ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Հայերս սիրում ենք հայտնագործություններ անել, որ մշտապես եւ գրեթե ամեն ինչում առաջինը լինենք աշխարհում: Նման հայտնագործության հեղինակ է Աշոտ Խաչատրյանը, որը 1992 թվականից հեղինակել է «Միսս եւ միստր» մանկական մրցույթ փառատոնի նախագիծը, որ այլեւս միջազգային է կոչվում եւ նույնիսկ հիմնադրամ է դարձել: Երեկ ներկայացնելով իր կազմակերպությունը «Երեւան» հյուրանոցի դահլիճներից մեկումՙ Ա. Խաչատրյանը նշեց, որ իր հեղինակային նախագիծը իրականություն է դարձել նաեւ Հարավային Աֆրիկայում` ընտրելով «Միսս եւ միստր Աֆրիկա»: «Ճանաչումն այնքան մեծ է, որ շատ պետություններ ճանաչեցին մեր հեղինակային իրավունքըՙ եւ մի շարք միջազգային կառույցներ ազգային գործակալության պաշտոնը վստահեցին ինձ», երեկ պատմեց նա լրագրողներին «Երեւան» հյուրանոցի սրահներից մեկում: Սա` իմիջիայլոց: Իրականում լրագրողներին հրավիրել էին տեղեկացնելու, որ Մարիամ Մելյան անունով մի օրիորդ պատրաստվում է Հայաստանը ներկայացնել եվրոպական գեղեցկության մի մրցույթի, որին մասնակցելու են 41 երկրների ներկայացուցչուհիներ:
Աշոտ Խաչատրյանը նաեւ հիշեցրեց, որ դեռ այս տարվա ամռանը Երեւանում տեղի էր ունեցել «Միսս Եվրոպա Ջունիոր Հայաստան-2006» նախընտրական փուլը, որին մասնակցել էին 168 սմ-ից բարձր եւ 15-20 տարեկան մոտ 40 աղջիկներ: Նրանցից հանձնաժողովն ընտրեց 19-ամյա Մարիամ Մելյանին, որ «Միսս տատու-2005» մրցույթի հաղթող է: Հոկտեմբերի 14-ին նա Պրահայում պայքարելու է «Միսս Ջունիոր Եվրոպա-2006» տիտղոսի համար: Մարիամը աչքի է ընկնում անգլերենի վարժ իմացությամբ (նա Վ. Բրյուսովի անվ. համալսարանի անգլերեն բաժնի ուսանողուհի է), անընդհատ ժպտալու կարողությամբ եւ հուզմունքը թաքցնելու վարժվածությամբ: Մարիամը պատմեց, որ մրցույթին պատրաստվելու համար մեկ ամիս շարունակ լողի, պարի եւ այլ մարզումների է մասնակցել եւ հավատում է, որ ուժերը կբավեն հավուր պատշաճի ներկայացնելու Հայաստանը: Եվ սա չնայած այն բանին, որ պարի 30 վայրկյան տեւող համարով ներկայացնելու է հնդկական պար: Թե ինչո՞ւ հնդկական եւ ոչ թե հայկական պար, Ա. Խաչատրյանը պատճառաբանեց, թե չկար մի խորեոգրաֆ, որ կարողանար 30 վայրկյանում հայկական կատակ-պար ներկայացնելու: Ինչեւէ, Մարիամն արդեն պատրաստվում է մեկնելու եւ «Ազգի» հարցին ի պատասխան ասում է, թե Հայաստանի մասին հարց լսելու դեպքում պատմելու է, թե որքան էլ հին ու տանջված ժողովուրդ ենք, ամեն դեպքում փորձում ենք մեր պատիվը բարձր պահել տարբեր բեմերում, լինել ուժեղ եւ միասնական, ճանաչված ողջ աշխարհում:
Այս նախագծին մասնակցելու համար կազմակերպիչ Աշոտ Խաչատրյանը հովանավոր չի գտել, բայց «մուրացկանությամբ էլ չեն զբաղվել»: «Ասեմ, որ ես կամակատար չեմ, զանգելով, ծանոթ -բարեկամ հայկական տարբերակները չեն եղել», Մարիամի ընտրությունը մեկնաբանեց նա: Իր հերթին ժյուրիի մշտական հանրապետական անդամ, քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը կարծիք հայտնեց, թե հմայքի մեջ կա կենդանություն, կյանք, ինտելեկտ, եւ գեղեցկուհիները զուտ դեկորացիա չեն: Ասել կուզի, Մարիամի մեջ հայաստանյան ժյուրին այս ամենը տեսել է: Թե ի՞նչ կգտնի եւ կտեսնի Մարիամի պահվածքում եւ խոսքում միջազգային ժյուրին, ցույց կտա նորին գերազանցություն ժամանակը: