«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2006-09-23 | #182, 2006-09-26 | #183, 2006-09-27


ՓԱՓԱԶՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՆՈՐ «Steinway»-Ը

Սեպտեմբերի հագեցած, գեղադիտակի պես փոփոխուն համերգային ցանկում հանրապետության ընդհանուր տոնի պայմաններում իր տեղը գրավեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում կայացած երեկոն: Դրա նշանակալիությունը նախ եւ առաջ այն էր, որ Երեւանը վերջնականապես հարստացավ «Steinway & Sons» հռչակավոր ֆիրմայի նոր համերգային դաշնամուրով, որը փոքր-ինչ կբարելավի մայրաքաղաքի համերգային գործիքների պակասի հետ կապված աննպաստ իրավիճակը: «Steinway»-ի վրա առաջին անգամ նվագելու պատվին արժանացավ աշխարհահռչակ երաժիշտ Արթուր Փափազյանը, որն ամռանն անձամբ ընտրել էր այդ գործիքը Համբուրգում:

Փափազյանի ելույթը, որն առաջին հրապարակայինն էր 2005 թ. նրա հայրենիք վերադառնալուց հետո, հավելյալ հետաքրքրություն առաջացրեց հիշարժան երեկոյի նկատմամբ: 1983 թվականից Փափազյանը 22 տարի ապրել է ԱՄՆ-ում, պահպանելով բարձրակարգ դաշնակահարի իր համբավը: Փափազյանի ամերիկյան կյանքի եւ նրա ներկայիս մտադրությունների վերաբերյալ եղած բացը ինչ-որ չափով լցրեց Մելանյա Բադալյանի ծավալուն հրապարակումը («Ազգ», 21 հունվարի, 2006 թ.): Երեւանցիների հիշողության մեջ դեռ թարմ են տպավորություններն Արթուր Փափազյանի 1998 թ. ելույթի (երբ նա հանդես եկավ Լ. Վան Բեթհովենի բոլոր դաշնամուրային կոնցերտների շարքով), ինչպես նաեւ 1999 թ. մարտյան ելույթների մասին, երբ երկու երեկոներից առաջինը ներառում էր Ֆ. Շոպենի երկու Դաշնամուրային կոնցերտները (Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի վահանակի մոտ էր Լ. Ճգնավորյանը), իսկ երկրորդըՙ նրա բոլոր 24 պրելյուդները եւ 24 էտյուդները:

Նյույորքյան կյանքից, Carnegie Hall-ից եւ ամերիկյան սնոբիզմից հետո հայրենիքում առաջին ելույթը պակաս պատասխանատու չէր: Չէ՞ որ աներեւակայելիորեն օժտված դաշնակահարն ու նրբազգաց արվեստագետն արդեն 1980 թ.ՙ 26 տարեկանում միջազգային երեք մրցույթի դափնեկիր էր, ըստ որումՙ Լիսաբոնի առաջին մրցանակի եւ Վարշավայի երրորդ մրցանակի դափնեկիր: Դեռ ԱՄՆ մեկնելուց առաջ Երեւանի (պրոֆեսոր Գեորգի Սարաջեւի դասարան) եւ Մոսկվայի (պրոֆ. Յակով Միլշտեյնի դասարան) կոնսերվատորիաների սան Փափազյանը Հայաստանի լավագույն դաշնակահարներից մեկն էր: Նրա վառ անհատականությունը գերազանց դրսեւորվում էր ինչպես 19-րդ դարի ռոմանտիկների ստեղծագործություններումՙ Շոպենի գլխավորությամբ, այնպես էլ ժամանակակից հայ կոմպոզիտորների գործերում (շատ երկրներում հայտնի է դարձել մինչեւ օրս չգերազանցվածՙ Հարություն Դելլալյանի «Ձոն Կոմիտասին» դաշնամուրային սոնատի կատարումը):

Իր տեխնիկական ապարատը վաղ հասցնելով վիրտուոզության բարձր աստիճանի, Փափազյանը երիտասարդ տարիներին եւս չէր համարվում «տեխնիկ»: Նրա համար առաջնայինը բանաստեղծական ներշնչանքի ոլորտն էր, վեհ զգացմունքների արվեստը: Եվ այստեղ հասակակիցների մեջ նրան հավասարը չկար: Լավագույնը վերցնելով հայկական եւ ռուսական դաշնամուրային դպրոցներից, Փափազյանն իր անհատականության տեղը սահմանեց քնարականության եւ ռացիոնալիզմի հանգուցակետում: Այլ կերպ ասած, նրա համար առաջնային դարձավ ոչ թե տարերայնությունը, այլ երաժշտական զարգացման, ձայնային համամասնությունների, ռիթմիկ եւ գունային արտահայտչականության հայտնաբերման ճշգրտությունը:

