Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է եւ երեկ քննարկվեց հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտը կարգավորող ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրենքի նախագիծը, որն արդեն անհանգստացրել է ընդդիմադիր շրջանակներին, ինչպես նաեւ մի շարք լրագրողական կազմակերպությունների:
Օրինակ, «Արդարություն» խմբակցությունից Ստեփան Զաքարյանի կարծիքով, նախագծում կառավարության ներկայացրած փոփոխություններն էլ ավելի կմենաշնորհեն հեռուստաարտադրանքի ոլորտը, քանի որ, ըստ դրանց, ով լիցենզիա չունի, նաեւ իրավունք չի ունենա արտադրանք տալու:
Այսինքն` եթե ոչ ոք չի կարող արտադրանք տալ, բացի եթեր հեռարձակվող հեռուստատեսություններից, էլ ի՞նչ գործ ունի անելու հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը, որեւէ նոր հեռուստաընկերություն ինչպե՞ս է ստեղծվելու` միայն ֆինանսական գործոնո՞վ. «Ա1+-ին զրկեցին եթերից, հերիք չէ, հիմա էլ ուզում են ընդհանրապես փակել: Լիցենզիա չունեցողը նաեւ արբանյակային կապից է զրկվելու: Իսկ ընդդիմությունն էլ ստիպված պետք է լինի միայն գործող հեռուստաընկերություններում «ռոլիկ» պատվիրել: Սա աբսուրդ է», «Ազգի» հետ զրույցում ասաց Ս. Զաքարյանը:
Իսկ «Ինտերնյուսը», Երեւանի մամուլի ակումբը, Գյումրիի «Ասպարեզ» ակումբը եւ Հայաստանի ժուռնալիստների միությունը երեկ, անհանգստացած օրինագծի դաշտը սահմանափակող դրույթներից, ներկայացրել են իրենց դիտողություններն ու առաջարկները: Դրանք կներկայացնենք այսօր Ազգային ժողովում տեղի ունենալիք նախագծի քննարկումների առիթով մեր անդրադարձում:
Մ. Խ.