«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2006-09-23 | #182, 2006-09-26 | #183, 2006-09-27


ԴԱՏԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԳՈՐԾ «ԱԿՕՍԻ» ԽՄԲԱԳԻՐ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Սեպտեմբերի 22-ին, երբ Եվրոմիությունը Թուրքիայից պահանջում էր անհապաղ չեղյալ համարել քրեական նոր օրենսգրքի 301-րդ հոդվածը, իսկ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջն ընդառաջելու պատրաստակամություն էր հայտնում, Ստամբուլում Շիշլիի դատարանն արդարացնում է նույն հոդվածով թուրքերի ազգային արժանապատվությունը վիրավորելու մեջ մեղադրվող հայտնի թուրք գրող Էլիֆ Շաֆաքին:

Սակայն 4 օր անց այդ նույն 301-րդ հոդվածով քրեական գործ է հարուցվում «Ակօսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի դեմ: Ի դեպ, եթե դատախազությունը Էլիֆ Շաֆաքի դեմ գործ էր հարուցել իր վեպում 1915 թ. թեման արծարծելու համար, ապա Հրանտ Դինքի դեմ գործը հարուցվում է Հայոց ցեղասպանության փաստը հրապարակավ հաստատելու պատճառով:

«Ակօսի» գլխավոր խմբագրի դեմ հարուցված գործին անդրադառնում են թուրքական կենտրոնական թերթերը: Դրանցից «Ռադիկալը» նշում է, որ 301-րդ հոդվածի վերջին զոհը Հրանտ Դինքն է, նրա դեմ գործ է հարուցվել «Ռոյթեր» գործակալությանը տված հարցազրույցի համար, եւ նրան սպառնում է 6 ամսից մինչեւ 3 տարվա ազատազրկում:

Ըստ «Ռադիկալի», Հրանտ Դինքը, պատասխանելով «Ռոյթերի» հարցին, հայկական կոտորածների առնչությամբ ասել է. «Դրանք իհարկե ցեղասպանություն են, որովհետեւ արդյունքներն են այդպես բնութագրում: Այդ իրադարձությունների հետ իսպառ վերացել է մի ամբողջ ժողովուրդ, որն առնվազն 4 հազար տարի բնակեցնում էր այս հողերը»:

«Ակօսի» խմբագիրը քրեական գործի հարուցման առնչությամբ մատնանշել է. «Ինձ թիրախ դարձնողների արմատները խորն են, կարծում եմ նրանք (Մեծ իրավաբանների միության նախագահի մասին է) քերինչսիզներով չեն սահմանափակվում, այլ նրանց թիկունք տվողներն են: Նպատակը աչքս վախեցնել եւ կարգի հրավիրելն է: Սակայն չեմ պատրաստվում հրաժարվել հետագա պայքարից, նրանք էլ չեն հրաժարվի ինձ հետապնդելուց»:

Հիշեցման կարգով նշենք, որ 2004 թ. փետրվարի 13-ին «Ակօս» շաբաթաթերթում հրապարակած հոդվածաշարի համար Շիշլիի երկրորդ ատյանի դատարանը Հրանտ Դինքին դատապարտել էր 6 ամսվա ազատազրկման, այնուհետեւ պայմանական հետաձգել էր վճռի ի կատար ածումը: Այսինքն, եթե «Ակօսի» գլխավոր խմբագիրը նոր գործի առնչությամբ մեղավոր ճանաչվի, ապա ստիպված է լինելու կրել նաեւ նախորդ պատիժը:

Հրանտ Դինքի դեմ դատական գործի հարուցումը որեւէ մեկնաբանություն չի պահանջում: Բայց որ նա թուրքական իրականությունում կարողանում է 1915 թ. իրադարձությունները բնութագրել ցեղասպանություն եւ այդ մասին ի լուր աշխարհի հայտարարելՙ այն էլ «Ռոյթերի» պես ամենահեղինակավոր գործակալության տված հարցազրույցում, աննախադեպ համարձակություն է պոլսահայության համար, անվիճելի է:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4