Եվրոմիության հետ «ներդաշնակության 9-րդ փաթեթի» շրջանակներում Թուրքիայի ազգային մեծ ժողովըՙ Մեջլիսն օրակարգ էր մտցրել երկրի ազգային փոքրամասնությունների կալվածքներին առնչվող օրինագիծը: Սակայն վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության որոշմամբ օրինագիծը հանվում է օրակարգից: Այդ ընթացքում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, պատճառաբանելով, թե օրինագծի ընդունման դեպքում «անհնար է լինելու կանխել Այա Սոֆիայի եւ Սումելայի տաճարների, Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու, Անիի ավերակների, հարյուրավոր այլ եկեղեցիների, ինչպես նաեւ եկեղեցապատկան կալվածքների վերագրումը համապատասխան համայնքներին», առարկել է դրան:
Դա հիմք է տվել այս կուսակցությանը հայտարարելու. «Այս դեպքում անխուսափելի կդառնա մեր նախնիների արյամբ հեղեղված հայրենի հողերի պատկանելության վիճարկումը», ավելինՙ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը պահանջել էր, որ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների համար նախատեսվող իրավունքները տրամադրվեն նաեւ արտերկրի թուրքական համայնքներին: Դա բուռն հակազդեցություն է առաջացրել Ստամբուլի հայ եւ հույն համայնքներում, որոնց շուրջ 100 ներկայացուցիչներ, հանդես գալով հաղորդագրությամբ, դատապարտել են ինչպես վերոհիշյալ օրինագիծը Մեջլիսի օրակարգից հանելուՙ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության արարքը, այնպես էլ Ժողովրդա-հանրապետական դիրքորոշումը, որն ակամա պատանդի կարգավիճակում է դնում Թուրքիայի ազգային փոքրամասնություններին:
Ի դեպ, հաղորդագրությունը ստորագրողների թվում են «Ակօսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը, «Զաման» թերթի սյունաշարի հեղինակ Էթիեն Մահճուպյանը, մեր թերթի երբեմնի աշխատակից Րաֆֆի Հերմոն Արաքսը եւ պոլսահայության այլ ներկայացուցիչներ:
Այս ամենին «Փոքրամասնության հաղորդագրությունը» վերնագրով անդրադարձել է «Միլլիեթը»: Թուրքական թերթը նշում է, որ հաղորդագրությունը ստորագրած Ստամբուլի հայ եւ հույն համայնքի ներկայացուցիչները Թուրքիայի ազգային փոքրամասնությունների նկատմամբ երկրում իշխանության եւ ընդդիմության դիրքորոշումը բնութագրելով խտրականության ակնհայտ դրսեւորում, խստագույնս դատապարտել են դրա ցուցաբերումը թուրքական օրենսդիր գերագույն մարմնի ամբիոնից:
Հաղորդագրությունում, ըստ «Միլլիեթի», իշխանությունը դատապարտվում էՙ խոստովանելու համար, որ երկրի ազգային փոքրամասնությունների խնդիրներին անդրադառնալը Եվրոմիությանն անդամակցության գործընթացի անհրաժեշտություն է, այլ ոչ թե քաղաքացիության իրավունքից բխող պարտականություն, իսկ ընդդիմությունըՙ ազգային փոքրամասնություններին իբրեւ պատանդ դիտարկելու եւ ձուլումը նրանց նկատմամբ որդեգրած դիրքորոշման հիմքում դնելու համար:
Ի դեպ, թուրքական իրականությունում աննախադեպ է նաեւ քաղաքացիության իրավունքներին հետամուտ լինելու հայ եւ հույն համայնքների վերոհիշյալ հաղորդագրությամբ արտահայտված վճռականությունը, առավել եւսՙ փոքրամասնության խնդիրներն անտեսելու համար իշխանություններին դատապարտելիս ընդդիմությանն էլ ուծացման քաղաքականության համար դատապարտելը:
Հ. ՉԱՔՐՅԱՆ