«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2006-09-23 | #182, 2006-09-26 | #183, 2006-09-27


«ԵՎ ԱՆԳԱՄ ՄԱՀԻՑ ՀԵՏՈ» ՎԵՊՆ ԱՐԺԱՆԻ Է ԹԱՐԳՄԱՆՎԵԼՈՒ ՈՒ ՆԱԵՎ ՖԻԼՄ ԴԱՌՆԱԼՈՒ

Հանրապետության նախագահի այս տարվա մրցանակին արժանացած գրող եւ հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանի «Եվ անգամ մահից հետո» վեպի մասին գրվել են 20-ից ավելի գրախոսականներ Հայաստանում եւ սփյուռքում (նաեւ 2 հոդվածՙ մեր թերթում), ու թվում էր, թե ամենի ինչ ասված է գրքի մասին, սակայն Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում գործող «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի դահլիճում երեկ դարձյալ խոսվեց վեպի գեղարվեստական առանձնահատկությունների ու արժանիքների մասինՙ ինչին սիրով ունկնդիր եղան համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողները: Նրանց համար այս հանդիպումը կազմակերպել էր հանրապետության նախագահի ամենամյա մրցանակի հովանավոր «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Վեպը հրաշալի բնութագրող խոսքեր ասացին գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ԳԱ ակադեմիայի գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանը, գրականագետ Աելիտա Դոլուխանյանը, «Սփյուռք» կենտրոնի տնօրեն Սուրեն Դանիելյանը եւ ուրիշներ: Վեպի հերոսիՙ բանաստեղծ, բժիշկ Ռուբեն Սեւակի մեղեդային ու փոթորկոտ բանաստեղծություններից մի քանիսը կարդաց դերասանուհի Անահիտ Թոփչյանը:

Սուրեն Դանիելյանն իր խոսքում նշեց, որ մեր գրականության մեջ քիչ վեպեր են գրվել հայ արվեստագետների մասին, եւ Թոփչյանի վեպն առանձնահատուկ է նաեւ այդ առումով: Հեղինակը նրբորեն միահյուսել է Ռուբեն Սեւակ արվեստագետին ու մարդուն, խորաթափանց հայացքով զննել նրա հոգու ծալքերը, վեր հանել նրա պարզ ու ազնիվ էությունը: «Եվ անգամ մահից հետո» վեպը բանախոսները համարեցին Հայոց ցեղասպանության մասին գրված լավագույն գործերից մեկը, որն արժանի է թարգմանվելու տարբեր լեզուներով, ընդգրկվելու դպրոցական պարտադիր ընթերցանության գրքերի շարքում, նաեւ ֆիլմի վերածվելու:

Ու քանի որ իր վեպի մասին շատ է խոսվել ու գրվել, Ալեքսանդր Թոփչյանն իր խոսքը կառուցեց մեր իրականության քաղաքական համատեքստումՙ ամենից առաջ շեշտելով Հայաստանի անկախության 15-ամյակը շքեղ զորահանդեսով ու նպատակային քարոզչությամբ նշելու իրողությունը, ինչը, նրա գնահատմամբ, խոսում է մեր պետականության կայացման մասին: Անդրադառնալով հասարակության մեջ գրողի ունեցած տեղին ու դերին, նա չէր կարող շրջանցել մեր գրական կյանքում ստեղծված, իր խոսքով ասածՙ ավգյան ախոռին ու նիագարյան գրամոլությանը: Նա տեղին նկատեց, որ վերջին 15 տարիներին մեզանում քայքայվեց Խաչատուր Աբովյանից փոխանցված արժեքային այն համակարգը, որը հայ գրողին թելադրում ու պարտադրում էր ծառայել ժողովրդին, այլ ոչ իշխանավորներին: «Գրողների զգալի մասը սկսեց ծառայել իշխանավորներին, ազատության փոխարեն ընտրելով ինքնակամ ստրկությունը: Շատերը դա բացատրում են նյութական ծանր վիճակով, մոռանալով, որ Հակոբ Պարոնյանը իր անկախ վիճակը պահպանեց հաց ու սոխ ուտելով»:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4