«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2006-09-23 | #182, 2006-09-26 | #183, 2006-09-27


ԱԴՐԲԵՋԱՆԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՄԵՋ Է

Ադրբեջանի հավաքականը հնարավոր է հրաժարվի հոկտեմբերի 7-ին եւ 11-ին Պորտուգալիայի եւ Բելգիայի հավաքականների հետ Եվրո-2008-ի արտագնա ընտրական մրցախաղերից: Պատճառը ֆինանսական միջոցների բացակայությունն է: Այդ մասին Բաքվի «Էխո» թերթին հայտնել է Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ֆուադ Ասադովը: Ըստ նրա, հատուկ ծրագրերի իրականացման համար ՈւԵՖԱ-ի հատկացրած ողջ գումարը եւս ուղղվել է հավաքականի կարիքների համար: «Ֆուտբոլի ֆեդերացիայի համաժողովում ընդունված բյուջեով մեր հովանավոր Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը պետք է այս տարի 4 մլն նոր մանաթ (մոտ 4,5 մլն դոլար) տրամադրեր: Թեեւ այդ մասին բազմիցս գրավոր եւ բանավոր տեղեկացվել է ընկերության ղեկավարությանը, սակայն մինչ օրս ոչ մի մանաթ չի փոխանցվել ֆեդերացիայի բանկային հաշվին: Չարտերային չվերթով Պորտուգալիա եւ Բելգիա մեկնելու համար մեզ 150 հազար դոլար է անհրաժեշտ: Ուստի որոշել ենք ողջ Եվրոպայով փնտրել ավիաընկերություններ, որոնք մեզ էժան գներով կհասցնեն մրցախաղերի: Այդ իսկ պատճառով մնում է խաղերի մեկնել սովորական չվերթերով բավական հոգնատանջ Բաքու-Ստամբուլ-Լիսաբոն-Պորտո-Լիսաբոն-Բրյուսել-Ստամբուլ-Բաքու ուղերթով: Պետք է հաշվի առնել, որ նման երկարատեւ ու հոգնատանջ ուղեւորությունը չի կարող ֆիզիկապես ու հոգեպես չթուլացնել ֆուտբոլիստներին», նշել է Ասադովը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4