Որին, ըստ ԿԲ նախագահի, երկար ենք սպասել
Ինչպես այս կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց արդեն «ԱԳԲԱ-Կրեդիտ ագրիկոլ բանկի» գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը, «Կրեդի ագրիկոլ բանկի» հետ երկարատեւ բանակցություններից հետո վերջինս դարձավ հայկական բանկի 28 տոկոսի բաժնետեր: ACBA-ն ունեցավ ինստիտուցիոնալ ներդնող: «Կրեդի ագրիկոլի» հետ ACBA-ի համագործակցությունը տեւել է 12 տարի: Այդ ընթացքում «Կրեդի Ագրիկոլ» բանկային խմբի մեջ մտնող ֆրանսիական «Կրեդի ագրիկոլ լիզինգի» մասնակցությամբ ստեղծվել է «Ագբա լիզինգ» վարկային կազմակերպությունը: Այս համագործակցության վերջնական արդյունքում էլ «Կրեդի ագրիկոլը» դարձավ ACBA բանկի ամենախոշոր փայատերը: Դրան նպաստել էր նաեւ այն, որ երկու բանկերի հիմնական ուղղվածությունը գյուղատնտեսությունն է:
Ներկայացնելով «Կրեդի ագրիկոլին», Ստեփան Գիշյանը տեղեկացրեց, որ այն աշխարհի խոշորագույն բանկերից մեկն է եւ գտնվում է առաջին հնգյակում, իսկ Եվրոպայում առաջատար բանկն է: Այս բանկային խմբի մեջ են մտնում նաեւ լիզինգային, ապահովագրական, սպառողական վարկեր տրամադրող, միջազգային ներդրումներ ֆինանսավորող եւ ակտիվներ կառավարող դուստր ընկերություններ: Բանկային խմբի կապիտալը կազմում է 51 մլրդ եվրո, չբաշխված շահույթըՙ 6 մլրդ եվրո, իսկ աշխատակիցների թիվը ավելի քան 62 հազար:
«ԱԳԲԱ-կրեդի ագրիկոլ բանկի» գլխավոր գործադիր տնօրենը հայտնեց, որ բանկի նոր բաժնետերը կանոնադիր կապիտալում ներդրումներ է կատարել, որի արդյունքում կանոնադիր կապիտալը հասել է 10 մլրդ դրամի: Այդ նպատակով թողարկվել էին լրացուցիչ բաժնետոմսեր: Շուտով բանկում կներդրվեն ժամանակակից միջազգային փորձը, մենեջմենտն ու կորպորատիվ կառավարման համակարգը: Մի խոսքով, ըստ Ստեփան Գիշյանի, Հայաստանում երկրորդ համաշխարհային բրենդը կհայտնվի:
Հայաստանում երկրորդ համաշխարհային բրենդի հայտնվելը կարեւորեց նաեւ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը, ասելով, որ դրան երկար ենք սպասել: Ըստ ԿԲ նախագահի, այս իրադարձությունը մի քանի կարեւոր իրադարձություններ է մատնանշում: Առաջինըՙ դա վկայում է, որ մեր բանկային համակարգը հրապուրիչ է արտասահմանյան ներդնողների համար: Ներկայումս հայկական բանկերի կապիտալի մեծ մասը օտարերկրյա ներդրողներինն է: Երկրորդըՙ սա նշանակում է, որ կաշխուժանա բանկերի մրցակցությունը եւ երրորդՙ սա վկայում է, որ բանկային համակարգի հուսալիությունը բարձր է, եւ հուսալի գործիքներ են առաջարկվում հաճախորդներին: Հիշեցնելով 15 տարվա ընթացքում բանկերի սնանկանալու դեպքերը, Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ բանկերի նկատմամբ վստահությունը վերականգնելու խնդիր ունենք եւ այնպիսի վարկանիշ ունեցող բանկի, ինչպիսին «Կրեդիտ ագրիկոլն» է, հայտնվելը Հայաստանում այս առումով չափազանց կարեւոր իրադարձություն է: Մինչ այժմ միջազգային վարկանիշ ունեցող միակ բանկը Հայաստանում HSBC-ին էր, իսկ այժմ, ըստ ԿԲ նախագահի, կունենանք այլընտրանք:
Եզրափակելով մամուլի ասուլիսը եւ հանդես գալով արդեն որպես Հայաստանի բանկերի միության նախագահ, Ստեփան Գիշյանը կրկին հավաստիացրեց, որ Հայաստանի բանկային համակարգը բավականին առողջ է, եւ ներդնողներին այս ոլորտում տհաճ անակնկալներ չեն սպասվում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