ներդրումը Հայաստանի լրատվամիջոցներում» համաժողովը, որին մասնակցում էին տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչներ, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Քննարկվեցին հանրային հեռարձակման բնագավառում մամուլի օմբուդսմենի հաստատության ներդրման, մասնագիտական էթիկայի եւ հանրային հեռուստառադիոընկերության մասնագիտական վարքականոնների մշակման վերաբերյալ հարցեր: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, որ «Հայաստանում լրատվամիջոցների ինքնակառավարումը ոչ միայն կուժեղացնի տարբեր լրատվամիջոցների պատասխանատվությունը, այլեւ կմեծացնի նրանց անկախությունը»: Ներկաներին իրենց փորձի մասին պատմեցին Մ. Նահանգների ազգային հանրային ռադիոյի առաջին օմբուդսմեն եւ Շահագրգիռ լրագրողների հանձնաժողովի գործադիր տնօրեն Ջեֆրի Դվորկինը եւ Նորությունների օմբուդսմենի միջազգային կազմակերպության նախագահ եւ «Գարդիան» թերթի օմբուդսմեն Յան Մեյեսը:
Ռ. Պ.