«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2006-09-23 | #182, 2006-09-26 | #183, 2006-09-27


ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄ

Խորհրդարանի մուտքը Դեմիրճյան փողոցի կողմից երեկ ավելի մարդաշատ էր, քան դահլիճը, որտեղ արտահերթ նիստ էր ընթանում: Դահլիճում տասնյակից քիչ ավելի պատգամավորներ քննարկում էին «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագիծը, մուտքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել մայրաքաղաքի կենտրոնի այն բնակիչները, ում սեփականությունն օտարվել է: Ցուցարարները դժգոհում էին իրենց օտարված սեփականության դիմաց տրված փոխհատուցումից, պատգամավորներըՙ օրինագծից: Այն որակվեց անարդար, կիրարկումըՙ հանցավոր, քանի որ ուղղված է թայֆայի եւ իշխանության շահերի պահպանմանը եւ ատելություն է սերմանում նրանց հանդեպ, ովքեր մարդկանց դուրս են անում պապենական տներից նրանց այլընտրանք չթողնելով, քան եվրոպական դատարան դիմելն է: Ասվածը պատգամավորներ Արշակ Սադոյանի, Գրիգոր Հարությունյանի, Հովհաննես Մարգարյանի կարծիքների հանրագումարն է, որին ավելի մեղմ ձեւակերպումներով համամիտ էին գոնե մյուս ելույթ ունեցած 8-9 պատգամավորները: Ի դեպ, Հանրապետական մեծամասնությունը ներկայացավ միայն քվորում ապահովելու, այնուհետեւ որպես մեծամասնություն բացակայություն ապահովեց: Մինչդեռ մնացյալները դեմ արտահայտվեցին օրինագծին: ՄԱԿ խմբակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը փաստեց, որ լիարժեք սեփականության օտարման դեպքում գոհունակության ակնկալիքը տեղին չի լինի, սակայն նույնքան անտեղի ու անարդարացի գտավ հասարակական շահի եւ սեփականատիրոջ շահերը հավասարեցնելու հեռանկարը: Գերակայություն չսահմանելու դեպքում օրինագծի անընդունելիությունը կհաստատվի քվեարկությամբ, ըստ Արսենյանի:

«Արդարություն» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների կողմնորոշումն էլ նույնն է, համոզմունքը, որ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագիծը պարզապես նախապես իրականացված անօրինությունների օրինականացման փորձ է եւ ուրիշ ոչինչ:

Ներկայացված կարծիքների արտահայտմանն ու քննարկմանը նախորդել էր վարման կարգի շուրջ մոտ տասը պատգամավորների բանավեճը օրինագծի քննարկումը հասարակական լսումներով նախորդելու առնչությամբ: Նախորդ նստաշրջանում օրինագիծն օրակարգից հանեց ԱԺ նախագահը, քանի որ չէր ներառվել փաթեթում եւ պատգամավորներն անտեղյակ էին բովանդակությանը: Այնուհետեւ հապշտապ եւ քվորումի շինծու ապահովմամբ իրականացվեց առաջին ընթերցումը, ըստ Գրիգոր Հարությունյանի: Երեկ էլ կազմակերպվեց երկրորդ ընթերցումը արտահերթ նիստում առանց նախապես լսումներ իրականացնելու, չնայած պետաիրավական հարցերի հանձնաժողովը նախատեսել էր առաջիկա նիստն ընդլայնված անցկացնել, այսինքն լսումները կայացնել, սակայն հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանի հավաստմամբ եւ փաստացի, կառավարությունը շաբաթն ուրբաթից առաջ բերեց: Իսկ լսումներ կազմակերպելու առաջարկներն էլ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի պնդմամբ չեն արվել սահմանված ընթացակարգովՙ հետեւաբար եւ բացթողման կամ չարաշահման մեջ մեղադրանքներն անտեղի են: Խորհրդարանականները քվեարկությամբ անտեղի համարեցին նաեւ նիստի տեսագրությունն ամբողջովին հեռուստատեսությամբ հեռարձակելու առաջարկըՙ 40 կողմ ձայն տրվեց անհրաժեշտ 66-ի փոխարեն:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքը կտրականորեն տարբերվում էր խորհրդարանականների մոտեցումներից: Նախարարի պնդմամբՙ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագծի ընդունման դեպքում կապահովվի սեփականատիրոջ պաշտպանվածությունը, քանի որ սահմանում է փոխհատուցումըՙ այն գինն է, որը շուկայում կվճարվեր այդ բնակարանի դիմաց, գումարած դրա տասը տոկոսը: Ի դեպ, նշված տասը տոկոսը սահմանվել է հինգի փոխարեն հիմք ընդունելով պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանի, Գուրգեն Արսենյանի, Գրիգոր Ղոնջեյանի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ընդհանուր առաջարկը: Օրինագծի մշակմանն ու հղկմանը նպաստել են ստացված առաջարկները, որոնց մի մասը տեղ է գտել օրինագծում: Իսկ վերջինի անհրաժեշտությունը պայմանավորված է սահմանադրության փոփոխություններով: Կարեւորվում է հատկապես օտարման անհրաժեշտությունը որոշող մարմնի եւ նրա իրավասությունների սահմանումը: Իրավունքը տրվել է ՀՀ կառավարությանըՙ որոշում կայացնելու օպերատիվություն ապահովելու նպատակով: Օտարման որոշումն էլ պետք է կայացվի հասարակության շահի գերակայմամբ: Անօրինականության դեպքում էլ կան դատարաններն ու նաեւ ՀՀ Սահմանադրական եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ըստ նախարարի դժգոհության հիմք չկա:

Մինչդեռ ցուցարարների եւ խորհրդարանական ընդդիմության համակարծությունը արտահայտվում էր մինչեւ քննարկումը հասարակական լսումներ կազմակերպելու անհրաժեշտությամբ:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4