«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2006-09-23 | #182, 2006-09-26 | #183, 2006-09-27


ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻՑ ԵՆ

ՏՏ ոլորտում, ըստ Գարեգին Չուգասզյանի, ունենք մեծ ներուժ, բայց խնդիրներ ինտերնետի, կրթության հարցերում

«Տեղեկատվական տեխնոլոգիաներ հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1998 թ.-ին: Կազմակերպության հիմնական առաքելությունն էր Հայաստանում բարձրացնել իրազեկությունը տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ, ուսուցիչների, լրագրողների, որոշում կայացնողների համար կազմակերպված սեմինարներով, կոնֆերանսներով, քննարկումներով: Գործունեության հաջորդ քայլը միջազգային կոնֆերանսներն էին: ՏՏ հիմնադրամն առաջին կազմակերպությունն էր Հայաստանում, որ 2000 թ.-ին Երեւանում միջազգային կոնֆերանս հրավիրեց` «Ինտերնետը եւ հասարակությունը» թեմայով: 2002 թ.-ին հրավիրվեց «Էլեկտրոնային զարգացումը Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում» կոնֆերանս, որին մասնակցեցին 150-ից ավելի մասնակիցներ 14 երկրներից: Այնուհետեւ հաջորդեցին մրցույթները: Առաջին մրցույթն անցյալ տարի էր, երկրորդ համահայկական մրցույթն անցկացվում է այս տարի, սեպտեմբերի 29-ին էլ կլինի մրցույթի ամփոփիչ համերգը: Ներկայացված նախագծերի թիվն աճել է մոտ 40 տոկոսով, շուրջ 300 նախագիծ: Ի դեպ, այս մրցույթները համարվում են ազգային, այսինքն` դրանցում հաղթողները ինքնաբերաբար դառնում են համաշխարհային մրցույթի մասնակից` 8 անվանակարգերում. էլեկտրոնային մշակույթ, էլեկտրոնային բիզնես, էլեկտրոնային զվարճալիք, առողջապահություն, էլեկտրոնային կառավարում եւ այլն: Գոյություն ունեն եւս երկու անվանակարգեր` հայագիտության եւ մայրենի լեզվի, որ նպատակ ունի խրախուսելու հայերենի օգտագործումը վեբում եւ էլեկտրոնային բովանդակության մեջ:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Գարեգին Չուգասզյանի խոսքերով, այս ամենը հասարակական կազմակերպության շրջանակներում է: Գործում է նաեւ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ կրթություն» մուլտիմեդիաների արտադրող ընկերություն, որի աշխատանքներից երկուսն անցյալ տարի համաշխարհային մրցանակների են արժանացել: ՄԱԿ-ի տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի մրցույթն անց է կացվել երկու փուլով` 2003 թ.-ին Ժնեւում, 2005 թ. Թունիսում: Ներկայացված էին 20 հազար գործ 168 երկրներից 8 անվանակարգերում, որոնցից յուրաքանչյուրում էլ Հայաստանը ներկայացված էր: «Էլեկտրոնային մշակույթ» անվանակարգում «Արամ Խաչատրյանի կյանքն ու գործը» մեդիասկավառակը ճանաչվեց աշխարհի լավագույն էլեկտրոնային մշակույթի մուլտիմեդիայի գործ, ի թիվս այնպիսի ֆիրմաների, ինչպիսիք են IBM-ը, Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը, BBC-ն եւ այլն: «Էլեկտրոնային կրթության» ասպարեզում Եղեռնին նվիրված սկավառակը արժանացավ հատուկ մրցանակի: «Այդ առնչությամբ Թունիս հրավիրվեց նաեւ ՀՀ վարչապետը, որպես հաղթող երկրի ներկայացուցիչ` հանձնելու էլեկտրոնային մշակույթ անվանակարգի մրցանակները: Դա արդեն երկրորդ անգամ անընդմեջ էր, քանի որ Ժնեւում եւս Ռոբերտ Քոչարյանը մրցանակներ էր բաժանում շնորհիվ այն բանի, որ հայկական մեկ որիշ գործ` ֆիզիկայի ինստիտուտի Աշոտ Չիլինգարյանի կողմից գլխավորվող տիեզերական մասնիկների հետազոտության կենտրոնը ստացել էր էլեկտրոնային գիտության գլխավոր մրցանակը»: Այսինքն Հայաստանն այն հազվագյուտ 14 երկրների կազմում է, որոնք երկու տարի անընդմեջ 2003 թ.-ին եւ 2005 թ.-ին գլխավոր մրցանակներ են շահում:

