«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2006-09-23 | #182, 2006-09-26 | #183, 2006-09-27


ԱՌՅՈՒԾԱՍԻՐՏ ԱՐՔԱՆ ԱՐՅՈՒՆՈՏ ՌԻՆԳՈՒՄ

Սեպտեմբերի 23-ին, ինչպես գրել էր «Ազգը» նախորդ համարում, գերմանական Վեցլար քաղաքի Ռիտտալ արենայում տեղի ունեցավ բռնցամարտի IBF վարկածով միջին քաշում պրոֆեսիոնալ բռնցամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ կոլումբիացի Էդիսոն Միրանդայի մրցապայքարը, որի արյունոտ հետագիծը առիթ կտա դեռ երկար վիճելՙ գոտու համար պայքարում զոհաբերության սահմանը որտե՞ղ է վերջանում:

«Շաբաթ օրը ես անպայման չեմպիոն պիտի լինեմ, հայտարարել էր ադամանդե խոշոր ականջօղով «Պանտերա» մականունն ունեցող 25-ամյա սեւամորթ Միրանդան, ում երկար ձեռքերը թրծվել էին փողոցային մարտերում, իսկ առանց ընտանիքի մեծանալը դաժանության անջնջելի կնիքն էր դրել դեմքին այնպես, որ նույնիսկ պրոֆեսիոնալ ռինգում հայտնվելու երջանկությունը մոռացնել չէր տվել անուրախ պատանությունը:

«Ես էլ ոսկե կոշիկների մեջ չեմ մեծացել», ասել էր ընտանեկան գուրգուրանքիցՙ հայրենիքից հեռու, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասում եղբոր հետ բնակվող Արթուր Աբրահամը, ով ժպիտն ու ինտելիգենտ խաղը ռինգում երբեք չի մոռանում, իսկ խաղի ավարտին փորձում է իր ազգի քաղաքական խնդիրներից խոսել:

26 մարտերում 26 հաղթանակ գրանցած Միրանդայի մյուս խաղերը չեմ տեսել, բայց շաբաթ օրվա Ռիտտալ արենայում կոլումբիացին աչքի ընկավ իր արյունարբու կամ «վայրագ» խաղով: Բառն իմը չէ, գերմանական առաջին ալիքիՙ ARD-ի մեկնաբանինն է, ում օգնությանն էլ կդիմեմ այս պատմական բնորոշումը ստացած ռինգային պայքարը վերապատմելիս:

16 խաղ առաջին ռաունդում հաղթած Միրանդան 4-րդ ռաունդում արդեն Աբրահամի հետ դժվարություն ուներ: Միգուցե դա էր պատճառը, որ կոլումբիացին 5-րդ ռաունդում գլխի կոպիտ հարված հասցրեց Աբրահամինՙ կրկնապատկելով ծնոտիՙ նախորդ ռաունդում ունեցած կոտրվածքների թիվը:

Սկզբում արյան մի քանի կաթիլ, որ ենթադրել չտվեց, թե ռինգը վերածվելու է արնագույն մարտադաշտի: Ապա մի տեսարան, որ գերմանացի լրագրողներին առիթ էր տալու տարակարծիք գնահատականներիՙ հերոսությո՞ւն, թե՞.. Արնածոր, կախ ծնոտով, անասելի, ահավոր ցավերի մեջ Աբրահամը մարտը շարունակեց 12 ռաունդ: «Այսպիսի բան ռինգի 25-ամյա պատմության մեջ չենք հիշում», կարծիք հայտնեցին գերմանական ARD-ի եթերից բռնցքամարտի մասնագետներՙ շեշտելով Աբրահամի կամքը: Հայ մարզիկըՙ անսալով մարզիչ Ուլլի Վեգների հորդորին (շատերի կարծիքով էլՙ քաջալերանքին) ոչ միայն չլքեց ռինգը, այլ 12-րդ ռաունդում միաձայն (114:109, 115:109, 116:109) հաղթանակ տարավ: Հաղթանակ, որը ստանալու ճանապարհին զոհաբերության գինը կարող էր էլ ավելի թանկ լինել: Ռինգի բժիշկ Վալտեր Վագները դրամատիկ իրադրության մասին այսպիսի բան է պատմում. «Արթուրն ասաց, թե կդադարեցնի մարտն այն ժամանակ, երբ հստակ լինի իր հաղթանակը»: Բայց բազմաթիվ հեռուստադիտողներ պնդում են, թե իրենց ուշադրությունից չի վրիպել Աբրահամիՙ մարզիչին ուղղված շշուկը, թե էլ չի կարող: Ուլլի Վեգները, ինչպես նկատել էր «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայտունգը», շատ լավ պատկերացնելով, թե վտանգը որքան մեծ կարող է լինել, իր սանին ասել էրՙ «Ոչինչ էլ չունես, մի ձեւացրու»:

Միրանդան 5 միավոր կորցրեց կանոնները խախտելու համարՙ 5-րդ ռաունդում գլխի դիտմամբ հարվածը նրանից 2 միավոր խլեց, իսկ գոտկատեղից ներքեւ հարվածներն էլ 3 միավորի կորուստ գրանցեցին: Հոլիվուդում ապրող Միրանդայի մենեջեր Լեոն Մարգուլեսը, ըստ «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայտունգի», Աբրահամի մենեջերներին քննադատել էրՙ ասելով երիտասարդ չեմպիոնին զոհաբերեցինՙ «նա էլ երբեք նույնը չի լինի»: Այլ աղբյուրներ էլ հաղորդում են, թե Մարգուլեսն իր դժգոհությունն է հայտնել խաղը շարունակելու վճռի վերաբերյալ, ասելովՙ դուք ավերեցիք երիտասարդ չեմպիոնի կարիերան:Միրանդայի մենեջերները հույս էին փայփայում, թե խաղը չի շարունակվի, եւ տեխնիկական գործակցի (K.o) առավելությամբ Միրանդան հաղթող կճանաչվի:

