Երեկ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմին պարգեւատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի եւ Արիության մեդալներով: Առաջին աստիճանի մեդալակիրներ են դարձել արշավախմբի ղեկավար Զորի Բալայանը, նավապետ Կարեն Բալայանը, նավապետ-խորհրդատու Սամվել Կարապետյանը, իսկ Արիության մեդալակիրներՙ նավաստի-օպերատոր Սամվել Բաբասյանը, հերթափոխի պետ Հայկ Բադալյանը, նավապետի օգնական Արեգ Նազարյանը, հերթափոխի պետ Արմեն Նազարյանը եւ նավաստի-խոհարար Սամվել Սարգսյանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել նավաստիներինՙ եռամյա նավագնացության համարձակ մտահղացումը փայլուն իրականացնելու համար: Կիլիկիացիները նախագահին են հանձնել ճամփորդության այս վերջինՙ երրորդ փուլում նավի վրա ծածանված եռագույնն ու նավի հուշանվեր մոդել նվիրել: Ռոբերտ Քոչարյանն առագաստանավի անձնակազմի հետ քննարկել է նավի վերջնական հանգրվանի հարցը եւ ասել, որ յուրաքանչյուր տարբերակի ընտրության դեպքում կարվի առավելագույնը «Կիլիկիան» արժանի հանգրվանով ապահովելու համար:
Թ. Մ.