Ինչ վերաբերում է արդեն իսկ ներկայացված «մեկ ամիս ապագայում» ՏՏ մեկամսյակին, ապա դրա առանձնահատկությունն, ըստ պրն Չուգասզյանի, այն է, որ առաջին անգամ ՏՏ ոլորտի հեղինակավոր կազմակերպություններ որոշեցին համատեղ միջոցառումներ իրականացնել: Թե ինչու է ընտրվել «մեկ ամիս ապագայում» անվանումը, Չուքասզյանի մոտեցմամբ, ապագան եւ անցյալը փոխկապակցված են: «Մեզ` հայերիս բնորոշ է, որ մեր ավանդությունը միշտ նորարարական է եղել, ստեղծագործական: Սա է ամենակարեւոր ավանդությունը: Մենք միշտ եղել ենք նորարար ՏՏ ասպարեզում: Գրերի գյուտը տեղեկատվական տեխնոլոգիա է, տպագրությունը եւս: Հայերը միշտ եղել են նորի ներբերողը եւ տարածողը: Դրա համար էլ մեզ համար տեղեկատվական տեխնոլոգիաները ավանդություն են, ոչ թե 50, այլ 1500 տարվա պատմություն: Անգամ խորհրդային տարիներին համակարգիչների արտադրության գծով Հայաստանը առաջիններից էր ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլեւ աշխարհում: Աշխարհում 3-4 երկիր կար, որ համակարգիչ էր արտադրում, եւ Հայաստանը դրանցից մեկն էր: Այդ իմաստով էլ հետաքրքիր է ավանդությունը»:

«Մենք ցանկանում ենք Հայաստանում այդ նորարարական ներուժն ի հայտ բերել, միավորել մեկ բռունցքում եւ դրա հիման վրա ներդրումներ բերել: Մեր հարեւանների համեմատությամբ մենք բավականին լուրջ ներուժ ունենք, սակայն ինտերնետի պարագայում, որ զարգացման կարեւոր նախապայմաններից մեկն է, մեզ մոտ խնդիր կա, ինչի մասին բավականին խոսվում է»: Ըստ Չուգասզյանի, խնդիր է նաեւ կրթության որակը, որ չի բավարարում բիզնեսին: «Կրթությունը հիմնականում կազմակերպվում է այն բուհերում, որտեղ դասախոսներն ավելի քիչ գումար են ստանում, քան ուսանող-ծրագրավորողները: Լավագույն կադրերին պետք է պահել` ուժեղացնելով բիզնեսի եւ կրթության կապերը: Լավ օրինակ են Synopsis, Lycos եւ այլն: Անհրաժեշտ է, որ կրթության մեջ ինտերվենցիաներ լինեն թե՛ տեխնիկական հագեցվածության, թե՛ դասախոսների առումով: Անհրաժեշտ է նաեւ հավակնոտ ծրագրեր իրականացնել դպրոցներում: Կան զարգացող երկրներ, որտեղ արդեն որոշվել է, որ դպրոցական տարիքի երեխաները ստանան դյուրակիր ձեռքի համակարգիչ: Հայաստանում էլ պետք է նման ծրագիր, քանի որ պետք է հասկանալ, որ համակարգիչը գործիք է, յուրաքանչյուր աշխատանքում, ասպարեզում արդյունավետությունը բարձրացնող հզոր միջոց»:

Խնդիր է նաեւ հատուկ գոտիների ստեղծման հարցը: «Հարեւան երկրները գիտակցում են, որ պետք է նպաստող հատուկ միջավայր ստեղծել այս ոլորտի զարգացման համար: Գոտիավորումը կարեւոր է ոլորտի զարգացման համար, մինչդեռ Հայաստանում գոտիականություն չի իրականացվում` նախընտրելով մոտեցումը, թե հավասարություն է պետք: Ես կտրականապես համաձայն չեմ այդ մոտեցմանը, քանի որ եթե ինչ-որ ոլորտի արտադրությունը բարձրացնում է բոլոր ոլորտների արտադրողականությունը, ուրեմն այդ ոլորտին պետք է զարկ տալ, ազատել կապանքներից», պարզաբանում է ՏՏ հիմնադրամի գործադիր տնօրենը: Կան նաեւ այլ խնդիրներ, բայց պետք է կարողանալ առաջնահերթություններ դնել, նվազ ջանքերով մեծ արդյունք ստանալ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4