«Ռոքքի» ֆիլմի սիրահարների համար Վեցլարի գիշերը տոնական կարող էր նկատվել, գրում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնեն»ՙ հոդվածը «Սարսռազդու ֆիլմի եւ հերոսական էպոսի միջեւ» վերնագրելով:

«Արթուր արքան Մուհհամադ Ալիից ավելի պինդ է», միլիոնավոր այցելուներ էլ այսպիսի կարծիք կարդացին գերմանական թ-օնլայն լրահոսքում, որը հիշեցնում էր, թե 1973-ին լեգենդար Ալին էլ կոտրել էր ծնոտըՙ Քեն Նորտոնի դեմ մրցամարտում:

«Թզուկի գլխարկը թագով փոխարինած 26-ամյա Աբրահամին թագը հիմա անշուշտ ավելի է սազում», բազմիցս կրկնեց ARD-ի հաղորդավարըՙ անընդհատ շեշտելով վերջերս ԳԴՀ քաղաքացիություն ստացած հայազգի բռնցքամարտիկի ինտելիգենտ խաղը: «Նա առյուծի սիրտ ունի», դարձյալ ARD-ի եթերից իր հարգանքը Աբրահամի հանդեպ հայտնեց մրցամարտի դատավորը: Մենեջեր Վիլֆրիդ Զաուերլանդն էլ շտապեց հավելել, թե մրցամարտը ուղիղ եթերով հեռասփռել են նաեւ ԱՄՆ-ում, եւ ամերիկացի մեկնաբաններն էլ տպավորված են եղել Աբրահամի խաղից:

Խաղի ավարտից անմիջապես հետոՙ սեպտեմբերի 24-ին ժամը 1-ն անց էր, երբ Աբրահամը հապճեպ վիրահատության ենթարկվեց: Նրա ծնոտի մեջ տիտանե երկու թիթեղ, 22 պտուտագամեր են տեղադրել: Առաջին կոտրվածքը ամրացվել է տիտանե թիթեղով, վերեւից եւ ներքեւից 6-ական պտուտակագամերով, իսկ երկրորդըՙ տիտանե թիթեղով եւ 10 պտուտակագամերով: Արթուրը վիրահատվել է Զիիգենի ավետարանական հիվանդանոցում: Վիրահատությունը կատարել է դոկտոր պրոֆեսոր Հելլը, ով շաբաթ օրը պատահաբար նստած է եղել Վեցլարի ռինգում եւ մարտից հետո անհրաժեշտ օգնություն է ցույց տվել: Վիրահատությունը 3 ժամ է տեւել, մի քանի ժամ անց Արթուրին տեղափոխել են սովորական հիվանդների համար նախատեսված մի հիվանդասենյակ: Լրատվամիջոցների հաղորդմամբ, ի հեճուկս բարդագույն վիրահատության, IBF վարկածով աշխարհի հայազգի չեմպիոնից գանգատ չես լսի: «Ինձ լավ եմ զգում, լավ քնել եմ: Հույս ունեմ, որ շաբաթավերջին տուն կգնամ», ասել է Աբրահամը «Բիլդ» թերթին: Աբրահամն իր կայքէջում շնորհակալություն հայտնելով աշխարհի տարբեր երկրների իր երկրպագուներին խոստանում է հետայսու էլ անել հնարավորը:

«Երբեք մի վհատվեք, կյանքը շարունակվում է,վստահ եղեք, որ ուժեղ կլինեք», գրում է նաՙ հավելելով. «շնորհակալ եմ իմ մարզչից, ով ինձ ուժ տվեց, երբ թույլ էի: Այսպիսի մարզիչ երկրորդ անգամ էլ չի լինի»:

Ամեն ինչ կարող էր ավելի վատ լինել, գերմանական hr հեռուստաալիքի եթերից ասաց հիվանդասենյակից դուրս եկած մենեջեր Զաուերլանդը, հավելելովՙ 6 ամիս հետո նա նորից կարող է վիճարկել իր տիտղոսը:

Առաջին 4 շաբաթներին Աբրահամը ստիպված է սնվել միայն հեղուկ սննդանյութով, կարդում ենք ինտերնետային լրատվության մեջ, ուր բացակայում է, մեր կարծիքով, ամենակարեւոր սնուցման աղբյուրը: ARD-ն Աբրահամի մասին պատմող փոքրիկ ֆիլմում բացահայտեց հայազգի մարզիկի ուժի աղբյուրը. սպիտակ թղթին նա Արարատն էր նկարում, լեռ, որից ուժ է առնում երկրպագուների թիվը մարտից մարտ կրկնապատկող երեւանցի Արթուր Աբրահամը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Ի դեպ, Արթուր Աբրահամի ստորագրությամբ բոքսի պարագաները (գլխարկ, ձեռնոց, կանանց ու տղամարդկանց սպորտային վերնահագուստ, բանալու կախիչներ) սկսել են ավելի մեծ հետաքրքրություն արթնացնել: Իսկ աճուրդի դրված անձնական ավտոմեքենանՙ Մերսեդես 450-ը եւ վերջինՙ արյունոտ մարտաձեռնոցները, ասում են, բազմապատկելու են հավանական գնորդների թիվը: Վաճառքից ստացված գումարները Արթուր Աբրահամը քաղցկեղով հիվանդ մանուկների բուժմանն է տրամադրում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4