Հայաստանում մեկնարկում են Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումները
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ
Ընդամենը մի քանի օրիցՙ սեպտեմբերի 30-ին Հանրապետության հրապարակում Շառլ Ազնավուրի եւ ընկերների համերգով կմեկնարկի Ֆրանսիայում Հայաստանի տարին: Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում նախատեսված միջոցառումներին երեկ լրագրողներին տեղեկացրին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա հանձնակատար, ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը: Արդեն մի քանի օր Ռուսաստանից լավագույն հնչողություն եւ լուսավորություն ապահովող սարքավորումները Հայաստանում են, ավարտին են մոտենում բեմի նախապատրաստական աշխատանքները: Շառլ Ազնավուրի նվերը Հայաստանի բոլոր քաղաքացիներինՙ անվճար բացօթյա համերգն է իր ընկերներ Միշել Լեգրանի, Էլեն Սեգարայի, Նանա Մուսկուրիի, Իզաբել Գուլեի, Դանի Բրիանի եւ Մին Ռենոյի հետ: Համերգը վարելու են Ժան Կլոդ Բրիալին եւ Լուսինե Թովմասյանը: Համերգի ավարտին Հայաստանի երկինքը հրավառվելու է Ֆրանսիայի Հանրապետության դրոշի գույներովՙ ի նշան երկու երկրների բարեկամության: Ինչպես տեղեկացրեց Վիգեն Սարգսյանը, Ամիրյան, Տիգրան Մեծի եւ Վազգեն Սարգսյանի փողոցներն այդ օրը բաց են լինելու հռչակավոր շանսոնիեի համերգի ունկնդիրների համար: Լինելու է 2 հազար տեղանոց պարտեր, նստատեղերի մի մասը տրամադրվելու է երկու երկրների պատվիրակությունների, դիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչներին: Կան նաեւ տոմսեր, բնականաբար, շատ բարձր գներով, սակայն Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ դրանք էլ բավական արագ սպառվում են:
Երեք մեծ էկրան է տեղադրվելու հրապարակում համերգը ցուցադրելու համար: Ի դեպ, միջոցառումն ուղիղ եթերում հեռարձակվելու է Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ:
Նույն օրն առավոտյան Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա-Բաղրամյան փողոցների խաչմերուկում տեղի է ունենալու Ֆրանսիայի հրապարակի բացման պաշտոնական արարողությունըՙ երկու հանրապետությունների նախագահների մասնակցությամբ:
Տարվա ընթացքում մշակութային բազմաթիվ ու բազմաբնույթ միջոցառումների կողքին նախատեսված են տնտեսական, գյուղատնտեսական ոլորտների ներկայացուցիչների հանդիպումներ, գործարար շփումներ: Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի 125 քաղաքներում կազմակերպվելու են 500-ից ավելի միջոցառումներ «Հայաստան, իմ բարեկամ» կարգախոսով:
Ինչպես տեղեկացրեց Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայում կկազմակերպվի ընդունելությունՙ նվիրված ՀՀ անկախության 15-ամյակին եւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա մեկնարկին: Նույն ամսին Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի նախագահների հովանու ներքո Ֆրանսիայում կկազմակերպվի տնտեսական կոնֆերանսՙ նվիրված ապակենտրոնացված համագործակցությանը: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարությամբ պատվիրակությունը կոնֆերանսում կքննարկի Հայաստանի եւ Ֆրանսիայի 23 քույր քաղաքների եւ շրջանների համագործակցության արդյունավետ տարբերակներ:
Նոյեմբերին Փարիզի առեւտրաարդյունաբերական պալատում կկազմակերպվի կոնֆերանս տնտեսական հարցերի վերաբերյալ, իսկ փետրվարին Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Փարիզի գյուղատնտեսական սալոնին, որն իր տեսակով ամենամեծն է աշխարհում: Տնտեսական ոլորտի միջոցառումները կշարունակվեն մարտինՙ տեղեկատվական տեխնոլոգիաներին նվիրված համաժողովում: Տարվա շրջանակներում երկու երկրների սահմանադրական դատարանների հովանու ներքո կկազմակերպվի կոնֆերանսՙ նվիրված Հայաստանի եւ Ֆրանսիայի իրավաբանական ժառանգությանը:
Լուվրում կկազմակերպվի «Սուրբ Հայաստան» խորագրով ցուցադրությունՙ Էջմիածնից, Մատենադարանից, պատմության թանգարանից, սփյուռքի գաղթօջախներից ներկայացված ընտրանիով: Ցուցադրվելու են նաեւ 40 խաչքարեր, ինչն իր տեսակով աննախադեպ միջոցառում է: Կլինի եկեղեցական վարագույրների եւ հոգեւորական հանդերձանքի ցուցադրություն Լիոնում: Տարվա ընթացքում հայ երաժշտությունը, կինոն, գեղանկարչությունը, լուսանկարչության արվեստը կներկայացվեն Ֆրանսիայի քաղաքներում: Հետաքրքրական ծրագրերից մեկն էլ Արեւմտյան Հայաստանում թողարկված եւ ուղարկված փոստային քարտերի հավաքածուի ցուցադրությունն է: Հազարավոր բացիկներ կներկայացվեն, որոնք ժամանակին ուղարկվել են հայերի այն հասցեներով, ուր այժմ այլեւս ոչ մի հայ չի ապրում: Հունվարի 15-ին Փարիզում առաջին անգամ կներկայացվեն երկու երկրների փոստերի թողարկած համատեղ դրոշմանիշները:
Տարվա ընթացքում հայ հազար երեխաներ կմեկնեն Ֆրանսիաՙ ծանոթանալու ֆրանսիական մշակույթին, կենցաղին: Դեսպան Նալբանդյանը համոզված է, որ այս կերպ մարդկային կապերի հարստացման, ամրապնդման հիմք է դրվում, ինչը երկու ժողովուրդների բարեկամության զարգացման գրավականն է: Միջոցառումների պաշտոնական փակումը տեղի կունենա 2007 թ. սեպտեմբերին: Փակման արարողությանը կկազմակերպվի համերգՙ նվիրված երկու ժողովուրդների հռչակավոր կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանին եւ Մորիս Ռավելին: Ողջ միջոցառումը կկազմվի կոմպոզիտորների հեղինակած «Սուսերով պարի» եւ «Բոլերոյի» հիման վրա:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ մի երկրում այլ պետության տարվա անցկացումն ամենաբարձր մակարդակով ընդգծում է պետությունների հարաբերությունների որակը: Դեսպան Նալբանդյանը տեղեկացրեց, որ չնայած Ֆրանսիայում Բրազիլիայի տարվա անցկացումից հետո որոշում էր ընդունվել այլեւս նման միջոցառում երկրում չիրականացնել, արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ վերանայել այդ որոշումը եւ ինչպես Հայաստանի տարվա, այնպես էլ հետագայում նմանատիպ այլ միջոցառումների անցկացման հնարավորություն ստեղծել: