«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2006-09-23 | #182, 2006-09-26 | #183, 2006-09-27


ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՌԱՆՁԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Հայտարարում է Վարդան Օսկանյանը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանում ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն իր ելույթում հավաստիացրել է, որ Հայաստանում ուշի-ուշով են հետեւում Կոսովոյի ինքնորոշման գործընթացին. «Մենք ինքներս խստագույնս պաշտպանում ենք Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման գործընթացը: Այդուհանդերձ, մենք զուգահեռներ չենք անցկացնում այս երկու կամ որեւէ այլ հակամարտության միջեւ: Հավատացած ենք, որ հակամարտությունները տարբեր են եւ յուրաքանչյուրի վերաբերյալ որոշում պիտի կայացվիՙ ելնելով նրա սեփական առանձնահատկություններից»: Այնուհետեւ Վարդան Օսկանյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վաղուց ընտրություն է կատարելՙ ներկայացված չլինելու Ադրբեջանի կառավարությունից: Նրանք պետական բռնության զոհ են եղել, պաշտպանել են իրենց եւ հաջողության հասել հակառակ ամեն ինչի: Իսկ Ադրբեջանի կառավարությունը կորցրել է նրանց անվտանգությունն ու ապագան ապահովելու վերաբերյալ առաջարկ ներկայացնելու բարոյական իրավունքն անգամ, ուր մնաց խոսի ԼՂ ժողովրդի խնամակալության մասին, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը:

Փաստելով, որ Ադրբեջանը վերջին 8 տարիների ներկայացված փոխզիջումային առաջարկները մերժելով չի ուզում կրել այսօր սեղանին դրված խաղաղության հաստատման ծրագիրը մերժած լինելու մեղադրանքը, Օսկանյանը վստահեցրել է, որ Ադրբեջանը փորձում է հնարավոր բոլոր միջոցները օգտագործել, որպեսզի հայկական կողմը լինի մերժողը: Սակայն Հայաստանի դիրքորոշումը հստակ է, իսկ ճանապարհը, որն ընտրել է Լեռնային Ղարաբաղն իր համար այս երկու տասնամյակներին, անշրջելի է, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանում նախօրեին հայտարարել է ՀՀ արտգործնախարարը, միաժամանակ ասելով. «Լեռնային Ղարաբաղը դատ չէ, այն վայր է, մի հնադարյան վայր, գեղեցիկ պարտեզՙ բնակեցված մարդկանցով, որոնք վաստակել են խաղաղ ու առանց վախի ապրելու իրավունքը: Մենք ավելին չենք պահանջում եւ ոչինչ պակաս չենք ակնկալում»:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4