Հայ բռնցքամարտիկը մարզական սխրանք գործեց
Հայկական պրոֆեսիոնալ բռնցքամարտի լավագույն ներկայացուցիչներից մեկը` Արթուր Աբրահամը կրկին հաջողությամբ պաշտպանեց IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Գերմանիայի Վետցլար քաղաքում Արթուրը դժվարին մենամարտում, ծանր վնասվածքով կարողացավ պարտության մատնել կոլումբիացի Էդիսոն Միրանդային, որը մինչ հանդիպումը բազմիցս խոստացել էր պարզապես ոչնչացնել մրցակցին: Արթուր Աբրահամը կարելի է ասել իսկական մարզական սխրանք գործեց: Մեկ ուրիշը գուցե վնասվածք ստանալով, հրաժարվեր մենամարտը շարունակել: Բայց հայ բռնցքամարտիկն իր մեջ ուժ գտավ պայքարելու մինչեւ վերջ եւ արժանի հաղթանակ տարավ բավական ինքնավստահ ու հանդուգն Միրանդայի նկատմամբ` ապացուցելով, որ իրոք քաշային իր կարգում ինքն ուժեղագույնն է:
Նշենք, որ երկու բռնցքամարտիկներն էլ մինչ այդ հանդիպումն անպարտելի էին պրոֆեսիոնալ ռինգում: 4-րդ ռաունդը ինչ-որ չափով ազդեց մրցակցության ընթացքի վրա: Արթուրը մրցակցին հարվածների տարափ հասցրեց եւ թվում էր, թե Միրանդան ուր որ է նոկաուտի կենթարկվի: Սակայն կոլումբիացին կարողացավ դժվարին իրավիճակից դուրս գալ եւ անցնել հակահարձակման: Հարվածներից մեկից հետո Աբրահամի շուրթը պատռվեց եւ սկսեց արյուն հոսել: Ընդհանուր առմամբ Միրանդան հաճախակի էր խաղի կանոնների խախտում թույլ տալիս` մրցակցին գոտկատեղից ներքեւ հարվածներ հասցնելով: Իսկ 5-րդ ռաունդում նա ստոր քայլի դիմեց` գլխով միտումնավոր հարվածելով Աբրահամի վնասված շուրթին` էլ ավելի խորացնելով վնասվածքը: Արյունահոսություն սկսվեց եւ մրցավարը վճռեց դադարեցնել հանդիպումը: Հետո նա շարունակեց մենամարտը` 2 միավոր հանելով Միրանդայից: 6-րդ ռաունդում էլ կոլումբիացին զրկվեց 2 միավորից` գոտկատեղից ներքեւ հարվածելու համար: Արթուրի առավելությունը կասկած չէր հարուցում, միակ հարցն այն էր, թե արդյոք կկարողանա՞ ծանր վնասվածքով դիմանալ եւ մինչեւ վերջ պայքարել: Ի պատիվ հայ բռնցքամարտիկի, Արթուրը կամք եւ վճռականություն դրսեւորեց եւ արժանապատվորեն պաշտպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը` ազնվության եւ քաջության հիանալի օրինակ ծառայելով նենգ մրցակցի համար: Բոլոր երեք մրցավարներն էլ հաղթանակը շնորհեցին Արթուրին (114-109, 115-109, 116-109):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