Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Ստեփանավանի քաղաքային համայնքին նվիրեց հերթական «Փոքր դաշտը»: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ ՈՒԵՖԱ-ի համատեղ ծրագիրը, որն ուղղված է մասսայական ֆուտբոլի զարգացմանը, արդեն երկու տարի հաջողությամբ գործում է Երեւանում եւ Հայաստանի մարզերում: Այսօր արդեն ողջ հանրապետությունում տեղադրված է 30 արհեստական խոտածածկով փոքր խաղադաշտ, որը մեծապես կարող է նպաստել մասսայական ֆուտբոլի զարգացմանը: Խաղադաշտերը տեղադրված են Երեւանի բոլոր համայնքներում, Լոռվա, Տավուշի, Վայքի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում եւ այդ գործընթացը շարունակվում է: Առաջիկայում բոլոր տեղադրված խաղադաշտերը ՀՖՖ-ի կողմից որպես նվեր պաշտոնապես կհանձնվեն տեղական ինքնակառավարման մարմիններին:
Ստեփանավանում կայացած հանդիպմանը, որին մասնակցում էին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, Ստեփանավանի քաղաքապետը, ֆուտբոլային դպրոցների պատանի ֆուտբոլիստներ, մարզիչներ, հարյուրավոր ստեփանավանցիներ, ՀՖՖ նախագահը հայտարարեց, որ առաջիկայում Ստեփանավանում կտեղադրվի եւս մեկ խաղադաշտ, իսկ Հայաստանի մյուս մարզերում խաղադաշտերի տեղադրումը կշարունակվի, ինչը մեծապես կօգնի մասսայական ֆուտբոլի կայացմանը, բակային ֆուտբոլի վերականգնմանը, որն էլ իր հերթին կնպաստի պրոֆեսիոնալ ֆուտբոլի առաջխաղացմանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