Ճիշտ է, երբ ներքին հուզական էներգիան սկսում է «եռալ», դաշնակահարը դուրս է գալիս նախապես որոշվող արտահայտչականության սահմաններից: Երաժշտության տրամաբանական զարգացման շնորհիվ սկսվող այդ «եռքի» վրա նաեւ անդրադառնում է Փափազյանի անհատականությունը, որը ենթակա է միայն բուն ստեղծագործական գործընթացին: Գուցե այդ պատճառով է, որ «Վաշինգտոն փոստի» հոդվածում մի առիթով Ա. Փափազյանին անվանել են «մոնստր դաշնակահար» (a monster pianist):

Վերադառնալով «Steinway» համերգային դաշնամուրի ներկայացման երեկոյին (19 սեպտեմբերի, 2006 թ.) նշենք, որ այս անգամ եւս 52-ամյա երաժիշտն ի հայտ բերեց իրեն բնորոշ մասշտաբային ընդգրկման հակումը. ծրագրում նշված էին Ա. Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը եւ Պ. Չայկովսկու թիվ մեկ Դաշնամուրի կոնցերտը (օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորական վահանակի մոտ էր Կ. Դուրգարյանը): Կոնցերտների ընտրությունը լավ համապատասխանում էր երեկոյի տոնական տրամադրությանը, ասենք, ինքըՙ մենակատարն էլ այդ տրամադրությունը լրացնում էր իր փայլուն, համարձակ մեկնաբանմամբ: Եվ միաժամանակ Փափազյանի անհատականության ծանոթ գծերին գումարվեցին նորերը, որոնցում ասես իմաստավորվում էին կենսափորձը, հիասթափություններն ու հույսերը:

Դաշնամուրի եւ նվագախմբի համար Արամ Խաչատրյանի գրած Ռե-բեմոլ մաժոր կոնցերտըՙ 33-ամյա կոմպոզիտորի այցեքարտը, կատարել են Հայաստանի բոլոր առաջատար դաշնակահարները: Փափազյանն այդ երեկո Խաչատրյանին ներկայացրեց որպես իր ժամանակի հանդեպ զգայուն երաժշտի, որի կողքին ստեղծագործել են Բելա Բարտոկը եւ Իգոր Ստրավինսկին, Սերգեյ Պրոկոֆեւը եւ Դմիտրի Շոստակովիչը:

Փափազյանի ինչպես միշտ հայեցակարգորեն ստուգված ընթերցումը բացահայտեց երեք մասերի թեմատիկ կապերը: Հետաքրքրական էր լսել կապը ռիթմի մակարդակով. բնորոշ ազգային, սուր, ռիթմիկ դարձվածքն անցնում է բոլոր մասերով, կոմպոզիտորի ինքնագրի նման: Առհասարակ դաշնակահարը Խաչատրյանի երաժշտության ռիթմիկ հենքի մեջ առանձնահատուկ նշանակալիություն էր դնում: Այդ հենքը թույլ տվեց ավելի լավ ուրվագծել հայ կոմպոզիտորի երաժշտության գրաֆիկ բնույթը. թեմաների յուրօրինակ գծապատկերը եզրամասերում կամ պահպանիչ ճարտասանությունը երկրորդ մասում: Եվ այդ երկրորդ մասում քրոմատիկ ակորդների շերտավորման հետ կապված միակ բարձրակետը Փափազյանն իմաստավորեց որպես Խաչատրյանի ամբողջ կոնցերտի էպիկենտրոն:

Ընդհանուր առմամբ այդ կոնցերտի մեկնաբանությունը կառուցված էր հնչուն-արձագանքվող գործոնի վրա, որն արդյունավետ է «Steinway» համերգային դաշնամուրի համար:

Պյոտր Չայկովսկու դաշնամուրի եւ նվագախմբի Սի-բեմոլ մինոր կոնցերտի մեկնաբանությունը կատարվեց ռուսական դպրոցի այն ավանդույթների համաձայն, երբ համատարած վիրտուոզության խրոխտությունը դուրս է մղվում դաշնամուրային տարատեսակ տեխնիկաների զուգորդմամբ (ավելացնենք, որ դա արդի ավանդույթ չէ): Մանր կամ խոշոր, ուլունքային կամ օկտավային-ակորդային, թեմատիկ կամ անցումային տիպի տեխնիկաներն Արթուր Փափազյանի ձեռքերով կոնկրետ գործառույթ ստացան:

Հայ դաշնակահարի հասուն մեկնաբանման մեջ հատկապես տպավորվեց երկրորդ մասի գունամատիտային հնչյունային ներկապնակը, թեեւ միասին վերցրած բոլոր մասերըՙ թե՛ խիստ եւ առնական առաջինը, թե՛ նպատակասլաց երրորդը նպաստեցին երաժշտության ընդհանուր հաղթանակին:

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4