Կամ էլ ցամաքով գնալու փոխարեն նստել ինքնաթիռ..
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի-Երեւան
Աբխազիա երբեւէ մուտք գործած Հայաստանի քաղաքացիների Վրաստանում ձերբակալությունների կապակցությամբ վրացական իշխանությունների դիրքորոշումը մնում է նույն բանաձեւի մեջՙ խախտվում է Վրաստանի օրենսդրությունը եւ իրավախախտները պիտի պատժվեն: Ավելին, մոտեցումն այնպիսին է, կարծես հայաստանցիները դիտավորությամբ խախտել են սահմանը եւ հետո էլ այցելել Վրաստան, որ «ստանան արժանի պատիժը»:
Հայաստանի քաղաքացիների ձերբակալությունների հետ կապված մանրամասներ հաղորդել էինք նաեւ «Ազգի» սեպտեմբերի 23-ի համարում` ներկայացնելով, թե ինչպես են հայաստանցիները Ռուսաստանից Աբխազիա կամ Հարավային Օսիա մտնելու ժամանակ անձնագրերում կնիք ձեռք բերում, որն էլ արդեն Վրաստանում պետական սահման խախտելու մեղադրանքի հիմք է դառնում: Խնդրի արտառոցությունն այն է, որ Աբխազիան ու Հարավային Օսիան վրացական օրենսդրությամբ դիտարկվում են որպես վրաց պետության մի մաս, որի սահմանը կարելի է հատել միայն վրացական իշխանությունների թողտվությամբ: Եվ քանի որ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում վրացական իշխանությունները չեն վերահսկում սահմանը, ստացվում է, որ այդ տարածքներ մուտքն ամեն դեպքում անօրինական է ըստ վրացական կողմի:
Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ, պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ, իշխող կուսակցության ներկայացուցիչ Գիգա Բոկերիան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ձերբակալությունների առնչությամբ ամենից առաջ հիշեց թուրքական մի քանի նավերի հետ կապված դեպքերը:
«Ազգի» հարցին, թե ինչպես է ստացվել, որ Վրաստանի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը սկսել է կիրառվել գոյություն ունենալուց բավականին անց, իսկ ավելի կոնկրետՙ վերջին մեկ-երկու ամիսներին, Բոկերիան պատասխանեց. «Եթե վրացական իրավապահ մարմինները ինչ-որ տեղ թերացել են, դա չի նշանակում, թե տվյալ պահին այդ հոդվածի կիրառությունը կրում է հակահայկական բնույթ կամ էլ ուղղված է որեւէ մեկի դեմ»:
Իսկ թուրքական նավերը հիշելն իր առանձնահատկությունն ունի: Գիգա Բոկերիայի մատուցմամբ, Հայաստանի քաղաքացիների ձերբակալություններից դեռ շատ առաջ նմանօրինակ իրավիճակում էին հայտնվում թուրքական նավերը, որոնք ծովային ճանապարհով անցնում էին Աբխազիա եւ վերադարձին ձերբակալվում վրացական իշխանությունների կողմից` ճիշտ նույն մեղադրանքով: Ամեն դեպքում, Բոկերիան այն կարծիքին է, թե պիտի հենց այդ ժամանակ էլ հայաստանցիները մտածեին: «Եվ ընդհանրապես, պետք է մտածել, թե ուր ես գնում: Եթե գնում ես մի տեղ, որտեղ քրեածին տարրերն են տնօրինում իրավիճակը, ապա պետք է մտածես հետեւանքների մասին», իրավիճակի առնչությամբ նման մոտեցում է ցուցաբերում Գիգա Բոկերիան:
«Ազգի» հարցին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Աբխազիա եւ Հարավային Օսիա գնալ ընդհանրապես չի կարելի, կամ էլ այդուհետեւ պետք չէ գնալ Վրաստան, Վրաստանի խորհրդարանի պատգամավորն ավելի պարզ պատասխան ունի. «Չնայած իրավիճակին, Աբխազիան Վրաստան է, եւ այդ սահմանը պետք է անցնել Վրաստանի համար ընդունելի, օրինական անցակետերից: Եթե Հայաստանի քաղաքացիները սեփական հարմարությամբ են առաջնորդվել ու մուտք գործել Աբխազիա, ինչը օրենքի խախտում է, ուրեմն պիտի պատժվեն»:
Մեր դիտարկմանը, թե Վրաստանի նման մոտեցման դեպքում հայաստանցիները ստիպված մնում են օդային ճանապարհի հույսին, քանի որ քիչ թե շատ հավանական եւ վրացական իշխանությունների տեսանկյունից օրինական միակ ցամաքային անցակետ մնացած Լարսը, չգիտես էլ ինչ տրամաբանությամբ, մնում է փակ, Գիգա Բոկերիան ավելի հեշտ պատասխանի արժանացրեց. «Դա էլ արդեն պետք է Ռուսաստանի հետ պարզել: Պետք չէ խախտել Վրաստանի օրենքները, իսկ Լարսի անցակետը բացելու հարցում մենք որեւէ խնդիր չենք տեսնում, այդ հարցը մնում է Ռուսաստանի հետ պարզել»:
Ամեն դեպքում, Վրաստանի նախագահի կուսակցության ներկայացուցիչ Բոկերիան իրավիճակն առանձնակի բարդ չի գնահատում այն տրամաբանությամբ, թե կա հանցանք, կա պատիժ: Մյուս կողմից, վրաց պատգամավորն առաջարկում է հայաստանցիներին չխախտել իր երկրի օրենքները, եւ ուղղակի տեղյակ լինել, որ Աբխազիա եւ Հարավային Օսիա մուտք գործելը կարող է բերել մինչեւ 2000 դոլարի չափով տուգանքի կամ էլ 3-5 տարվա ազատազրկման: Իսկ թե ինչպես քաղաքացիները կարող են իմանալ սահման խախտելու մասին, երբ Ռուսաստանից Աբխազիա անցնելիս որեւէ մեկն այդ առնչությամբ ոչինչ չի ասում, վրաց խորհրդարանականը իր «դեղատոմսն» ունի: Ըստ Բոկերիայի, պետք է եզրակացություններ անել Ռուսաստանի նման պահվածքից եւ ընդհանրապես իմանալ, որ «Աբխազիան Վրաստան է, վրացական պետության մի մասը»: