2006 թվականի նոյեմբերի 1-ից Երեւանում ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժինը արտոնագրի դիմումների ձեռագիր տարբերակի փոխարեն ընդունելու է միայն էլեկտրոնային տարբերակը: Ըստ Հայաստանում ԱՄն դեսպանատան հաղորդագրության` այս դեպքում արդեն դիմումը ներկայացնելուց հետո այլեւս անհրաժեշտ չի լինի երկար սպասել հարցազրույցի, քանի որ հյուպատոսական բաժնի աշխատակիցներն այլեւս ստիպված չեն լինի մուտքագրել արտոնագրի համար դիմում ներկայացրած քաղաքացիների տվյալները: Իսկ արդեն այսօրվանից ովքեր ոչ ներգաղթային արտոնագրի համար կդիմեն էլեկտրոնային եղանակով` ավելի շուտ կհրավիրվեն հարցազրույցի: Դիմումի էլեկտրոնային տարբերակի օգտագործումը թույլ կտա բարելավել սպասարկման որակը, ապահովել տվյալների արագ եւ ճշգրիտ մուտքագրումը, կրճատել հաճախորդների սպասումը` այսպես է հիմնավորված նոր կարգին անցումը հաղորդագրության մեջ: Դիմումի էլեկտրոնային տարբերակը պետք է լրացնել նախքան հարցազրույցի մասին պայմանավորվածություն ձեռք բերելը, քանի որ հարցազրույց նշանակելու համար քաղաքացին հյուպատոսական աշխատակցին պետք է հայտնի բարկոդի համարը:
Դիմումի էլեկտրոնային տարբերակում (EVAF) լրացվում են ճիշտ նույն տվյալները, որոնք պահանջվում են ներկայիս DS-156 դիմումի ձեւում: Դիմումի էլեկտրոնային տարբերակը տեղակայված է http://evisaforms.state.gov հասցեում: Դիմումի ձեւը պետք է լրացնել ցանցում, տպել մեկ օրինակ, ապա հարցազրույցի գնալիս ներկայացնել դեսպանատուն: Դիմումի էլեկտրոնային տարբերակում տվյալները լրացվում են անգլերեն լեզվով: Բայց ԱՄՆ դեսպանատան կայքի http://usa.am/consular էջում հայերեն եւ ռուսերեն լեզուներով կարելի է գտնել հրահանգներ դիմումը լրացնելու վերաբերյալ:
Այնուհետեւ հաղորդագրության մեջ տեղեկացվում է, որ դիմումն ինտերնետում առցանց լրացնելու եւ տպելու համար ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել ինչպես տարբեր ինտերնետ կենտրոններից, այնպես էլ Երեւանում եւ Գյումրիում գործող ամերիկյան կենտրոններից:
Մ. Խ.